Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամիսներ տևած պատերազմը երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ ավերիչ և մահաբեր է դարձել, և բռնությունը սպառնում է տարածվել դեպի Թուրքիայի արևմուտք։ Ընդհանուր պատկերն այն է, որ ՔԱԿ-ը չի կարող ռազմական ճանապարհով ոչնչացվել, իսկ բանակցային կարգավորում մոտ ապագայում չի կանխատեսվում, գրում է Al-Monitor-ի սյունակագիր Քադրի Գուրսելը։
Թուրքիան փորձում է կառավարել ճգնաժամը, որն ավելի ու ավելի է խորանում և դժվար է դառնում վերահսկման համար, գրում է նա: Անվտանգության ուժերի շարքերում գրանցված զոհերի թիվը միայն ճգնաժամի մի կողմն է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հուլիսից ի վեր անվտանգության ուժերում զոհերի թիվը գերազանցել է 420-ը։
Ինչպես նշում է հեղինակը, իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է Էրդողանի համար։ Դեռ իր նախընտրական արշավի ժամանակ Էրդողանը և իր կուսակցությունն օգտագործում էին այդ խնդիրը՝ համոզելով իրենց ընտրողներին, որ նրանք միակն են, ովքեր կարող են հաղթահարել քրդերի կողմից ահաբեկչական վտանգը։ Բայց այժմ Էրդողանը տեսնում է, որ նա չի կարողանում իրականացնել իր խոստումը։
Եթե Թուրքիան ռազմական լուծումը փորձի հասցնել մինչ վերջ՝ ամբողջովին ճնշելով քրդերին, արդյունքները կարող են չափազանց վտանգավոր լինել՝ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ, կմեծանա ահաբեկչությունը թուրքական խոշոր արևմտյան քաղաքներում, տեղահանված քրդերի թիվը կարող է գերազանցել միլիոնը, և մեծապես կտուժի երկրի տնտեսությունը։ Այս պատերազմը կարող է նաև տարածվել մինչև Սիրիա և Իրաք։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը մեծ աջակցություն ունի բոլոր երկրներում, որտեղ ապրում են քրդերը, բացի այդ՝ նա լավ կազմակերպված է և հարաբերություններ է պահպանում խոշոր գերտերությունների հետ։
Ներկայում անհնարին է թվում նաև քաղաքական լուծումը։ Էրդողանի համար այժմ անհնար է վարել բացահայտ կամ ոչ բացահայտ բանակցություններ քրդերի հետ։ Էրդողանը չի կարող համաձայնություն ձեռք բերել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ՝ առանց վտանգելով ազգայնական ձայները, որոնց կարիքը նա այդքան ունի։
Այս պատճառներով՝ պետք է ընդունել իրականությունը, որ Թուրքիան շարունակելու է ապրել մեծ վտանգներով քաղաքացիական պատերազմի միջավայրում։ «Էրդողանն օգտագործում է ՔԱԿ-ի դեմ իր պատերազմը որպես իր նախագահական օրակարգի համար գործիք՝ երկիրը հասցնելով ճգնաժամի եզրին։ Հրատապ է խզել պատերազմի և նրա նախագահական օրակարգի կապը, բայց Էրդողանն ինքն այդ նպատակի գլխավոր խոչընդոտն է մնում»,- եզրափակում է հոդվածագիրը: