Գերմանիա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերին, որի հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Տարբեր հարցերի քննարկման շրջանակում Նախագահը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին։
Այս հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում տարվում են արդեն 2 տասնյակ, նշել է լրագրողը և հետաքրքրվել`արդյոք դեռ հույս մնացե՞լ է այդ ձևաչափի հանդեպ, թե՞ նոր մոտեցման անհրաժեշտություն կա, ի՞նչ դեր կարող է կատարել Գերմանիան, Եվրամիությունը։
«Ես կարծում եմ, որ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս տարիների ընթացքում ոչ մի արդյունք չի եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ խմբում ներկայացված են երկրներ, որոնք ունեն բավականաչափ միջոցներ և հնարավորություններ` ԼՂ-ում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար։
ՀՀ Նախագահը նշել է, որ ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նա այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում։ Այդ կազմակերպությունը գործիքների մեծ հավաքածու ունի, և Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նա կարող է օգտվել դրանցից շատ արդյունավետ կերպով։ Եվ բացի այդ, Գերմանիան Մինսկի խմբի անդամ է:
Լրագրողը հիշատակել է Գերմանիայի կանցլերի գերատեսչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Նախագահի հնչեցրած կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում, և որ նա նման ցանկությունն օրինական է համարում, սակայն Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանն այդպես էլ չի ճանաչել, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ «դա փոխզիջում է մեր կողմից»։
«Եթե Հայաստանն այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, ապա դա կնշանակի մեր հրաժարականն այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններից: Եթե մենք ընդունենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ մասին տանել բանակցություններ: Դա, ի դեպ, նաև պատասախանն է այն նախորդ հարցին` ինչ ենք մենք անում հակամարտության սրման կանխման համար։ Մենք չենք ճանաչում ԼՂ անկախությունը` իրավիճակը լրացուցիչ չբարդացնելու համար»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։