Սիրիայից արձակված ևս 3 հրթիռ է հասել թուրքական Քիլիս քաղաքի տարածք։ Դրանք պայթել են երկու առանձին վայրերում։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ ու համապատասխան մասնագետներ, հայտնում է «Միլլիյեթ»-ը։
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ուսումնասիրում են տեղանքը։
Նշվում է, որ հրթիռները Սիրիայի տարածքից արձակել են «Իսլամական պետության» զինյալները։
Նման միջադեպեր տեղի էին ունեցել նաև երեկ։ Հրթիռներից մեկի պայթյունից վիրավորվել էր 12 մարդ։ Ավելի ուշ հաղորդվեց նաև 2 զոհի մասին։