Ապրիլյան էս օրերին քաղաքական գործիչները մի տեսակ քիչ են խոսում։ Ինչը սկզբում բնական էր գուցե՝ երբ թնդանոթները խոսում են, մենակ մուսաները չէ, որ լռում են։ Բայց թնդանոթները լռեցին արդեն։ Եկել ա խոսելու ժամանակը։
Շաբաթ օրը տեղի ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ առաջինիս նախաձեռնությամբ։ Նախագահականի կարճ հաղորդագրությունն ասում էր՝ «Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»։ Առայժմ ուրիշ տեղեկատվություն չկա հանդիպման մասին, փոխարենը քչություն չեն անում ֆեյսբուքյան արձագանքները։ Կան ֆեյսբուքցիներ, որ ոգեւորված են հանդիպման փաստով, կան որ՝ ընդհակառակը։ Ես ինքս դրական ակնկալիք ունեմ էս հանդիպումից։ Եվ իմ ակնկալիքը բնավ չի համընկնում նրանց ակնկալիքի հետ, որոնց գրածը մոտավորապես հանգում ա սրան՝ «Լեւոնը կասի՝ հիմա տեսա՞ր, Սերժ, որ ճիշտը ես էի։ Դեռ 20 տարի առաջ էի պնդում, որ լրջանալու պահը եկել ա»։ Հարգելով Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին, ես չեմ մտածում, թե էս վճռորոշ պահին խոսակցության առանցք կարող ա լինել դա՝ «ես էի ճիշտ» պնդումը։
Կարծեմ հասկացաք, որ խոսքը վերաբերում ա հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» տեքստին, մասնավորապես դրա առանցքային էն դրույթին, որն ասում էր՝ ադրբեջանցիների հետ հաշտություն կնքելու լավագույն պահն ա հիմա, քանի որ ժամանակը մեր դեմ ա աշխատում՝ Հայաստանը շրջափակման պայմաններում գնալով թուլանալու ա, իսկ Ադրբեջանը՝ ուժեղանալու։ Եթե անգամ էս պնդումը 100 տոկոս ճիշտ լիներ էն ժամանակ երբ ասվում էր՝ 1997 թվին, չի կարող 20 տարի առաջ ասվածը ինքնաբերաբար ճիշտ լինել 20 տարի անց՝ 2016 թվին, երբ իրողությունները լրիվ փոխված են։ Ժամանակն էսօր ոչ թե Բաքվի օգտին, այլ ճիշտ հակառակը՝ Բաքվի դեմ ա աշխատում, քանի որ ադրբեջանական նավթի պաշարները մոտ ապագայում սպառվելու են, իսկ միջազգային շուկայում նավթի գների կտրուկ անկման հետեւանքով նաեւ դրանից եկող եկամուտներն են կտրուկ նվազել եւ էդ պրոցեսը շարունակվելու ա։ Իսկ Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը, ի վերջո նաեւ բանակը, նավթի եկամուտների վրա են հենվում։
Բայց Ադրբեջանն էսօր իհարկե շատ ուժեղ ա, դեռ չի թուլացել, թուլացումը վաղն ա ակնկալվում։ Ու քանի որ Ադրբեջանը շատ ուժեղ ա դեռ, ոչ մի զիջման էլ չի գնա, մեզանից պահանջելու ա կապիտուլյացիա։ Ու մեր զիջումներն էլ, եթե հանկարծ անենք, ընկալելու ա որպես մեր վախի նշան եւ ավելի համարձակ ա դառնալու, ավելի վտանգավոր։
Ուրեմն անցյալի ճիշտն ու սխալը թողնենք անցյալին եւ մտածենք էսօրվա ճիշտ ու սխալի մասին, էսօր 2016 թվի ապրիլն ա։ Էս տարին սովորականի պես էր սկսվել, բայց ապրիլը հանկարծ պայթեց։ Ապրիլյան էս պայթյունի մեջ մահ կա ու ողբերգություն, բայց նաեւ կենսական լիցք կա՝ մենք հանկարծ փոխվեցինք բոլորս, ինքներս մեր աչքերում փոխվեցինք։ Էն ահավոր նեգատիվ էներգիան, որ կուտակվել էր Հայաստանում, խեղդում էր բոլորիս, հանկարծ ցնդեց մեկ էլ, ու հիմա օդի մեջ լրիվ ուրիշ բան կա՝ նորի սպասում, գործելու վճռականություն։ Հայաստանը նավթ չունի, Հայաստանի ռեսուրսը մարդիկ են՝ ակտիվ, վճռական մարդիկ, ու էդ ռեսուրսը մեկ էլ մեջ աչքի առաջ տասնապատկվեց, հարյուրապատկվեց։
Մենք չպետք ա մսխենք էս ռեսուրսը, մենք պետք ա օգտագործենք էս շանսը՝ կտրուկ փոփոխություններ կատարելու մեր պետության մեջ։ Որ մեր երկրում փոփոխություններ են պետք, որ առանց դրա Հայաստանը չի զարգանում, էդ վաղուց գիտեինք բոլորս, բայց հիմա խնդիրը արդեն նույնիսկ զարգանալ չզարգանալը չի միայն, այլ լինել չլինելը։ Փոփոխությունների հարցն էսօր կենաց մահու հարց ա, մեր անվտանգության հարցը։ Վստահ եմ՝ սա հստակ հասկանում են քաղաքական գործիչները։
Վատն էն ա, որ քաղաքականության մեջ նույնպես, ոնց որ ամենուր, գործում ա իներցիայի օրենքը։ Դրա համար էլ խոսքս ուղղում եմ Հայաստահի քաղաքական գործիչներին՝ եկեք անցյալի ճիշտն ու սխալը, անցյալի դառնություններն ու վիրավորվածությունները թողնենք անցյալում եւ գործենք համաձայն էսօրվա իմպերատիվների։ Հայաստան պետությունը նորացման կարիք ունի։ Արեք ձեր առաջարկները՝ ոնց սկսենք, ինչից սկսենք նորացումը։
Ծրագիր առաջարկեք։