Երեկվանից դատաբժշկական հետազոտություն է ընթանում ` պարզելու համար, թե հայկական կողմին հանձնված 18 զոհերի մարմինները կենդանությա՞ն օրոք են ենթարկվել խոշտանգումների, թե նրանց մարմիններն այլանդակվել են սպանությունից հետո:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարությանը կից գերիների և անհայտ կորածների հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:
«Եվ կախված դրանից`հետագա քայլերը կհաջորդեն»,- ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։
Նշենք նաև, որ այն արգելված է 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջներով:
Ասվել էր, որ ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն։