Հարավային ուղղությամբ առաջնագծում ծառայող մի քանի տասնյակ զինվորներից հետաքրքրվում ենք, թե ում է սիրած աղջիկ սպասում: Բոլորը մատնացույց են անում ժամկետային զինվոր Համլետ Մելքոնյանին:
Կրտսեր սերժանտ Մելքոնյանը ժպտում է՝ օրեր է հաշվում հասնի սիրելիին: Tert.am-ի հետ զրույցում առաջնագծի պատերազմական գործողություններից կրտսեր սերժանտը չցանկացավ պատմել, միայն ասաց, թե այդքան դժվարությունների միջով անցել է, որ հասնի սիրելիին:
«Մնաց 6 ամիս, որ «ուվալնյատ» լինեմ: Ճիշտա կարոտը խեղդում է, տանջում է, բայց դե ինչ արած, ինքն էլ լավ հասկանում է, որ իմ պարտքը պետքա տամ հայրենքիս»,-ասաց նա:
Համլետ Մելքոնյանը նշեց, թե արդեն հասցրել է ծանոթանալ աղջկա ծնողների հետ, նրանց տուն էլ գնացել է, երբ «օտպուսկ էին» ուղարկել:
«Միանգամից իրանց տուն էի գնացել, անակնակալ էի արել, զինվորական շորերով ինձ տեսավ, չեմ կարա նկարագրեմ մեր հանդիպումը, շատ էր ուրախացել: Չէր թողնում «օտպուսկից», որ գայի, լացուկոծ էր դրել, բայց դե եկա, խոստացա, որ շուտ կվերադառնամ»,-ասաց նա:
«Իջևան քաղաքից է, անունն էլ Տաթև, ծանոթացանք շատ պատահական Երևանում, լրիվ կինոյի նման էր, տեսանք ու միանգամից սիրահարվեցի»,- փայլփլող աչքերով պատմում է զինվորը, ով Կոտայքի մարզի Քասախ գյուղից է: Ապագայի մասին դեռ պլաններ չունեն, ամուսնանալ չի շտապում, նախ վերադառնա, աշխատանք գտնի:
Հիմա էլ խոսում են հեռախոսով «քիչ-միչ», մի քիչ էլ սոցկայքերում և ստիպված է անընդհատ ասել, որ ամեն ինչ լավ է, ինքը լավ է. «Բայց դե ինչքան էլ զանգեմ, հանգստացնեմ՝ մեկ է, տեսնում լսում է…»:
Վերջում իր սիրելիին է ուղղում ողջյունները. «Եվս մեկ անգամ ու բազմիցս անգամներ կասեմ, որ շատ եմ սիրում քեզ: Դու ես հույս տալիս, որ էս դժվարությունները հաղթահարում եմ, շուտ էս ամեն ինչն ավարտվի ու գամ հասնեմ քեզ, կյանքս»: