Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կընդունի այս ամառ Լոնդոն այցելող ԱՄՆ-ի նախագահի միակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, սակայն ոչ մի դեպքում ներողություն չի խնդրի` նրան հիմար անվանելու համար:
Ինչպես նշում է The Telegraph-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Քեմերոնի պաշտոնական նստավայրի` Դաունինգ Սթրիթի խոսնակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Քեմերոնը Թրամփին «հիմար» էր անվանել, երբ էքսցենտրիկ միլիարդատերն ասել էր, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ինքն արգելելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ: Բացի այդ, Թրամփն ասել էր, որ Լոնդոնի որոշ թաղամասերում մուսուլմաններն այնքան շատ են, որ անգամ ոստիկաններն են վախենում այնտեղ գնալ:
Այս հայտարարություններից հետո 1 մլն-ից ավելի բրիտանացի ստորագրել էր Թրամփի մուտքը Միացյալ Թագավորություն արգելող խնդրագիրը։