Քիչ առաջ Հանրապետական խմբակցության պատգամավորների՝ ՀՀ Նախագահի հետ հանդիպումն ավարտվեց։ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ հետագա աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար։
Հովհաննես Սահակյանը հավաստիացրեց, որ իրենց աշխատանքներում թերացումների հարց չկար, ուղղակի քննարկվել են տեխնիկական հարցեր.«Մասնավոր ոչ մի հարց չի քննարկվել»։
Լրագրողների այն հարցին, թե այս ուշ ժամին տեխնիկական հարցերի համա՞ր են հավաքվել, պատգամավորը պատասխանեց, որ, իհարկե, կարևոր հարցեր եղել են, որոնք հրապարակման ենթակա չեն։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողներին ասաց, որ կուսակցության նախագահի հետ խմբակցության հանդիպումը պարբերաբար է լինում։
«Քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր», - ասաց Էդուարդ Շարմազանովը։