Ապրիլի 18-19-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ մինչ այդ հանրապետության տարածքում և Արցախում ապրիլի 14-16-ին ցիկլոնի ազդեցությունը հիմնականում կպահպանվի. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանը նշեց, թե ցիկլոնի ազդեցությունից, սակայն, տարբեր հատվածներում եղանակային պայմանները տարբեր կերպ կդրսևորվեն:
«Այսօր և ապրիլի 16-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 15-ին կարճատև անձրևներ կլինեն հիմնականում լեռնային գոտիներում, իսկ 17-ին Վայոց Ձորում և Սյունիքում: Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +9...+11, ցերեկը +20...+22 աստիճանի սահմաններում: Նշեմ նաև, որ և օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը հանրապետության տարածքում հիմնականում նորմայի սահմաններում են, առանձնակի շեղումներ չեն նկատվում: Ձյան ծածկը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտիներում, Արագածի մերձգագաթային մասում այն հասնում է 222 սմ, Որոտանի լեռնանցքում 90 սմ»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, թե Արցախում ապրիլի 14-17-ին կլինի ամպամած, հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան նաև մառախուղ:
«Օդի ջերմաստիճանը հովտային գոտիներում գիշերը կտատանվի +8...+10, ցերեկը +18...+20, նախալեռնային հատվածներում գիշեև +5...+7, ցերեկը +15...+17, լեռնային գոտիներում գիշերը +3...+5, ցերեկը +12...+14 աստիճան տաքության սահմաններում: Ապրիլի 18-19-ին եղանակը կկայունանա, եղանակը կպարզի և օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով»,-ասաց նա: