Հայկական կողմը պետք է շարունակի ջանքեր գործադրել՝ ներմուծվող գազի գինը նվազեցնելու ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, որ ռուսական կողմի հետ տարվող բանակցությունները՝ գազի գնի էժանացման շուրջ, դեռևս համաձայնություն չեն ստացել:
Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ՀՀ կառավարության ղեկավարի նախաձեռնությունը՝ դիմելու ռուսական կողմին, դրվատելի է քայլ էր: «Սկզբունքորեն ընդունելի առաջարկ էր: Բայց քանի որ խոսքը վերաբերում է նաև մասնավոր սեկտորի հետ բանակցություններ վարելուն, իսկ այդտեղ նրբություններ կան, կարիք կա շարունակական ջանքեր գործադրել՝ արդյունքի հասնելու համար»,- ասաց տնտեսագետը:
Մանասերյանը նշեց, որ խոսքը նաև ռուսական գազը ռուբլով գնելու մասին է:
Արդյո՞ք կողմերի միջև ձեռք կբերվի համաձայնություն, թե՞ ոչ, տնտեսագետն ասաց, որ դժվարանում է պատասխանել, որովհետև բանակցությունների արվեստը բավական նուրբ է: «Բանակցությունները կախված կլինեն անձերից, թե ինչպես կներկայացնեն հարցը: Ինձ համար մինչ օրս ամերիկյան, եվրոպական նաև ռուսական տնտեսական դիվանագիտությունն ավելի արդյունավետ է երևում, քան՝ հայկականը: Հայաստանում դեռևս նոր պետք է ձևավորվի տնտեսական դիվանագիտությունը: Կարծում եմ, որ եթե դրանով բանիմաց մարդիկ կզբաղվեն, արդյունքներ կլինեն: Ներուժը կա, մնում է՝ ճիշտ մատուցել»,- շեշտեց Թաթուլ Մանասերյանը: