«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որ լրագրողների հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնում է Արցախ, ասաց, թե եկել է ասելու, որ գնում է, որպեսզի իր ընկերներն իրեն բացակա չդնեն:
Խոսելով շփման գծում իրադարձությունների մասին, Մանվել Եղիազարյանն ասաց, թե Ադրբեջանի ավանտյուրան կատարվում է Թուրքիայի դրդմամբ: «Քանի որ Ալիևը մեծ գումարներ է ծախսել բանակի անվան տակ, նա հիմա այս պատերազմը հրահրել է, որպեսզի, այսպես ասած, ջրի իր ծախսած գումարները»,- ասաց ազատամարտիկը:
Նա նշեց, թե իր կարծիքով այս պահին հարկավոր է ճանաչել Արցախի անկախությունը, հայտարարել տոտալ մոբիլիզացիա:
«Մենք պարտավոր ենք իրենց հետ խոսել այն լեզվով, ինչ լեզվով, որ իրենք են խոսում մեզ հետ, այն է՝ պատերազմ: Ինչպես հայր Ալիևն էր խնդրում, որ զինադադար կնքենք, այդպես էլ որդի Ալիևն է խնդրելու զինադադար կնքել: Ադրբեջանը երբեք մեզ համար վտանգ լինել չի կարող, պարզապես մենք հիմա պարտավոր ենք բռունցք լինել»,- ասաց Մանվել Եղիազարյանը:
Նա նշեց, թե այս գործողությունները հնարավոր է մի երկու օրից դադարեն, միաժամանակ հավելելով, թե կարծում է, որ մի քանի ամիս անց կլինի շարունակությունն այս ամենի: «Սա Ադրբեջանի կողմից հետախուզական կռիվ էր: Մենք այնքան ենք հանդուրժել օտարի հալածանքները, որ հիմա է՛լ հանդուրժելու ոչինչ չունենք»,- եզրափակեց նա: