Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հանուն հոր և որդու

$
0
0

Լուսանկարները՝ Ստեփանակերտ, «Հայրեր և որդիներ» ցուցահանդեսից, լուսանկարիչ՝ Մաքս Սիվասլյան

Արցախից վերադարձա…մեռած: Այս օրերին Արցախ մեկնող լրագրողից կարծես հերոսական, հաղթական վավերագրություն է պահանջվում, առաջնագծից կորզված խրոխտ էքսկլյուզիվներ, տանկերի երկաթյա փայլի տակ շողշողացող,  թոփութնդանոթ կտրած  լրագրություն: Պատերազմն էլ, կարծես այլ  մեկնաբանություն չունի. պատերազմը վերջին խոսք է ու եթե չես ուզում որպես հայրենիքի դավաճան խարանվել՝ պիտի պատերազմի բառերով, պատերազմի շնչով ու ռիթմով խոսես, այսինքն՝ ասես վերջին բառերը:


Բայց ես իսկական դավաճան եմ, պատերազմական  լրագրության համար լրիվ անպետք մեկը, մաքուր դասալիք, որովհետև տեղ հասնելուն պես մեռա: Ես  նայեցի առաջնագծում կանգնած մեր 18 տարեկանների աչքերի խորքը և մեռա: Բայց մահվանից առաջ գոնե հասկացա, թե ինչու է մարդասպանների զգալի տոկոսը գնում ինքնասպանության՝ հնարավոր չէ մարդու միսն ուտել և ապրել, առավելևս՝ երեխայիդ միսը:


Մեր դեպքում՝ պատերազմը միայն սպանություն չէ, ինքնասպանություն է…միայն ոչնչությունն է անողոք պատերազմի ընդունակ, մենք չենք կարող հաղթանակով դուրս գալ այս դժոխքից, ավելի շուտ այս պատերազմը կավարտի մեզ, քան մենք իրեն: Ես հիմա կարող եմ այս մասին գրել, որովհետև, խոստովանեցի, որ արդեն մեռել եմ.  մեռյալների մասին կամ լավ, կամ ոչինչ: Գերադասեք լռությունը:


…մենք պետք է հրահրեինք լայնամասշտաբ պատերազմ, այո, բայց սոցիալական այս վանդալիզմի դեմ, այս համատարած չքավորության, մշակութային այս սպանդի դեմ, մինչև արմունկները արյան ու հանցագործությունների մեջ թաղված այս անպատկառ օլիգարխիայի ու նրանց բանդաների դեմ: Սա էր մեր պատերազմը: Չզորեցինք, փախանք:  Ու հիմա մեր հայրենիքի սահմանները ցնցվում են, հայրենիք ունենալու մեր իրավունքը վտանգված է, ավելի ազնիվ ասեմ՝  հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության եզրին: Արցախն ընդամենը մեկ մարտադաշտն է, Արցախը պատճառ և անգամ մահանա էլ չէ ու մի առանձին խորագիտություն չի պահանջվում սա հասկանալու համար: Այլ բան է, որ ուխտի ականջը եղել և մնում է հայ համահավաք մտքի անփոխարինելի ապաստանը:


Իհարկե, առնվազն  սատանայի  ճուտ  պետք է լինել միջազգային  քաղաքական խոհարարների օրվա մենյույից և հատկապես՝ նրանց  կովկասյան բաղադրատոմսերից  գլուխ հանելու համար: Բայց արդեն հոտն ընկել է, կարծես, և առնվազն քիմքով կարելի զգալ, որ պատերազմի սուռոգատ մայրերի խավիծն արդեն կրակին է:  Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը չռվել ու ցավ է քաշում: 


Քաղաքագիտության չեմպիոն պետք չէ լինել հասկանալու համար, որ արցախյան հակամարտության երկարակեցությունը օդուջրի պես պետք է միջազգային պետավտոտեսուչներին, և ես  հետմահու էլ կցանկանամ ձեզնից լսել գոնե մեկ  միջազգային քաղաքական ռմբարկուի անուն, որն առնվազն դեմ չէր լինի, որ այս արյունալի ներկայացման վարագույրն իջներ: Փաստորեն, այս պատերազմի ավարտը տեսնելու շնորհը տրված է միայն մեռյալներիս, մասնակից կողմերից և ոչ մեկի հաղթանակ չի տրվելու, կհաղթանակեն միայն նրանք, ովքեր ուղղակի անմասն կմնան հեղված արյունից և կշարունակեն դիստանցիոն կերպով հեռակառավարել կոնֆլիկտը: Միջազգային դայակները կարծեմ այդպես էլ հայտարարել էին, որ այս կողմերում պարտվողներ և հաղթողներ չեն լինելու, մնում էր տեխնիկական մի նրբություն՝ տողատակում գտնել քեզ: Ընդհանրապես գտնել քեզ:


Սա այլևս ապակե մի աշխարհ է, ուր  հայկական քաղաքակրթությանը վիճակված է անցնել մազե կամրջով: Ով է տերդ, Եվրոպա՞ն. Եվրամիությունն այսօր  արդեն մի նոր Բաբելոն է դարձել՝ մնալով իր իսկ հռչակած արժեքների փլատակների տակ՝ ոչնչացնելով մի ամբողջ եվրոպական քաղաքակրթություն և ստեղծելով դեմոգրաֆիական այնպիսի աղետ, որի տակից մերկելյան դեսպոտիզմով անգամ հնարավոր չէ դուրս պրծնել: Եվրոպական առանձին երկրներ գոնե մի պահ քթները պիտի հանեն կովկասյան գազանավթամուղերի հայտնի խողովակաշարերից, որ նկատեն  մեր պես տառապյալների գոյությունը: Այս մարդիկ կախված են երանելի խողովակների փրփուրներից և  դատապարտված են սիրաբանել Թուրքիայի հետ. սպասելիք չկա: Ամերիկայից, այո, սպասելիք կա՝ մեր քաղաքական էլիտան անգամ զոքանչներին է ապահովել ամերիկյան «գրին քարտերով», իսկ մնացածի մասին Կիպրոսն ու քրդական լոբբին հաստատ չեն լռի: Առանձին քաղաքագետներ հույս են տալիս, թե շուտով կիրականացվի Թուրքիայի վերջնական տրոհումը, մնում է տարրական թվաբանություն իմանալ, հաշվելու համար, թե այս պահին իրականացվող թուրանական մեծ ծրագիրը 3 մլն հայի հարցերն ավելի  շուտ կլուծի՞, թե՞ ամեն դեպքում կուլիսային անտեսանելի ծրագիրը մեկեն հօդս կցնդացնի 80 մլն թուրքի: Այսպես, պատերազմի դռանը չոքած կարող ենք քաղաքական հիպերբոլիկ էքսկուրսներ անել և ասվածը չնչին փոփոխություններով պրոյեկտել ռուսի, պարսիկի,  հրեայի, վրացու, ալամ աշխարհի վրա,  մանավանդ, որ պատրաստի եզրակացությունն էլ ունենք՝ «Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ...»:


Ելքն, անշուշտ Քուռն անցնելը և Բաքվում թեյ խմելը  չէ. իզուր ենք մեզ օրորում, թե  միջազգային դայակներն այնքան դինջ են, որ կալարեն  խաղաղապահների անձրև տեղալ մեր գլխին: Ոչ միայն չեն ալարի, այլև բավականաչափ մեծ հավեսով  հակամարտության գոտին միջազգային տառին և ոգուն միանգամայն համահունչ դուրս կբերեն  մեր վերահսկողությունից: Կա Արցախի անկախության մասին  հեքիաթները հավաքելու և  դրանք շպրտելու ժամանակ: Մանավանդ, որ դրան իսկի մենք չենք հավատում, ուր մնաց  այսօրվա քոքված  միջազգայինները հավատան: Եվ ընդհանրապես, շրջափակման մեջ գտնվող, համարյա բանտախցի փակ ռեժիմում հայտնված ժողովուրդը,  որը նաև դարավոր թշնամանք է կուտակել համարյա բոլոր հարևանների, նրանց երեխաների, ապա թոռների սրտում, չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահել անգամ  իր մինուճար պետականությունը,  ուր մնաց՝  երկուսը: Ուստի 88-ի քաղաքական բարուրից  հրապարակ շպրտված դիվանագիտական այս հնարանքը կարելի է համարել վերջնականապես սպառված և  բանկրոտի ենթարկված: Հարկ է  խնդիրը քշել հենց պահանջատիրության՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի համատեքստ և բացառապես այդ տեքստով հանդես գալ միջազգային հանրության առջև: Սա ոչ միայն խելոք, այլև՝ ազնիվ է.  Հայաստանի գլխին կախված շարունակական ցեղասպանության վտանգն այլ ելք, ուղղակի չի թողնում: Ճշմարտությունը սա է  ու եթե չգիտես ինչ ասել, ճշմարտությունից ավելի լավ բան չես հորինի: Մի բան պարզ է. եթե ամենավերջին խելագարության  ժամին մենք մեր հայրենիքի մի մասը զոհենք,  միևնույնն է՝ մեզնից ուզելու են ամբողջը. մի ամբողջ Հայաստան:


Ուրեմն հարց. հոգնե՞լ, ամլացե՞լ  է արդյոք հայկական քաղաքակրթությունը, թե՞ դեռ կարող է ցույց տալ  կենսունակության նշաններ:  Այս հարցին այսօր պետք է պատասխանի ամբողջ հայությունը, որտեղ էլ ծվարած լինի: Մենք առաքելություն ունենք  աշխարհին պարզել հայկական նոր ֆենոմենը, հայկական նորոգ միտքը, այլ ելք, ուղղակի, չկա, չար ծառը կտրվում  ու դեն է նետվում: Իսկ համահավաք էթնոսի լավագույն ստեղծագործությունը հենց  իր պետությունն է: Արդյո՞ք այս աղետները հենց այդ պատճառով չեն թափվում մեր գլխին, որ զլացել ենք կառուցել մեր արդար, ուժեղ և արժանապատիվ պետությունը: Տիեզերքում ամեն մի էթնոս իր կերպը պատկերող նշանն ունի և երբ դավաճանում է իր ինքնությանը, կորցնում է իր Աստծուն, նրա աղոթքն անլսելի է դառնում: Իսկ մեր միակ Տերն Աստված է: Հայ համահավաք միտքը պետք է նորոգվի, մանկան դեմքով մեր պատերազմը ելք չէ, մեզ վրա եկող պատերազմի շներին ամեն անգամ չի կարող շղթայել  մեր 18-ամյա որդին…սա թերևս մեր ամենամեծ փորձության ժամն է. թող կատարվի գրվածքը՝ Հայաստանը հավերժ է: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԵՐԺ Է:

ՎԱՐԴուհի Սիմոնյան

 



 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>