Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել երկրում. Արմեն Աշոտյան

$
0
0

Tert.am–ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման նշանակությանն ու նպատակին, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրության արձագանքին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքերով:


-Պարոն Աշոտյան, կիսվել էիք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցով, որը վերաբերում էր Նախագահ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման շարժառիթին ու մանրամասներին: Ինքներդ գրել էիք, որ երբևէ չէիք պատկերացնի, որ երբևէ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներով կկիսվեք…


- Այո, ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել ու փոխում Հայաստանում:


-Ամեն դեպքում, այդ հանդիպման փաստն ինչպե՞ս եք գնահատում:


-  Կարծում եմ` հանդիպման փաստը պետք է միայն ողջունել որպես Հայաստանի քաղաքական մշակույթի կայացման կարևորագույն, տեսանելի, զգայական,օբյեկտիվ և ռացիոնալ միաժամանակ: Խորհրդանշանական է, որ արտաքին մարտահրավերների պարագայում մեր քաղաքական վերնախավը անկախ իր ճամբարից` իշխանություն թե ընդդիմություն, ցույց է տալիս, որ ունակ է համախմբվել հատկապես գործող ռազմաքաղաքական  ղեկավարության շուրջ, որպեսզի լավագույն լուծումներ գտնվեն  ներազգային և պետական իղձերի համար: Լավագույնս դրանք բավարարվեն: Հատկանշական է, որ եթե անկեղծ խոսենք, այդ համախմբումը տեղի չունեցավ ոչ անկախության 25-րդ տարեդարձի, ոչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում` անցյալ տարի: Բայց այս տարի ապրիլյան պատերազմի վտանգից և  անհրաժեշտությունից`ամբողջ քաղաքական  էլիտայի ներուժը համախմբելը , կարծում եմ,  իրականում երկու մեծ գործիչների քայլ էր:


- Նաև որպես վերջաբան, երբ Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե, ի վերջո,  ինչ դիրքորոշում պետք է որդեգրի հայկական կողմը, նա նշել է, որ,բնականաբար, կոշտ, բայց կառուցողական  մոտեցումներով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռք բերել հնարավոր առավելագույնը:


- Տեր Պետրոսյանը քաղաքական գործընթացների ամբողջական բնութագիրը: Հատկապես կոնֆլիկտների խաղաղ լուծման բանակցային փուլի մոտեցումների դասական բնորոշումն է տվել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է ընդհանրապես, արտաքին քաղաքականությունը, մասնավորապես: Իրականում, որպեսզի մեր դիրքերը բանակցային սեղանին լինեն շատ ավելի ամուր, պահանջվում է ոչ միայն զինվորական, ռազմական, ոչ միայն ինտելեկտուալ ներուժ, այլ նաև` շարունակել երկրի ներսում պահպանել այն քաղաքական կոնսենսուսը և հասարակական կոնսոլիդացիան, որի ականատեսը մենք եղանք այս օրերին:


-Որպես ՀՀԿ փոխնախագահ, որը համակարգում է նաև արտաքին քաղաքական հարցերը, ինքներդ ինչպե՞ս եք հասկանում «կոշտ, բայց կառուցողական մոտեցում» ասելով:


-Կոշտ, բայց կառուցողական նշանակում է  բանակցային գործընթացում  մաքսիմալ ձգտել պահելու մեր շահերը, որոնք ընդգրկում են ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճանաչումը, սա ինքնըստինքյան է և սակարկման ենթակա չէ, այլ նաև մաքսիմալ  տարածվել այն ձեռքբերումների վրա, որ բանակն ու ժողովուրդն ունեցել է պատերազմիցի վեր` վերջին 25 տարիների  ընթացքում: Եվ, իհարկե, միջազգային անվտանգային երաշխիքիները:


-Վերջին  օրերին նաև միջազգային հանրությունից, ԵԱՀԿ ՄԽ համանախագայությունից որոշակի հիասթափություն կար, և անգամ ասում էին, որ նորից «թղթե շերեփի» ուրվականը Հայաստանում էր:


- Թղթե շերեփի այդ  զուգահեռը  բացարձակ անտեղի է այսօր: Թղթե շերեփի ֆենոմենը գոյություն ուներ այն ժամանակ, երբ մենք չունեինք պետություն ու ազգային բանակ: Մենք այսօր ունենք  երկու  հայկական պետություն, այսօր մենք ունենք հայկական  երկու բանակ, միասնական ռազմաքաղաքական տարածք Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միջև: Այսօր իրավիճակները բացարձակապես փոխվել են, և ազգերի գոյության լավագույն միջոցը պետությունն է: Այս բանաձևն առավել, քան ակտուալ է 21-րդ դարում` հայերի համար: Այսինքն` այն ամենը, ինչ չկար» թղթե շերեփի» պատմության ժամանակ, որովհետև Խրիմյան Հայրիկի օրոք կարելի էր միայն երազել, որպեսզի հայ ժողովուրդը ներկայացված լիներ իր հասարակական ու պետական կառույցներով, այնպես, ինչպես այսօր է ներկայացված: Միջազգային հանրության հետ պետք է շարունակել աշխատել, պետք է շարունակել կոտրել միջազգային տարբեր խաղացողների շահերը մեր երկրում` բերելով կոնկրետ  արժեհամակարգային փաստեր ու փաստարկներ, ռացիոնալ փաստեր: Եվ, իհարկե,  ամենակարևորը` չի կարելի նեղանալ ու դառնալ մեկուսի ամրոց: Մենք մեր հույսը պետք է դնեն ինքներս մեզ վրա. մեր ժողովրդի ու բանակի վրա, բայց դա չի նշակում, որ մենք պետք է մեկուսանանք ու խռովենք աշխարհից: Աշխարհին պետք է համառորեն բացատրել և առաջ տանել  մեր գիծը, որպեսզի բավարարվեն այն ակնկալիքները, որ մենք դեռ ունենք տարբեր միջազգային ատյաններից:


- Կա ժողովրդական խոսք`«ընկերը նեղ օրով» է երևում:  Չգիտեմ` դիվանագիտության մեջ դա ինչպես է կոչվում, բայց կարող ե՞ք ասել` այս քառօրյա պատերազմի ժամանակ պարզվե՞ց, թե ովքեր են մեր բարեկամները, ովքեր` մեր թշնամիները:


-Հատկապես դիվանագիտության ու արտաքին հարաբերությունների պարագայում հնարավորինս զերծ կմնայի կտրուկ ձևակերպումներից: Մենք վերահաստատեցինք մեզ համար, որ Թուրքիան` գործող թուրքական ղեկավարությամբ,  Հայաստանի համար նույնքան հակառակորդ երկիր է, որքան Ադրբեջանը: Սա ակնհայտ էր …


- Իսկ ռազմավարական գործընկե՞րը: Մանավանդ, որ շատ են հնչում առաջարկներ, որ պետք է նորից վերանայվեն  հայ-ռուսական  հարաբերությունները:


-Հայաստանն անշեղորեն շարունակել  և շարունակում  է կատարել  իր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ մենք իրավունք ունենք `և՛ իրավական , և՛ բարոյական, պահանջելու  մեր ռազմավարական գործընկերոջից, որպեսզի  հաշվի  նստի նաև հայկական կողմի շահերի հետ: Այս շահերը ոչ միայն երկկողմանի հարաբերություններով են պայմանավորված, այլ նաև  ՀԱՊԿ ընդհանուր ձևաչափով:


-Դե իրենք ասացին այն, ինչ ասացին…


-Մենք շարունակում ենք աշխատել` և՛ մեր դիվանագիտությունը, և՛ հանրային կարծիքը, բնականաբար,  պետք է աշխատի, որպեսզի հնարավորինս կարողանանք փոխել ընկալումները և հայկական  կողմի տեսակետը դարձնել որոշիչ գործընկերների համար:


- Զենքի հետ կապված. Նախագահ Սերժ Սարգսյանի  հայտարարությունը, որ մենք կռվում ենք 80-ականների զենքերով, ոչ միանշանակ ընկալվեց:


- Նախ ասեմ` «80-ականներ ձևակերպումը»  վերաբերում է մոդելներին և ոչ թե արտադրության թվին: Երկրորդ. ակնհայտ է, որ Հայաստանի զինված ուժերը շատ ավելի ժամանակակից սպառազինություններ ունեն, քան Լեռնային Ղարաբաղի  Պաշտպանության բանակը, որովհետև Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի անդամ հանդիսանալով` կարողացել է համադրել իր պահուստները: Իհարկե, մենք էլի ունենք գերժամանակակից զենքի մեծ պահանջ: Բայց ամենակարևորը` հետևյալն է. եկեք միշտ տարբերենք արտաքին լսարանի համար բարձրաձայնված  կոչերն ու մտքերը մեր ներքին քննարկումներից:  Այդպես պետք է հնչեր Բեռլինում: Իսկ Հայաստանում այդ թեմայով քննարկումները աղերս չունեն այն նպատակների հետ, որ հետապնդում էր հայկական կողմը` բարձրաձայնելով այդ միտքը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>