Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, ասաց, որ բանակցություններ որպես այդպիսին չկան: Նա նկատեց, որ վերջին օրերին սահմանային իրավիճակների լարումով Ադրբեջանը ցույց է տալիս, ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի երկրների ղեկավարների հանդիպում չի կարող կայանալ:
«Ադրբեջանը որոշել է, որ բանակցային սեղանին չի վերադառնալու, եթե չլինի իր համար ֆորսմաժորային իրավիճակ: Որևէ հիմք չունենք ասելու, թե սահմանային լարվածությունը պակասելու է, սա հակամարտություն է, որը վերջին երեք տարվա ընթացքում աճի տենդեցն է ցույց տալիս»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը տեսել է, որ սահմանային ակտիվացումը օգնում է շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից և համոզվել են, որ այս մարտավարությունը պետք է շարունակել:
«Վերջին օրերին Ադրբեջանի հայտնած զոհերի անուններ ցույց են տալիս, որ իրենք առաջնագիծ են բերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,-ասաց նա:
Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանին մաքսիմալ զգոնություն է հարկավոր, հարկավոր են զսպելու մեխանիզմներ մշակել, որոնք այս պահին հայկական զինված ուժերն են իրականացնում: Նրա գնահատմամբ՝ հակամարտությունը դեռ շարունակվելու է. քաղաքագետը կարևորեց ՀՀ Նախագահի այն դիտարկումը, որ այս հակամարտությունը ժառանգել են սերունդները:
Ինչ վերաբերում է միջազգային ճնշմանը, ապա այն ասաց, որ այն չի աշխատում, իսկ նախկինում աշխատում էր: Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատեց, որ նախկինում համանախագահները նաև համաձայնեցնում էին իրենց քաղաքականությունը, իսկ այսօր՝ ոչ։
«Նախկինում կար համատեղ մարտավարություն մշակելու, տարածաշրջանում անվտանգություն ապահովելու միտում, իսկ այսօր դա չի աշխատում»,-ասաց նա և նշեց, որ չկա միասնական պահանջ, և Արցախյան հարցը պարզապես օրակարգում պարտադիր մի կետ է, որի մասին խոսվում է և վերջ:
«Միջազգային զսպման գործոնը չի աշխատում, խաղաղասիրական կոչեր կան միայն, որոնք առաջ չեն գնում»,-ասաց նա և նշեց, որ անգամ հետախուզության մեխանիզմներ չեն կարողանում ներդնել: