Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մենք՝ որպես պատվախնդիր ժողովուրդ, որն ունի հաղթանակած և հաղթող բանակ, կարողանում ենք լրացնել խաղաղության պակասը. Գալուստ Սահակյան

$
0
0

 

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:


Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են: Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու և խաղաղություն հաստատելու գործին: Տասնամյակներ անց նրանց սերունդներն արժանապատիվ հաղթանակ կերտեցին ժամանակակից` ադրբեջանական ֆաշիզմի դեմ` հաղթելով Արցախյան պատերազմում, հաղթանակ, որի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր: Քաղաքակիրթ մարդկության կողմից մերժվող սովորական այդ ֆաշիզմը փորձեց գլուխ բարձրացնել նաև շուրջ մեկ ամիս առաջ, սակայն այլատյացությամբ հագեցած և խաղաղության դեմ ուղղված ադրբեջանական խելացնորությունը հերթական անգամ խոնարհվեց հայկական բանակի զինվորի ու սպայի` հաղթանակելու և խաղաղություն պարտադրելու կամքի և ոգու առաջ:
Սիրելի՛ հայրենակիցներ, հաղթանակն ու խաղաղությունը երբեք շատ չեն լինում: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ, ինչպես և աշխարհի շատ մասերում, խաղաղության պակաս կա, բայց ոչ հաղթանակի ավելցուկ: Մենք՝ որպես պատվախնդիր ժողովուրդ, որն ունի հաղթանակած և հաղթող բանակ, կարողանում ենք լրացնել խաղաղության պակասը, կարողանում ենք ավելացնել մեր հաղթանակները, որովհետև գիտենք` ինչպես ձեռք բերել և ինչպես պահպանել դրանք:


Շուշին ֆաշիզմից ազատագրելով և հիմնավորապես բեկելով Արցախյան պատերազմի և Արցախի պատմության ընթացքը` հայկական զինուժն ու հայ կամավորն ապացուցեցին, որ ի զորու են և պարտք ունեն վերադարձնելու բռնազավթման հետևանքով ժամանակավոր օտարության մեջ գտնվող հայկական տարածքները, մոտեցնել այլատյացության քաղաքականությամբ և խեղված հոգեբանությամբ առաջնորդվող պետության վախճանը, բայց և ընդառաջ գնալ վերջին զարկը չհասցնելու` նրանց խնդրանքին: Սակայն այդ զարկը կարող է հասցվել ցանկացած պահի, առավել ևս, որ մեր տարածաշրջանում դեռևս կան ֆաշիզմի ախտից չձերբազատվող պետություններ, որոնք իրենց անբարո և ապաշնորհ գործելակերպով անընդհատ ձգտում են ավելացնել մեր հաղթանակները և ամրապնդել տարածաշրջանային խաղաղարարի մեր համբավը: Մենք դա կարող ենք անել, և անհրաժեշտ պահին, վստահաբար, գալու է նաև վերջին զարկի, հերթական հաղթանակի և հիմնավոր խաղաղության մոտալուտ ժամանակը, որոնք բացի մեզնից ոչ ոք մեզ չի մատուցելու: Այդ գաղափարն էին կրում մեր այն զոհված հերոսները, ովքեր ինքնազոհաբերվեցին հայրենիքին, ժողովրդին ու հաղթանակին:


Այս գեղեցիկ և հաղթական տոնի առթիվ շնորհավորում եմ տարբեր սերունդներ ներկայացնող ու տարբեր պատերազմների վետերաններին, որոնք միավորում են հաղթանակները:

Շնորհավորում եմ այսօրվա հաղթանակները կերտող, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող հայկական բանակի զինվորին ու սպային: Շնորհավորում եմ այսօր կրկին իր պարտքին լծված կամավորականին:

Մաղթում եմ հաղթանակելու լավատեսություն և խաղաղ ու բարեկեցիկ կյանք»:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>