Ադրբեջանի կողմից երեկ հայկական կողմին հանձնված հայ զոհված զինվորների մարմինների խոշտանգման փաստերը պետք է կցվի մյուս նմանատիպ գործերին, որոնք արձանագրվել են վերջին օրերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը և նշեց, որ կա երկու տարբերակ՝ կամ զինվորներին խոշտանգել են ու հետո սպանել, կամ արդեն մահացած վիճակում խոշտանգել են նրանց մարմինները, ինչը դեռևս պետք է բացահայտվի փորձաքննությունների միջոցով:
«Ցանկացած դեպքում խախտվել են թե՛ միջազգային մարդասիրական իրավունքները, թե՛ պատերազմի վարման կանոնները, որը Ադրբեջանի միջազգային պարտականությունների մեջ է մտնում: Այս ամենը պետք է հիմնավոր ու փաստաթղթավորված ներկայացնել համապատասխան ատյաններում: Յուրաքանչյուր դեպք ու դիակ առանձին զննության է ենթարկվում, դիակների ուսումնասիրությունը կատարվում է Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանն ու Հայաստանը Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացրել են զոհվածների մարմինների փոխանակում, որի ժամանակ, ինչպես հայտարարել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված բոլոր զոհվածների մարմինները ենթարկված են եղել խոշտանգման ու անարգանքի։ Հիշեցնենք նաև, որ քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական բանակի կողմից խոշտանգվել էին նաև Թալիշի երկու տարեց բնակիչները, ինչպես նաև զինվորների գլխատում էր արվել:
Էդմոն Մարությանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կատարած ռազմական հանցագործության փաստերը պետք է կարողանալ օգտագործել Ադրբեջանի դեմ, ինչը չանելը, կնշանակի, որ Հայաստանը լուրջ բացթողում է թույլ տվել:
«Այդ վայրագությունները պետք է ամբողջ աշխարհը տեսնի և իրավական հարթության վրա պետք է պատասխանատվության հարց բարձրացվի Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: ԼՂՀ-ում արդեն 7 քրեական գործ է հարուցված, որի շրջանակում փորձաքննություններ են իրականացվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային ատյաններին դիմելու հարցին, ապա պատգամավորը նշեց, որ մի քանի ատյաններ կան, որոնց կարելի է դիմել, բայց դա դեռ քննարկման առարկա է և պետք է արվի պետական մակարդակով:
«Այժմ ապացույցների հավաքագրման փուլում ենք, երբ դրանք մանրամասն պատրաստ կլինեն կորոշվի այս կամ այն մարմնին ներկայացնելու անհրաժեշտությունը: Մենք լոբբինգ ենք անելու, որ միջազգային քրեական պատասխանատվության հարց բարձրացվի, բայց դա գործադիր մարմնի իրավասության շրջանակում է»,- ասաց նա:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանը խախտել է բոլոր տեսակի նորմերը, ինչը ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական խնդիրներ է առաջացնում:
«Այս ամենը ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի իշխանության նպատակն էր հայ բնակչության ոչնչացումը, այնինչ Եվրոպայի խորհրդի ու ՄԱԿ-ի կոնվենցիաներով ամենակարևոր իրավունքը, մարդու կյանքի իրավունքն է: Երբ ճանաչում են որևէ տարածքի անկախությունը, պետք է երաշխավորվի մարդկանց անվտանգությունը, իսկ Ադրբեջանը չի կարող դա երաշխավորել, ակնհայտ է դա»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե փաստերի հավաքագրումից հետո Հայաստանը որ միջազգային ատյանին պետք է հայց ներկայացնի, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ես այդ ոլորտում գիտակ չեմ, բայց կարծում եմ, որ պետք է դիմել բոլոր ատյաններին, իսկ հայցվոր կողմը կարող է լինել հենց Հայաստանը, ԼՂ-ն քանի որ չճանաչված հանրապետություն է ու բոլորին հայտնի է, որ ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը երաշխավորում է Հայաստանը, ապա այստեղ Հայաստանը բնական է, որ կարող է միջնորդ կողմ լինել»,- ասաց նա: