Համաշխարհային բանկն ավելի լավատես է Հայաստանի հարցում: Ըստ ամենամսյա տեղեկագրի՝ այս տարի Հայաստանի կունենա 2,5 տոկոս տնտեսական աճ, ինչը, սակայն, վատագույն ցուցանիշն է նախորդ հինգ տարիների համեմատ: Նշենք, ըստ Կառավարության ծրագրի, 2,2% տնտեսական աճ է նախատեսվում ապահովել:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե այդ կանխատեսված աճն էլ չի կարելի համարել լիարժեք աճ, քանի որ դա արվում է պարտքերի հաշվին:
«Եթե դա վերածում ենք դոլարային արտահայտության, մեր ՀՆԱ-ն, մի քիչ է ավելի 5 տրիլիոն դրամից, դա մոտավորապես 10-10,5 մլրդ դոլար է, որը 2,5 տոկոս աճին համարժեք կստացվի` 250-300 մլն դոլարին հավասար: Իսկ Հայաստանի նման տնտեսության համար, որը միայն 2015թ-ին մենք 630 մլն դոլար պարտք է վերցրել, դա ոչինչ է: Այսինքն՝ ավելի շատ պարտ ենք վերցրել, քան տնտեսական աճն է: Եթե 2016թ-ին էլ ավելի շատ պարտք ենք վերցնելու, քան տնտեսական աճն է, հաստատ այդքան աճ կարող են ապահովել: Այսինքն՝ երկիրն ավելի շատ փող է մտել պարտքի տեսքով, և կարա նաև աճի առումով արտահայտվի, իսկ դա չի նշանակում, որ երկրի տնտեսությունն առաջանցիկ տեմպերով զարգացել է: Էլի հնարավոր է պարտքի հաշվին ապահովել աճ»,-նկատեց նա:
Այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի, ՀԲ-ի կանխատեսած 2,5 տոկոսն էլ շատ չնչին աճ է: «Զարգացման հեռանկարի առումով շատ ցածր է և նույնիսկ համաշխարհային տնտեսության մեջ, որ կանխատեսում են աճի տեմպերը, 3 տոկոսից ավելին են, աշխարհն այսինքն զարգանում է ավելի արագ, քան մենք: Դա նշանակում է աշխարհի տեմպերին անգամ չենք հասնում, իսկ խոսքը՝ միջինի մասին է խոսքը, որովհետև այնտեղ և՛ զարգացող երկրներ կան, և՛ արագ զարգացող երկրներ կան, և՛ դանդաղ: Դա նշանակում է մենք դանդաղ աճով երկրների շարքին ենք»,-ասաց նա:
Չնայած դրան, Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ԵՏՄ երկրների շրջանակներում ամենադրական աճերից մեկը Հայաստանի համար է կանխատեսված: «Բայց այնուամենյանիվ մեր երկրի տնտեսության այդ աճի տեմպերը չեն բաշխվում բնակչության խավերի վրա, սա երկրորդ թերությունն է, 90 տոկոսն այդ աճն իր վրա չի զգալու, այսինքն՝ 10 տոկոսն է զգալու, ասացի, որ դա ընդամենը 300 մլն դոլար գումար է, և դա, եթե բաշխես 10 օլիգարխի մեջ, յուրաքանչյուրին 30 մլն դոլար է ընկնում, այսինքն՝ այդ աճը կվերանա և բնակչությունը, հասարակ քաղաքացին այդ աճն իր վրա չի զգա»,-նշեց նա:
Տնտեսագետը սխալ թեզիս է որակում իշխանությունների պատճառաբանությունները, ովքեր նման դանդաղ տեմպը պայմանավորում են աշխարհի տնտեսության զարգացումների հետ:
«Որովհետև նշեցի, որ աշխարհի միջին տնտեսական աճն ավելի բարձր է, քան մերը: Գոնե միջինից բարձր աճ թող ապահովեն, որ ասես աշխարհի հետ համաչափ գնում ենք: Այսինքն՝ ստացվում է, որ եթե աշխարհում վատ է, ուրեմն, մեր համար շատ վատ է, եթե աշխարհը փռշտում է, մենք պետք է հիվանդանոցում պառկած լինեն: Այդ տարբերական է դառնում, և այս տեսանկյունից բացասական զարգացումները համաշխարհային տնտեսության մեջ շատ ավելի ծանր են անդրադառնում մեր երկրի տնտեսության վրա, դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը չունի այն դիմադրողականությունը, որ կարողանա համաշխարահային ցնցումներին դիմակայել»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, թե աշխարհի խնդիրները, որ մեր վրա ազդում են, մեր խնդիրներ են, ոչ թե աշխարհի: «Բայց բոլոր դեպքերում աշխարհում տեղի ունեցողը, որը մեր վրա բացասական է ազդում, դա մեր խնդիրն է, մեր երկրի խնդիրն է, միշտ կգտնենք մեկին, որ կմեղադրենք մեր տնտեսության վատ լինելու համար: Չինացին ինչո՞ւ աշխարհին չի մեղադրում,որ աշխարհում վատ է։ Իսկ Չինաստանում 6,7 տնտեսական աճ ունի, այսինքն՝ ՀՆԱ-ի գնահատմամբ աշխարհի առաջին տնտեսությունն աճ է ապահովում, այսինքն, այդպես չի, որ աշխարհով պետք է պայմանավորել, սա մեր ներքին խնդիրն է»,-եզրափակեց Վիլեն Խաչատրյանը: