Ֆիլիպինցի կաթոլիկ հավատացյալն արդեն 33 տարի անընդմեջ մասնակցում է ամեն տարվա Ավագ ուրբաթին անցկացվող կրոնական միջոցառմանը՝ Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանի վերստեղծման արարողությանը, և ամեն անգամ մարմնավորելով Քրիստոսին՝ խաչվում է:
Ինչպես նշում է Oddity Central-ը, 58-ամյա Ռուբեն Էնաջեն արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի վերջին անգամ կհամաձայնի խաչ բարձրացվել և այլևս չի «մարմնավորի» Քրիստոսին:
Ներկայում նա փնտրում է այնպիսի մեկին, որը կհամաձայնի փոխարինել իրեն և թույլ կտա, որ խաչելության տեսարանի վերստեղծման ժամանակ իր ձեռքերն ու ոտքերը խաչեն իսկական մեխերով:
«Նա պետք է լինի համեստ մեկը, որն օրինակելի անձ կլինի իր համայնքի համար, կունենա ճիշտ արժեքներ, չի պարծենա իրեն վստահված դերով»,-ասել է նա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆիլիպինների Սան Ֆերնանդո քաղաքում Քրիստոսի խաչելության տեսարանի վերստեղծման ավանդույթը սկզբնավորվել է 1962թ.՝ դառնալով աշխարհում ամենահայտնի քրիստոնեական միջոցառումներից մեկը՝ չնայած, որ այն բավականին վիճահարույց է: Թե՛ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները, թե՛ առողջապահության ոլորտի մասնագետները դատապարտել են այն՝ մարդկանց կոչ անելով չմասնակցել միջոցառմանը:
Նշվում է, որ մեխերի առաջացրած վերքերն ապաքինվում են երկու շաբաթում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։