Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Ձեռքներդ հեռու Արցախից».Մենք մեր նվերը հանձնել ենք ՌԴ դեսպանատանը.Դավիթ Սանասարյան (թարմացում 6)

$
0
0

21.17

Մենք մեր նվերը հանձնել ենք ՌԴ դեսպանատանը, շնորհավոր. Դավիթ Սանասարյան


Ոստիկանության հետ բանակցություններից հետո որոշվեց, որ ՌԴ-ի նվերը` արյունոտ կոշիկն ու «Մոլոտովի կոկտեյլը», կհանձնի Դավիթ Սանասարյանը, ով, 15 րոպե հետո դեսպանատնից  վերադառնալով, հայտարարեց.«Մենք մեր նվերը հանձնել ենք, շնորհավոր: Մենք մեր ակցիան վերջացրել ենք, ՌԴ-ին ու մեր իշխանություններին ասել ենք ամեն ինչ»:

Դավիթ Սանասարյանը հավելեց, որ այստեղ էլ անելիք չունեն, ինչը դուր չեկավ որոշ մասնակիցների, որոնցից մեկը տեղից գոռաց`«Ժողովուրդ, գնում ենք տներով, մենք էլ անելիք չունենք, ով պրծել ա, թող էթա»:

Երբ ակցիայի մասնակիցները շարժվում էին, անսպասելի բախում տեղի ունեցավ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև, որը, սակայն, նույնքան անսպասելիորեն մարեց:

Նշենք, որ մինչ այդ ակցիայի մասնակիցներն անընդհատ բողոքում էին, որ իրենց շարքերում սադրիչներ կան ու ոստիկաններին խնդրում էին հեռացնել նրանց շարքերից:

Ինչ-որ մի պահի կրքերը թեժացան այնքան, որ երթի մասնակիցները  ոստիկաններին , որ պատ էին կազմել, թույլ չէին տալիս առաջ գնալ,  սկսեցին մեղադրել `«լավ էլի, ինչ անում ենք, ձեզ համար ենք անում»:


20.54

Արյունոտ կոշիկ և «Մոլոտովի կոկտեյլ»` երթի մասնակիցների նվերը ՌԴ դեսպանատանը


«Ձեռքներդ հեռու Արցախից» երթի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանն, ի վերջո, գաղտնազերծեց, թե ինչ է պարունակում տուփը, որ նա իր հետ տանում էր ողջ երթի ընթացքում:

Դրանք էին արյունոտ կոշիկ և «Մոլոտովի կոկտեյլ»։ «Կազմակերպչական դելեգացիայով տանում ենք այդ թանկարժեք նվերը հանձնելու ՌԴ դեսպանատանը:  Էս արյունատ ռսի «սապոգնա», որ կապ չի ունենալու մեր հողի հետ: Եվ  եթե մեկը փորձի հող հանձնի, մենք իրան հանձնելու ենք հողին: Նույն բանն ասում են Արցախում, անգամ գեներալները»,-հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
 


20.40

Պահանջում ենք հրապարակել, թե այդ ինչ լիքը գրպաններով է եկել  ՌԴ արտգործնախարարը  և ինչի մասին է խոսքը.Ս. Սաֆարյան


«Ձեռքներդ հեռու Արցախից» երթի մասնակիցները պահանջում են հրապարակել, թե «այդ ինչ լիքը գրպաններով է Հայաստան եկել» ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Երբ արդեն սպառված էր,  ոուսախոս հայի հետ միջադեպը և երթի մասնակիցները կանգ էին   առել նախարարությունների շենքի մոտ, որտեղ տեղակայված է ԱԳՆ-ն,Կրթության և գիտության, Արդարադատության նախարարությունները, հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` մեջբերելով Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա  Զախարովայի այն հայտարարությունը, որ ինքը դատարկաձեռն չի եկել Հայաստան:

«Պահանջում ենք հրապարակել, թե այդ ինչ լիքը գրպաններով է եկել  ՌԴ արտգործնախարարը, և ինչի մասին է խոսքը: ՌԴ իշխանություններից բացատրություն ենք պահանջում, թե ինչ կարգավորման մասին կարող է լինել խոսքը, եթե օրերս աշխարհի աչքի առաջ Արցախի խաղաղ բնակչության և նաև մեր զինվորների վրա ագրեսիոն պատերազմ է տեղի ունեցել»,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը և հարցրեց, թե արդյո՞ք Սերգեյ Լավրովը տեղյակ չէ, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունեցել, որ խախտվել են միջազգային պարտավորություններ: 

Նա հավելեց, որ  Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները ոչ մի միլիմետր չեն նահանջելու ազատության ճանապարհից և ոչ մի միլիմետր, ինչպես նաև չեն հրաժարվելու՝Արցախի համար պայքարից, որի համար այդքան արյուն է թափվել:

«Որևէ միջնորդություն չի կարող մեզ ստիպել կասկածի տակ դնել այն հերոսությունն ու մաքառումը, որը Հայաստանի, Արցախի և ողջ հայության կողմից ցուցաբերվել է վերջին 25 տարիներին` Արցախը շենացնելու համար: Մենք նահանջելու տեղ չունենք»,-հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա հավելեց, որ եթե ՌԴ-ն իրապես ցանկանում է կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, ապա պարտավոր են ճանաչել Արցախը:

 



20.10

«Ձեռքներդ հեռու Արցախից» երթի մասնակիցներին մի երիատասարդ անպատիվ խոսքեր էր հնչեցնում

 

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց  «Ձեռքներդ հեռու` Արցախից» երթի մասնակիցների ու մի քաղաքացու միջև, որը, ըստ Դավիթ Սանասարյանի, սադրիչ էր: Նա երթի մասնակիցների վրա վրդովված գոռում էր և  կիսառուսերեն, կիսահայերենով ասում էր` «մորքուր, պռաչիտայ էտոտ պլակատ, մարալնի ուրովեն նիժե պլինտուսա ինտելեկտա, իդիոտի»:

Հետո արդեն հայերենով գոռաց`«ամոթ սաղիդ, արա, լավ եմ անում, ես տեղ ունեմ»: Կամ`« չի կարելի ՌԴ դեսպանատուն գնալ, մի հատ խելքդ միացրա, արա, մոզգի վկլուչի»

Մինչ  երթի մասնակիցները ծառայություն իրականացնող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում էին, թե ինչու բերման չեն ենթարկում սադրիչին,  Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ «եթե անգամ իրենց ռուսական զորքն էլ բերեն, մենք շարունակելու ենք մեր ակցիան»:
 


19.47

«Որոշողը մենք ենք»վանկարկումներով  մեկնարկեց «Ձեռքներդ հեռու` Արցախից» -ի երթը


«Ա-զատ, ան-կախ, Հա-յաս-տան» և «Որոշողը մենք ենք, որոշողը մենք ենք» վանկարկումներով երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Ճանապարհին  վանկարկում էին` «ոչ մի թիզ հող թշնամուն» կամ «ոչ մի թղթի ստորագրում»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ  Դավիթ Սանասարյանը նկատեց, որ առայժմ սրանք իրազեկման երթեր են, սակայն, կդիմեն այլ մեթոդների, եթե փորձեն ճնշել կամ վախեցնել: 

Դավիթ Սանասարյանը  Հայաստանում հակառուսական  տրամադրությունների հետ կապված  նկատեց, որ ռուս էթնոսի դեմ որևէ տրամադրություն չկա, կա տրամադրություն Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ:

«Հակառուսական է այնքանով, որքանով, որ Կրեմլը փորձում է ոտնահարել մեր շահերը: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը հենց անկախության զգացողությունով ապրի, չմտածի, որ որևէ երկիր գալու է գա մեզ փրկի»,-ասաց նա:

 


19.30

Ոչ մի թիզ հող. ցանկացած այլ որոշում դավաճանություն է. Անահիտ Բախշյան 

 

Արցախից և մյուս տարածքներից մեկ թիզ անգամ զիջելը դավաճանություն է, և իշխանությունը պետք է լսի ու իմանա, որ ցանկացած որոշում, որը կխափանի տարածքների վերադարձի որևէ ծրագիր կողջունվի, հակառակը` «շատ վատ կլինի»:

Այս մասին հայտարարեց «ժառանգության» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով  եկել էր «Էրեբունի» ԲԿ-ից, ուր գնացել էր  19 տարեկան  զինվորներին այցելության և խոսում էր նրանց անունից ևս:

Նա իր ելույթը սկսեց հետևյալ բառերով.«Ողջույն Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ հայեր»:

«Ես այդ տղաներին ասել եմ` ես հիմա գնում եմ այսինչ տեղը` էս նպատակով, որ մեր ասելիքն ասենք բոլոր այն փաստաթղթերի դեմ , որոնք կփորձեն մի թիզ, մի ճկույթի չափ հող զիջել: Ասում եմ` Վալեր, ի՞նչ ես ասում, ինքը ձայն չունի, ասում եմ` գնամ ասեմ` ոչ, գլխով է անում, նույնը` Էրիկը, նույնը Արմանը»,- հավաքվածներին  պատմեց   Անահիտ Բախշյանը:

Ամփոփելով` նա ասաց.«Բոլորն ասում են` ոչ, որովհետև, եթե ժամանակին մի թղթի կտորով, մի ձեռքի ստորագրությամբ մեր հայրենիքի այդ հատվածները տրվել է չեղած պետությանը, իսկ այսօր այդ հողերի համար այսքան պայքարել է մեր ժողովուրդը, և  ինչ արյունով է շաղախված այդ հողը , բնականաբար, մի թիզ անգամ զիջելը դավաճանություն է»:

Նրանից առաջ հանրահավաքը վարող  Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի «բանտերից մեկում գերեվարության մեջ է Հայաստանի ու Արցախի լավագույն զավակներից մեկը` Լևոն Հայրապետյանը»:

«Համարում ենք, որ նա քաղաքական բանտարկյալ է, ով Արցախում իրագործվող և իրագործվելիք լուրջ պլաններ ուներ»,-հայտարարեց Դավիթ Սանասարյանը:


18.59

«Ձեռքներդ հեռու Արցախից». բողոքի ակցիա Լավրովի այցին ընդառաջ


Քիչ հետո կմեկնարկի  ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա` «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով:

 

Այս պահին ակցիան իրականացնող երիտասարդները հավաքվել են մայրաքաղաքի Ազատության հրապարակում` եռագույններով ու համանման կարգախոսներով:


Ակցիային մասնակցում են ոչ միայն երիտասարդներ, այլև բազում միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներ: Նրանց թվում է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց.« Չեմ կարծում, որ մենք ունենալու ենք դրական ակնկալիքներ /Սերգեյ Լավրովի այցից Tert.am/, քանի որ այն, ինչ նրանք արդեն արել են, դրանց միայն շտկումն արդեն ժամանակ է պահանջում: էլ չեմ ասում` քաղաքականության մասին: Մենք չգիտենք` իրենք ինչ քաղաքականություն են ուզում հետապնդել այս չորսօրյա պատերազմից հետ»:


Ըստ քաղաքական գործչի` այն, որ հայտարարվեց, որ ՌԴ-ն շարունակելու է հարձակվողական բնույթի զենք վաճառել Ադրբեջանին, վկայում է այն մասին, որ ՌԴ քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, և՝ «մենք պետք է ցույց տանք, որ փոխվել է մեր քաղաքականությունն ու դիրքորոշումը»:
Նախքան երթի մեկնարկն ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանն անուն առ անուն ընթերցեց ապրիլյա քառօրյա պատերազմի ժամանակ զոհված շուրջ հարյուր զինառայողների ու քաղաքացիական անձանց անունները:


Նշենք նաև, որ Ազատության հրապարակում հնչում է ազգային-ազատագրական երաժշտություն, ինչպես նաև Կոմիտաս։

 

Նախապես տարածած հայտարարության մեջ կազմակերպիչները նշել էին.


1. Հայաստանը և Արցախն Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն, 2. Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար, 3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձն Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ, 4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը, 5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել և օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>