ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կապ չի տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանն և «Առինջ Մոլ»-ում ստուգումների հետ։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ թե նոր իշխանությունները նման գործելաոճ չունեն, որ իրենց քննադատելուց անմիջապես հետո ճնշման լծակներ կիրառեն։
«Ձեր ասածը, թե քննադատությունից հետո ստուգումներ սկսեցին, ենթադրում է, որ քաղաքական որոշում կա, քաղաքական արձագանք է։ Բայց արդեն բավականին ժամանակ է անցել և կարող եք համոզվել, որ մեր իշխանության գործելաոճի մեջ նման քայեր չկան։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապել չարժե»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ ՊԵԿ համապատասխան վարչությունը մեկ օրում այս կամ այն տեղում ստուգումներ իրականացնելու որոշում կայացնում։ Նա նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փորձառու քաղաքական գործիչ է և կարող է այս կամ այն հարցի վերաբերյալ ունենալ իր դիրքորոշումը։
«Անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը լավ բան կասի, թե վատ, եթե ստուգելու բան կա, կստուգվի: Եթե ստուգելու բան չկա, անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը վատ բան կասի, թե շատ վատ բան կասի, որևէ մեկը նրան չի անհանգստացնի»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն չի գոհացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի աշխատանքը։ Իսկ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ»-ում։