Այսօր Գյումրիում տեղի է ունեցել ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի, իսկ այնուհետև Վանաձորում՝ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նիստերը, որոնք վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ մամուլի ծառայությունից։
Շիրակի մարզային կառույցի ակտիվի և Վանաձորի տարածքային խորհրդի հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նշյալ քաղաքներում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առնչվող խնդիրները։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե՛ Գյումրիում և թե՛ Վանաձորում ԲՀԿ համամասնական ցուցակը պետք է կազմված լինի գրագետ, բանիմաց, քաղաքի պրոբլեմներին քաջատեղյակ և հեղինակություն վայելող անձանցից։ ԲՀԿ նախագահը նշել է, որ սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու։
Շիրակի և Վանաձորի տարածքային կառույցների ակտիվների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նաև ներքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ։
Տարածքային կառույցների պատասխանատուները ԲՀԿ նախագահին են հանձնել Շիրակի և Լոռու մարզերի հիմնախնդիրներին առնչվող մի շարք առաջարկություններ, որոնք անպայմանորեն բարձրացվելու են պատկան մարմինների առաջ։