ՌԴ Պետդումայի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովը մերժել է «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն» խմբակցության ներկայացրած՝ Միխայիլ Գորբաչովի և Բորիս Ելցինի գործունեությունն «ավերիչ և կործանարար» ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը, հայտնում է ТАСС-ը։
«Խորհրդային միության փլուզումը, ազգամիջյան առճակատումները, բազմաթիվ զինված հակամարտությունները, հիվանդության, մահացության ցուցանիշների աճը, ալկոհոլային և թմրանյութերից կախվածության քանակը, միլիոնավոր քաղաքացիների կենսամակարդակի աղետալի անկումն անցած դարի 90-ական թվականներին. այդ ամենը պատահական չէ տեղի է ունեցել»,- հայտնում են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից։
Կուսակցության կարծիքով՝ Ռուսաստանն ապրել է իր պատմության ամենախոշոր ճգնաժամը Միխայիլ Գորբաչովի, իսկ ավելի ուշ՝ Բորիս Ելցինի հակասական և անհետևողական քաղաքականության պատճառով։
Պատգամավորները կարծում են, որ «պերեստրոյկայի» և «ելցինյան» բարեփոխումների քաղաքականության բնույթը բացասական է եղել և վատթարացրել է Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրությունը։