Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ միայն բարձր արժեքներն ու սկզբունքները պետք է առաջնորդեն մարդկանց իրենց կյանքում, ինչը կբերի խաղաղության և անցյալի ճանաչմանը», - արգենտինացի նախագահին մեջբերում է Prensa Armenia-ն:
Մաուրիսիո Մակրին ելույթով հանդես է եկել Բուենոս Այրեսում անցկացվող Ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ: Ելույթի ժամանակ Մակրին նաև շնորհակալություն է հայտնել տեղի հայ համայնքին նման միջոցառում կազմակերպելու համար, որին ներկա են գտնվել մի շարք պաշտոնյաներ, արգենտինացի պատգամավորներ և դեսպաններ:
«Կարևոր է հիշել Հայոց ցեղասպանությունը, այլապես թույլ կտանք, որ նման հանցագործությունները կրկնվեն այլ ազգերի և ժողովուրդների հետ, եթե ժխտենք փաստերը: Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, որը ժխտվել է տարիներ շարունակ: Մենք կարևոր քայլ ենք կատարել Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակելով «Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության օր», - ասել է Արգենտինայի նախագահը: