Միջերկրական ծովում այսօր ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել Լիբիայի ափերին, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Agence France Presse-ին, իտալական առափնյա փրկարար ծառայության տեղեկություններով` ծովում 350 մարդ է գտնվում:
Իտալիայի ռազմածովային ուժերը, իրենց հերթին, գործակալությանը հայտնել են նավաբեկությունից հետո 130 ներգաղթյալների կյանք փրկելու մասին:
Մայիսի 26-ին Միջերկրական ծովը հատել փորձելիս ավելի քան 20 ներգաղթյալ էին խեղդվել: Իսկ մայիսի 25-ին ներգաղթյալների տեղափոխող մեկ այլ նավ խորտակվել էր Սիցիլիական նեղուցում, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, 562-ին հաջողվել է փրկել:
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության գնահատումներով` ավելի քան 191 000 ներգաղթյալներ և փախստականներ այս տարվա սկզբից ի վեր Միջերկրական ծովով ժամանել են Եվրոպայի երկրներ: