«Բանանց» - «Միկա». Գավաթի եզրափակիչ
Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, ժ. 19:00
Գլխ. մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գավաթի եզրափակչում այս անգամ մրցելու են երկու թիմեր, որոնք առաջնությունում դուրս են մնացել մեդալների համար պայքարից ու Եվրոպա լիգայում կարող են հայտնվել միայն այսօրվա խաղում հաջող հանդես գալու դեպքում:
Եզրափակիչը կարող է ճակատագրական լինել «Միկայի» համար, քանի որ այս ակումբում վերջին մեկ տարում իրադարձությունները բավականին արագ են զարգանում: Նախորդ մրցաշրջանում երեւանյան ակումբը չկարողացավ նվաճել եվրագավաթների ուղեգիր, ինչից հետո հայտարարվեց, որ «Միկան» դուրս է գալիս Բարձրագույն խմբից: Որոշ ժամանակ անց հայտնեցին անձինք, ովքեր կարողացան պահպանել թիմի գոյությունը, իսկ ձմռանը «Միկան» գրեթե ամբողջությամբ փոխեց կազմը եւ մարզչական շտաբը: Կարելի է ենթադրել, որ Եվրոպա լիգա դուրս գալու դեպքում «Միկան» առնվազն մեկ մրցաշրջան կշարունակի իր ելույթները, իսկ եզրափակիչում պարտվելու դեպքում ակումբի ապագան մշուշոտ է լինելու:
«Բանանցում» վիճակն անհամեմատ կայուն է: Թիմը նախորդ տարի ձեռք է բերել գործարար Ջևան Չելոյանցը, ինչից հետո ակումբում մեծ թվով դրական փոփոխություններ են նկատվում:
Պարտություններ վերջին տուրում
Սերգեյ Յուրանի գլխավորությամբ «Միկան» արագորեն դարձավ մարտունակ թիմ եւ վերջին շրջանում աչքի է ընկնում կայուն խաղով: Առաջնության վերջին տուրում ռուսաստանցի մասնագետը հանգստանալու հնարավորություն տվեց հիմնական կազմի մի շարք խաղացողների, ինչի արդյունքում 1:4 հաշվով զիջեց «Շիրակին»:
«Բանանցը» եւս առաջնության վերջին տուրում հանդես եկավ ոչ մարտական կազմով եւ 1:2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»:
Պատմություն
«Միկան» գավաթային թիմի համբավ ունի եւ նախկինում 7 անգամ դուրս է եկել եզրափակիչ, որից միայն 1-ում է պարտվել: Այդ միակ պարտությունը «Միկան» կրել է նախորդ տարի, երբ 1:3 հաշվով զիջեց «Փյունիկին»:
«Բանանցը» եւս 7 անգամ դուրս է եկել եզրափակիչ, սակայն միայն 2 անգամ է կարողացել հասնել հաջողության (1992,2007):
Վիճակագրություն
Այս թիմերի միջեւ վերջին 5 հանդիպումներն անցել են սակավ գոլերի ուղեկցությամբ: Այդ հանդիպումներում արձանագրվել է դարպասի 5 գրավում:
Այս տարի թիմերը հանդիպելու են 2-րդ անգամ: Առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 14-ին, երբ առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Միկան» հյուրընկալել էր իր այսօրվա մրցակցին. այդ խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0: