Ադրբեջանական զինուժի քայլը պարզապես ստոր, բարբարոսական և չար մի արարք է, որովհետև այս ամենն արվում է Զատիկի նախօրեին: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից հայկական բնակավայրերի արկակոծմանը, որոնք անցած գիշեր և այսօր առավոտյան եղել են շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին:
«Մի քանի տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտն առաջարկել էր, որպեսզի տոնական օրերին՝ ազգային, կրոնական, միջազգային, զինադադարի ռեժիմը չխախտվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դա դրական են ընդունել և բոլորովին վերջերս նման կոչով հանդես են եկել»,- ասաց Դավիթ Բաբայանը։
«Բայց մենք գործ ունենք աննորմալ, ահաբեկչական պետության հետ: Այս պետության կողմից իրականացվող ահաբեկչությունը նման է նրան, ինչ կատարել են ահաբեկիչները Բրյուսելում, Փարիզում և այլ տեղերում: Եվ միջազգային հանրությունը, հատկապես այս գործընթացների ներքո, պետք է վերջապես վճռական կեցվածք որդեգրի և ագրեսորին սանձազերծի»,– ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ այս անգամ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ, Դավիթ Բաբայանն ասաց, թե հակառակորդը յուրովի է «շնորհավորում» Զատկի տոնը:
«Նրանց այս պահվածքը ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք. Մարդիկ, ովքեր կարծում են, թե նման պետության հետ միակողմանի լուծումների գնալ և հարց կարգավորել, պետք է ևս մեկ անգամ շատ լավ պատկերացնեն, թե ում հետ մենք գործ ունենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:
«Այս պահվածքով Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչն է ոտնահարում, իրենց վիրավորում են, ապտակ են հասցնում: Անհրաժեշտ է, որ համանախագահներն այս ամենին կտրուկ արձագանքեն: Մենք մեր կողմից, իհարկե, պաշտպանելու ենք մեր երկիրը, խաղաղությունն ու կայունությունը, բայց հակառակորդին զսպելու մի լավ տարբերակ կա, նա միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք և միշտ այդպես է լինելու»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: