Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) վերջնաժամկետը սահմանել ընթացիկ տարվա հունիսի 30-ը, մերժում կստանա, գրում է The Guardian-ը:
ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, հակված է Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանել ևս մեկ տարով՝ մինչև 2020թ. մարտը:
Չնայած, որ հուսահատության մեջ ընկած Մեյը ջանք չի խնայել Փարիզին և Բեռլինին համոզելու հարցում, սակայն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ չի հավատում բրիտանացի խորհրդարանականների՝ մինչև հունիսի 30-ը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ Բրյուսելի հետ համաձայնեցված համաձայնագիրը վավերացնելու հեռանկարին:
Տուսկը ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարներին ապրիլի 10-ին հրավիրել է համաժողովի, որի շրջանակում որոշվելու է «Բրեքզիթ»-ի նոր վերջնաժամկետը:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ-ն հակված է վերջնաժամկետ սահմանել կա՛մ 2019թ. դեկտեմբերը, կամ 2020թ. մարտի վերջը:
Պարբերականը մանրամասնում է, որ վարչապետ Մեյի թիմում ոմանք արդեն ընդունում են, որ «խաղն ավարտված» է և վարչապետին այժմ դժվար ընտրություն է սպասվում: Հատկանշական է, որ Մեյը չունի սեփական կուսակցության բոլոր անդամների աջակցությունը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի է ունեցել 2016թ., սակայն երկիրն առ այսօր շարունակում է ԵՄ անդամ լինել: Ի սկզբանե Լոնդոնի անդամակցությունը պետք է դադարեցվեր 2019թ. մարտի 29-ին, սակայն պատգամավորները հրաժարվում են վավերացնել համաձայնագիրը՝ պնդելով, որ այն չի բխում Միացյալ Թագավորության շահերից: