ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ պատերազմը չի ավարտվել և ամեն ինչ կարելի է սպասել Ադրբեջանից, ամեն մի ստոր ու նենգ քայլ:
«Տարիներ շարունակ բոլորս ասում էինք, որ խնդիրը, որ կա Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև, պետք է, անպայման, քաղաքական լուծում ստանա, բայց միջազգային հանրությունը չօժանդակեց, ճիշտ հակառակը՝ ջուր լցրեց ագրեսորի ջրաղացին»,-ասաց նա և նշեց, թե կարգավորման երեք սկզբունքներից մեկը ուժի չկիրառման մասին դրույթն է, որն անընդհատ՝ ամենաբարձր մակարդակներով Ադրբեջանը խախտել է այս տարիների ընթացքում, և Մինսկի խումբը չկարողացավ սանձել:
Գագիկ Մինասյանը նշեց, թե ինչու հենց այս ժամանակ Ադրբեջանն սկսեց պատերազմական գործողությունը: «Ադրբեջանը վաղ թե ուշ այդպիսի քայլին գնալու էր, քանի որ պարզ էր՝ կուտակում էր հարձակվողական զենք, որն իր պայմանավորվածության համաձայն՝ չպետք է կիրառել ղարաբաղյան ճակատում»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ կան տեսակետներ, թե Ադրբեջանին այդ քայլին դրդել է Թուրքիան՝ ՌԴ-ի համար ստեղծելով ծանր իրավիճակ հարավային Կովկասում: Չբացառելով այս տեսակետը՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ հակված չի մտածել այդպես, քանի որ եթե ունենար նման նպատակ, չափազանց անհաջող ժամանակ էր և տրամաբանական կլիներ այդ քայլին գնալը, երբ ՌԴ-ն ակտիվ ռազմական գործողություներ էր իրականացնում Սիրիայում, և եթե նոր կոնֆլիկտ լիներ, ապա դա կբխեր Թուրքիայի շահերից:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ԱՄՆ-ից սպասելիքներ ուներ, որոնք չիրականացան, երբ դրվեց համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ մեխանիզմների կիրառմանը:
«Այս թեմաներով է խոսակցություն ունեցել ԱՄՆ-ում, որից հետո պատերազմական գործողություների սկսման հրաման է տվել Ալիևը»,-ասաց նա և հավելեց, թե իհարկե ծրագիրը վաղուց կար և զինուժը սահմանին կանգնած էր, քանի որ այդ բլից-կրիգի համար միանգամից մեկ օրում հնարավոր չէր այդքան զենք հավաքել:
Ռուսաստանի իմացությամբ հարձակման գնալու որոշումը Մինասյանը բացառեց: «Գործողությունները ցույց տվեցին, որ հայկական ուժերը, բանակի հասարակությունը, քաղաքական ուժերը, ինչպես գործնականում բոլոր հարցերի նկատմամբ տարբեր տեսակետներ ունեն, բայց մի հարց կա, որ մի կողմ են դնում ու միավորում են, դա մեր պետական գերակա շահն է»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչ այլընտրանք ունի Ադրբեջանը, Գագիկ Մինասյանը նշեց, որ եթե ժողովրդավարական երկիր լիներ, ապա նման ձախողումից հետո պետք է Ալիևը հեռանար պաշտոնից, բայց քանի որ այդպիսին չէ, ըստ նրա տեղի կունենա ճիշտ հակառակը: «Կփորձի գտնել հարմար պահ և անցնի ռևանշի և դրա համար պետք է համալրի այն կորուստները զինատեսակների, որ կրեց պատերազմի ընթացում և նորը ձեռք բերի»,-ասաց նա:
Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե պետք է արգելվի ագրեսորին հարձակվողական զենք վաճառելը, կամ այն երկրները, որոնք կվաճառեն՝ մեղսակից կլինեն դրան։
Պատգամավորը հավելեց, թե հայությունը պետք է հասկանա, որ «մեր ոգին շատ բարձր է, բայց միայն ոգով պայքարելն ամենաարդյունավետ ճանապարհը չէ»։ Նրա խոսքով՝ պետք է մոբիլիզացիա անել ՀՀ-ի և սփյուռքի հետ միասնական: