ԱԺ հայտարարությունների ժամին «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով խոստացված թեմային` analitik.am կայքի խմբագրի հետ իր աղմկահարույց միջադեպին, հայտարարեց, որ շորթողների թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան:
«Որոնք այսօր հիստերիայի մեջ են ընկած, ապազգային տականքություններով են զբաղված ինչ-ինչ կայքերում: Շորթողին զոհ են սարքել, գործում է այս խումբը շատ փնթի, հետքեր ունի, պոչեր են տարբեր տեղ թողել կյանքում և էլեկտրոնային աշխարհում»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը ու հավաստիացրեց, որ փաստերը կուտակված են, իսկ նախաքննությունը տիրապետում է դրանց բավարար չափով` շատ հեռու գնալու միտումով:
Նախքան այդ, Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ 5-րդ տարին է, որ ԱԺ-ում է, որտեղ քվեարկում է բացառապես ժողովրդի շահերից ելնելով:
«Նշում եմ թվեր, ընդգծում երևույթներ և ցուցադրում փաստեր: Շրջանառության մեջ եմ դրել հանրային շահից բխող օրենքներ»,-թվարկեց Տիգրան Ուրիխանյանը:
Այս ամենը անելիս` գործել է բանակցային ձևաչափով, խոսել խիստ, բայց հավասարակշռված։
«Ուստի ո՞րն է պատճառը՝ ինձ ու կուսակիցներիս վիրավորելու ու զրպարտելու: Որ չխոսե՞մ: Որ չխոսեմ, որ ելույթներս չնպաստե՞ն ապաշնորհների հրաժարականների, թե՞ որ վարկանիշս չաճի»,-Տիգրան Ուրիխանյանը շարունակեց հարցադրումները՝ ասելով. «Թե՞ իմ ելույթը ինչ-որ մեկին կատաղեցրեց: Նպատակը լռեցնե՞լն է , թե՞ լռեցնելն ու շորթելը»:
Անդրադառնալով բուն թեմային՝ նա նորից հարցրեց՝ ի՞նչ է նշանակում 6 անգամ ասուլիսի հրավիրելը ու հետո գրելը, որ պատգամավորը «կապրիզներ» է անում: