Ավան վարչական շրջանի մշակույթի տանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Ավան վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ կազմակերպել էր «Ընտանիքի միջազգային օրվան» նվիրված շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես ` «Իմ ընտանիքը» խորագրով։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ցուցահանդեսին մասնակցել են Երևանի հ. 2,6,12,17 հատուկ դպրոցների երեխաների, լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի, խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համալիրի սաները։ Ներկայացվել են հուլունքագործության, նկարչության, ասեղնագործության, գորգագործության աշխատանքներ։
Բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի և Ավան վարչական շրջանի աշխատակազմի կողմից տրվել են խրախուսական նվերներ։ Մշակութային ծրագրով ելույթ են ունեցել Ավանի պարային համույթները: