«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել Է նաև պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատմանը՝ ասելով «Այդ պաշտոնանկությունները պահի հետ, անկասկած կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգը ավելի բարելավելուն և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելուն։ Քրեական պատասխանատվության նրանք չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ»։
Թե ինչ է նշանակում «պահի հետ կապված» ՊՆ երեք կարևորագույն ոլորտների պատասխանատուների պաշտոնանկությունը, դժվար է ասել։ Ի վերջո, բանակի երեք առանցքային օղակների՝ հետախուզության, սպառազինության և կապի հարցերը «պահի տակ» լուծվող չեն, և եթե այդտեղ եղել են լուրջ թերացումներ, ապա դրանք, հաստատ, կապված են ոչ թե պահի, այլ տևական ժամանակ իրականացված գործունեության հետ, որի վերահսկողության հարցում ՊՆ առաջին դեմքերը թերացել են։
Սեյրան Օհանյանը, սակայն, երեկ խորհուրդ տվեց քննադատելու փոխարեն փառաբանել մեր հերոսներին. «Խորհուրդ կտայի փառաբանել այն հերոսներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են, ովքեր բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»։ Նախօրեին էլ բառացիորեն նույն կոչով հանդես եկավ նրա խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը։ Հատակ ՊՆ պաշտոնյաների համար ուզում ենք նշել, որ հերոսները մեր բոլորիս հպարտությունն են, և այս օրերին թե՛ զոհված, թե՛ կենդանի մեր քաջերը գտնվում են ողջ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում, իսկ նրանց սխրանքների մասին պատմությունները մեր յուրաքանչյուր օրվա լրահոսի կարևորագույն տեղն են զբաղեցնում։ Եվ պետք չէ սեփական թերացումների մասին բարձրաձայնումներից խուսափելու նպատակով թաքնվել մեր հերոսների հետևում։ Ի վերջո, մեր հերոսներն ու նրանց հարազատները, բացի լրագրողների կողմից փառաբանվելուց, այսօր կարիք ունեն պետական հոգածության, այ, այստեղ է, որ մենք էլ մեր հերթին ենք հորդորում և պահանջում պաշտպանության նախարարությունից և կառավարությունից՝ մեր հերոսների, նրանց հարազատների խնդիրների լուծումը համարել իրենց առաջնահերթ գործը։
Այսօր մեր բանակի զինվորներից ոչ պակաս հերոսներ են նաեւ մեր կամավորականները։ Նրանցից ոմանք, սակայն, հայրենի սահմանը պաշտպանելու դիմաց արժանացել են յուրատեսակ «փառաբանության»՝ զրկվելով իրենց աշխատատեղերից։ Մենք էլ հորդորում ենք Սեյրան Օհանյանին՝ կամավորականների նկատմամբ պետական անհրաժեշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի իրենց կյանքի գնով սահմանը պահող մեր քաջերը «թիկունքից» նման հարվածներ չստանան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։