«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ակցիաներ չեմ կազմակերպել: Եթե տեսանյութ կա, թող հրապարակեն»: Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարկումներին, որոնցում, հղում անելով ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մանթաշյանի գրառմանը, նշվում է, որ Պապոյանը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաներին, որի կազմակերպիչը Մանթաշյանն է եղել: Ըստ հրապարակման՝ այդ ամենի վերաբերյալ նաև համացանցում տեսանյութ կա:
«Հերքում եմ դա և նմանատիպ այլ տեղեկությունները: Ես չպետք է ամեն մեկի գրածին արձագանքեմ, այդ թեմայով չեմ ուզում խոսել: Ֆեյսբուքյան գրառում եմ գրել՝ կարող եք տեսնել, անդրադարձել եմ ՀՀԿ անդամակցության հետ կապված հարցերին»,-մանրամասնեց Գևորգ Պապոյանը:
Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀԿ անդամակցության վերաբերյալ հրապարկումներին՝ Գևորգ Պապոյանը նշել է. «Հասկանում եմ, որ ԱԺ-ում իմ գործունեությունը ՀՀԿ-ական որոշ շրջանակների դրել է ծանր դրության մեջ և դա է պատճառը, որ իրենց լրատվամիջոցներով ակտիվ պայքար են սկսել իմ անձի դեմ, սակայն դա որևէ կերպ չի կանգնեցնելու ինձ՝ ՀՀԿ-ի ապազգային կերպարը բացահայտելուն ուղղված իմ աշխատանքներում:
Կրկնում եմ, որ ՀՀԿ-ին անդամակցել եմ սրանից դեռևս 13 տարի առաջ և արդեն 12 տարի է որևէ ուղղակի կապ չունեմ այդ կուսակցության հետ, չեմ զբաղվել որևէ գործունեությամբ, որը այդ կուսակցության հետ կապ ունի: Մնացած պատմությունները, որոնք շրջանառվում են մամուլում հերքում եմ»:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կարճ ժամանակով է անդամակցել ՀՀԿ-ին, և իր անդամակցությունը եղել է «ֆիկտիվ», որից հետո օգտատեր Նարեկ Մանթաշյանը հայտարարել է, որ Պապոյանին ճանաչում է ուսանողական տարիներից: Մանթաշյանը նման գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Ես 2007-2010թթ եղել եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը, Պապոյանը եղել է մեր ուսանողական խորհրդի ֆակուլտետային նախագահ: Նա 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ-ին ոչ թե իր ընկերներից մեկի խաթր, այլ բառացի եմ ասում` նրա հայրը, ով մանկավարժական համալսարանում դասախոս էր, խնդրել էր էդուարդ Շարմազանովին, որ նա միջնորդի, որ գյուղի խեղճ տղա է ընդգրկեն ՈՒԽ շարքերը և ակտիվացնեն:
Դրանից հետո նա ակտիվ մասնակցել է բոլոր կուսակցական երիտասարդական հավաքներին, ասեմ ավելին` ես եմ եղել կազմակերպիչը 2008 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանը անընդհատ եղել է իմ կողքին...»: