Դեռ վաղ է խոսել այն մասին՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընդհատված բանակցությունները կվերսկսվեն, թե՝ ոչ: Tert.am-ի հետ զրույցում ասացին քաղաքագետներ Մանվել Սարգսյանն ու Արման Մելիքյանը:
Վիեննայում եռանախագահների կողմից հավանության արժանացած առաջարկը՝ ղարաբաղաադրբեջանական շփման գոտու ողջ երկայնքով հետաքննական մեխանիզմ տեղադրել, նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները վերսկսելու նախապայմաններից էր: Հետաքրքրվեցինք՝ արդյոք համաձայնությունը կյանքի կկոչվի՞, կմնա թղթի վրա՞, թե՞ բանակցությունների մեկնարկի ազդակ կհանդիսանա:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Մանվել Սարգսյանն այս առնչությամբ ասաց, որ դժվար է խոսել շփման գծում մոնիթորինգ իրականացնող մեխանիզմի ներդրման շուրջ լիարժեք համաձայնության մասին:
«Ադրբեջանի նախագահականից ակնարկեցին, որ նման համաձայնության չեն եկել, պատասխանատվություն չեն վերցրել իրենց վրա, որ դա Մինսկի խմբի դիրքորոշումն է: Սա սկիզբն է՝ խուսափելու այս ծրագրից: Հայտարարության մեջ կողմերի համաձայնությունների մասը նեղ էր: Գրված էր՝ համանախագահները պնդում են, գտնում են, բայց մյուս կողմից կողմերը համաձայնել են՝ հանդիպման, անհայտ կորածների հարցով փոխանակման: Հետաքննական մեխանիզմի ներդրման շուրջ «կողմերը համաձայնել են» արտահայտություն չկար: Հասկանալի է չէ՞ տարբերությունը, նուրբ պահ է, բայց ակնարկ է»,- շեշտեց Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ մեխանիզմը ներդրվի, որովհետև այն լեգիտիմացնում է սահմանը. «Մյուս կողմից Ադրբեջանը չի կարող հրաժարվել, որովհետև բա որ վաղն էլ Ղարաբաղին թույլ տան խփի, Ադրբեջանն ի՞նչ է անելու: Դա վտանգավոր է: Դրա համար զգուշավոր են: Հայաստանը պետք է պարտադրի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, որ դրանք չմնան օդում»:
ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն էլ նշեց, որ ակնկալիքներ չունի, չի կարծում, որ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ըստ նրա՝ Վիեննայում արձանագրվեց միայն քառօրյա պատերազմի եղելությունը: «Մենք պետք է նոր քաղաքական իրավիճակ ձևավորենք, թե չէ հարցը տարիներ շարունակ կձգվի»,- նշեց նա:
Ըստ Արման Մելիքյանի՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունը գերադասեց Ռուսաստանի ազդեցության պահպանումն այս տարածաշրջանում, որը ենթադրում է ՀՀ և Ադրբեջանի միջև Արցախը որպես կռվախնձոր դիտարկելու երևույթ: Նա միտումնավոր համարեց ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, թե պատերազմը Ադրբեջանի ու Հայաստանի միջև է, ոչ թե Լեռանային Ղարաբաղի:
«Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլի է ճանաչում: ՀՀ-ն Ադրբեջանի տարածքի հանդեպ երբևէ, որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել: Բայց խորհրդային Ադրբեջանը բաժանվեց երկու մասի, ձևավորվեց երկու պետություն: Հայաստանը հանգիստ կարող է Արցախը ճանաչել: Բայց բացթողումների արդյունքում ամեն ինչ ներկայացվեց այնպես, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից, իսկ ՀՀ իշխանությունները հակառակը չպնդեցին»,- նշեց Մելիքյանը: