Թուրքիան հնարավորություն չի տալիս բարձր մասնագիտական որակավորում ունեցող սիրիացի փախստականներին մեկնել ԵՄ երկրներ: Der Spiegel գերմանական պարբերականի տեղեկությունների համաձայն` մի շարք եվրոպական պետությունների կառավարություններ բացահայտում են Թուրքիայից ԵՄ ուղարկվող փախստականների «խնդրահարույց դեպքերի» մասին:
Մասնավորապես, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ԵՄ փակ նիստերից մեկի ժամանակ դժգոհություն է հայտնել, որ Թուրքիայի կողմից Եվրոպա ուղարկվող փախստականները կամ առողջական խնդիրներ ունեն, կամ ցածր մակարդակի կրթություն:
DW.com-ի հաղորդմամբ` Բունդեսթագի ներքին հանձնաժողովի նիստում նման նկատառում է արել նաև Գերմանիայի ՆԳ նախարարությանը կից խորհրդարանական քարտուղար Օլե Շրյոդերը:
Վկայակոչելով Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի տվյալները` պարբերականը նշում է, որ անցյալ ամիս Թուրքիան վերջին պահին բազմիցս չեղարկել է սիրիացի փախստականներին տրամադրված ելքի վիզաները: Մեծ մասի դեպքում խոսքը բարձր որակավորում ունեցող մասնագետների, բժիշկների կամ ինժեներների ընտանիքների մասին է: