Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները մտադիր են հաստատել նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը, տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։
Նաև պետք է քննարկվեն մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք ուղղված են ԵՏՄ-ի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ու դրանց տեխնոլոգիական պոտենցիալի բարձրացմանը։
Դրանով պայմանավորված՝ պլանավորվում է հաստատել եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորման ու աշխատանքի վերաբերյալ դրույթները և Եվրասիական ինժեներական կենտրոնի ստեղծման կոնցեպտները։
Ինժեներական կենտրոնի ստեղծումը կոչված է ընդլայնելու ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցության հնարավորությունը՝ հաստոցաշինության ոլորտում։
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր։
Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրա-տնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ անցկացնելու ուղեցույցները։