Հակամարտությունների վերլուծության և կարգավորման փորձագետ Արսեն Խառատյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ին կառավարության նիստին հնչեցրած հայտարարությանը, որտեղ գործադիրի ղեկավարն անդրադառնում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին, ասաց, թե ինչ էլ որ հիմա արվի, կարճաժամկետ մեկնարկ կլինի, և դրանով չի կարող լուծվել խնդիրը:
«Բացի ամեն ինչից, պետական կառավարման համակարգում մի շարք արատներ կան, որոնք այդպես արագ կերպով չեն լուծվում»,-ասաց Արսեն Խառատյանը՝ ապա շարունակեց. «Այս ամեն ինչին պետք է հետևեն դատավարություններ, որովհետև քրեական պատասխանատվություն պետք է կրեն առանձին պաշտոնյաներ: Թե չէ բարձրագոչ հայտարարություններ արվել են նաև նախկինում: Հովիկ Աբրահամյանը, երբ նոր էր նշանակվել կառավարության ղեկավարի պաշտոնում, առաջին իսկ օրվանից խոսում էր այն մասին, թե ոնց է պայքարելու կոռուպցիայի և մոնոպոլիայի դեմ: Նա արդեն երկու տարի վարչապետ է, և կարծես էական առաջընթաց այս ուղղությամբ չի արձանագրվել»,–ասաց նա։
Արսեն Խառատյանի գնահատմամբ՝ առավել կարևորն այն է, որ բոլորը համատարած կերպով պետք է ուղիղ և ակնհայտ ցույց տան, որ իրենք իրենց գոտիները ձգել են, ոչ ոք այլևս չի գողանում և պայքարը սկսում է հենց իրենց անմիջական միջավայրից:
«Եթե խոսքը վերաբերում է լուրջ փոփոխություններին, ապա այդ փոփոխությունների զգացողությունը շատ արագ կերպով մեզանից յուրաքանչյուրը պետք է տեսնի ու զգա»,-եզրափակեց փորձագետը: