Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնքները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների:
«Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում, կիրակի օրը` Բրյուսելում: Արդեն եղավ Հունաստանում ու Լոնդոնում: Գործընթացը շարունակվում է: Հիմնականում բողոքի ցույցերն անցկացվելու են տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ: Պահանջն այն է, որ առաջին հերթին խաղաղ գործողությունները կասեցվեն, ահաբեկչական գործողություններին վերջ տրվի: Ինչպես նաև հարգել ձեռքբերված պայմանավորվածությունները, միջազգային իրավունքները»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ գործի են դրվել Հայ դատի բոլոր գրասենյակները և ակտիվ աշխատանք է տարվում քաղաքական հարթությունում, տարբեր երկրների կառույցներում: «Մեր նպատակն է, որ մատնացույց արվի Ադրբեջանը: Հիմնականում երկու կողմերին զսպվածության կոչ են անում, որը ճիշտ չէ, ուղղակի պետք է թիրախավորել Ադրբեջանին, որն ագրեսոր է ու ինքն է նախահարձակը: Մենք հաղթանակած կողմն ենք, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հարկ եղավ, բնական է, որ պետք է մեզ պաշտպանենք»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Հայ երիտասարդները բողոքել են Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: