ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել և ելույթ է ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողության ընթացիկ իրավիճակին ու ապագա անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:
Իր խոսքում Աշոտ Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:
Նա նաև մտահոգություն է հայտնել «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների Աֆղանստանում ներկայության առնչությամբ։