«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Իրաքի Էլ-Ֆալլուջա քաղաքում շարունակում է մնալ 90.000 բնակիչ՝ հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իրաքյան Մարդու իրավունքների կենտրոնի տվյալներին:
Իրաքի իշխանությունները երկուշաբթի հայտարարել են Էլ-Ֆալլուջայի ազատագրման օպերացիան սկսելու մասին: Ուժայինները սկսել են հարձակումը մի քանի ուղղությամբ: Հայտնի է, որ ԻՊ-ի անդամները օգտագործում են խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան»՝ պատսպարվելով բնակելի թաղամասերում, դպրոցներում և հիվանդանոցներում: Այդ նպատակով ահաբեկիչները փորձում են մարդկանց ուժով պահել Էլ-Ֆալլուջայում:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, գրոհայինները սկսել են քաղաք բերել հարակից տարածքների բնակիչներին: Վերջին շրջանում քաղաքից հաջողվել է փախչել ընդամենը 140 ընտանիքների: Ըստ Մարդու իրավունքների կենտրոնի տվյալների՝ ԻՊ-ի գրոհայինները նաև մահապատժի են ենթարկել 18 երիտասարդների, ովքեր հրաժարվել են միանալ նրանց և հանդես գալ իրաքյան բանակի դեմ: