ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 30-ին հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, բնագավառի հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Նա իր խոսքում շեշտադրել է, որ ՀՀ գործընկերները կարող են աջակցել Արցախին մարդու իրավունքների հիմնախնդիրների միջազգայնացման, միջազգային կազմակերպությունների ներգրավվածության, ինչպես նաև տեղի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման հարցում:
Բարձր գնահատելով ՀՀ կողմից մինչ այժմ կատարված քայլերը՝ Պաշտպանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն այդ ուղղությամբ:
Ա. Բեգլարյանն ընդգծել է նաև, որ Արցախի Հանրապետության չճանաչվածության ու Ադրբեջանի հայատյացության քաղաքականության պատճառով բազմաթիվ իրավունքներ զանգվածայնորեն ու շարունակաբար խախտվում են: Նա նշել է, որ ի հեճուկս մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին՝ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի միջազգային ընդգրկվածության վրա: