Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Պուտինը թռչել է ամենամեծ գերձայնային ինքնաթիռով. երթուղին չի բացահայտվել

$
0
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացել է արդիականացված ՏՈՒ 160Մ ռազմավարական հրթիռակիրի սրահ (ըստ ՆԱՏՕ-ի կոդավորման՝ Blackjack): Թռիչքը կտևի մինչև 40 րոպե, երթուղին չի բացահայտվում, քանի որ ռազմական գաղտնիք է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը ժամանել էր Կազանի Գորբունովի անվան ավիացիոն գործարանի թռիչքուղի։ Թռիչքի համար Պուտինը հագել է հատուկ թռիչքային կոստյում։

Ռուսաստանի ղեկավարը ողջունել է սպասող անձնակազմին, այնուհետև բարձրացել ինքնաթիռ։

ՏՈՒ 160Մ-ը ՏՈՒ 160 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այն նախագծված է միջուկային և սովորական զենքերով հեռավոր տարածքներում կարևորագույն թիրախներ խոցելու համար: Այն ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է և աշխարհի ամենածանր մարտական ինքնաթիռը։


Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկներ

$
0
0

Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։

Ռայիսին նշել է, որ Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա գործողությունները հանգեցրին իրանական ժառանգության վերադարձին:

«Մենք երկիր ենք hետ բերել 3506 կավե սալիկ, մնացածը շուտով կվերադարձնենք», - ասել է Իրանի նախագահը։

2019 թ. Իրանը ԱՄՆ-ից պահանջել էր վերադարձնել Աքեմենյան ժամանակաշրջանի 30 հազար սալիկներից բաղկացած «անօրինականորեն պահվող հավաքածուն»։ Դրանք Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հնագետների կողմից 1933 թ. հայտնաբերվել են Պերսեպոլիսում (Իրանի Ֆարսի նահանգ) պեղումների ժամանակ, որոնք անցկացվել են իրանցի հետազոտողների հետ համատեղ։ Այս և մյուս կավե սալիկներն ուսումնասիրության համար 1935 թ. փոխանցվել էին Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտին: Իրանի իշխանությունների տվյալներով՝ ամերիկացիները 1948 թ. վերադարձրել են դրանցից 150-ը, իսկ 2001 թ.՝  ևս 200-ը, սակայն ցուցանմուշների մեծ մասը մնում է ԱՄՆ-ում։

2023 թ․ օգոստոսին Իրանի մշակութային ժառանգության պահպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մի քանի ամսվա ընթացքում վերադարձնել ավելի քան 20 հազար Աքեմենյան կավե սալիկներ: Դրանք տեղեկատվության կարևոր աղբյուրներ են, որոնք բացահայտում են մ.թ.ա. 5-րդ դարում տնտեսական, սոցիալական և կրոնական տվյալներ Աքեմենյան կայսրության և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մասին:

Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով

$
0
0

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզը ձմռանը հարկադրված աշխատել է պարապուրդի ռեժիմով: Հարյուր տարի առաջ կառուցված՝ ֆունկցիոնալ այլ նշանակության շենքը բարձր առաստաղ ունի․ ներսում բավարար ջերմություն ապահովելու համար շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է լինում: Չնայած մարզի համեմատաբար մեղմ կլիմային՝ գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Էլեկտրական սալիկներից ու վառարաններից օգտվելն էլ ապահով չէ փոքրիկների համար: Այդ ամենը, սակայն, արդեն անցյալում է:

Բնութագրությունը հասանալի չէ

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով  այս տարվանից մանկապարտեզում գործում է արևային ֆոտովոլտային կայան՝ զրոյացնելով էներգիայի ծախսերը: Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ է տալիս ապահովել  մանկապարտեզի բնականոն  աշխատանքը և անգամ նոր խումբ բացելու հնարավորություն ստեղծում::

«Արևի երկրում արևից չօգտվելը մեծ բացթողում կլինի: Հատկապես հիմա, երբ մարդկանց կյանքը հեշտացնելու և դրանով հանդերձ՝ ռեսուրսները խնայելու միտում կա աշխարհում, պետք է օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Մեզ համար դա ռազմավարական ուղղություններից է, ինչը դրսևորվում է թե´ ծրագրերի, թե´ մեր հիմնական գործունեության մեջ։ Մենք արևային ֆոտովոլտային կայանները դիտարկում ենք որպես բջջային ցանցի արդիականացման բաղադրիչ: Սա պատասխանատու մոտեցման և երկարաժամկետ ներդրման մոդել է, որից շահում են և մարդիկ, և բնությունը, և տնտեսությունը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:Բնութագրությունը հասանալի չէ

«Համատեղ ջանքերով մենք ոչ միայն փոփոխություն ենք բերում համայնքների էներգետիկ ենթակառուցվածքներում, այլև խրախուսում ենք կայուն կենսակերպն ու բնահեն մտածելակերպը։ Նման ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանում ավելի կայուն ու ամուր համայնքներ կերտելու ճանապարհին»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը բարձր է գնահատում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացված ծրագիրը: Ուրախ է, որ արևային կայանի շնորհիվ մանկապարտեզի ծրագրերը կախված չեն լինի եղանակային պայմաններից:Բնութագրությունը հասանալի չէ

Հայաստանի մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվազեցնում են գյուղական համայնքների ծախսերն ու ակտիվացնում են բնակիչների կյանքը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիմնադրվել է 2002 թվականին, 2012 թվականից Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ կազմակերպություն է: FPWC-ի առաքելությունն է հանրայնացնել Հայաստանի եզակի բնական ժառանգության և կենսաբազմազանության պահպանման կարևորությունը, բարձրաձայնել և լուծել առկա բնապահպանական խնդիրները: Հիմնադրամը նպատակ ունի մեղմել մարդկու և վայրի բնության հակամարտությունը և դրա հետևանքները՝  նվազեցնելով բուսական և կենդանական տեսակների վերացման ռիսկերը: Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքների զարգացումը և հանրային իրազեկումը FPWC-ի գործունեության հիմնական ուղղություններն են։ Ավելին իմանալու համար այցելեք www.fpwc.org.

Դիզայներական նոր լուծումներ, համաշխարհային նոր բրենդներ․ Երևան մոլը նշում է իր 10-ամյակը (տեսանյութ)

$
0
0

Երևան մոլը նշում է իր 10-ամյակը։ Բացվելով 2014 թվականին՝ կարճ ժամանակահատվածում Երևան մոլը կարողացավ դիրքավորվել որպես ընտանեկան մոլ՝  դառնալով  մեծերի և  փոքրերի սիրելի վայրը։

Երևան մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով  Մոլը՝ որպես բիզնես միավոր, «ապրող «օրգանիզմ» է, հետևաբար խանութները, ներկայացված բրենդները մշտապես նույնը չեն մնում, պահանջարկն ու մրցակցությունը հանգեցնում  են փոփոխությունների: Շատ շուտով Երևան մոլում ներկայացված կլինեն համաշխարհային մի շարք բրենդներ։

Երևան մոլը եկավ փոխելու քաղաքի առևտրաժամանցային ոլորտի մշակույթը, մարդկանց ծանոթացրեց մոլային մշակույթին, բերեց նոր ասելիք, թելադրեց որակ՝ հավատարիմն մնալով առաջնային նպատակներին։ Այսօր արդեն երևան մոլն ունի 100 տոկոս հագեցվածություն օրական այցելույունների թիվը հասնում է 13-14 հազարի՝ ամսական կտրվածքով հասնելով կես միլիոնի։

10 տարիների ընթացքում բացվել են 200-ից ավելի խանութներ ու ժամանցի վայրեր, եղել ՝ ճանաչված բերնդների էքսկլյուզիվ ներկայանցվածություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում արվել են  բազմաթիվ միջոցառումներ։

Երևան մոլը շարունակելու է անել ամեն ինչ, որպեսզի  հաճախորդներն  իրենց զգան ավելի ապահով և հարմարավետ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

$
0
0

Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, ավելին՝ կարծում է, որ այս մասին չբարձրաձայնելը անթույլատրելի կլինի։

«Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք համակարգում եք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անվանումով հանձնախումբը, այսինքն՝ Դուք իրատեսական ե՞ք համարում, որ հայերի վերադարձը հիմա հնարավոր է, եթե ստանձնել եք այդ գործը։

Վարդան Օսկանյան. - Իհարկե, եթե այդպես չհամարեի, չէի ստանձնի, երկրորդ՝ անկախ ամեն ինչից գիտեք՝ այս հարցը չբարձրացնել, չխոսելը, նույնիսկ ծայրահեղության գնամ, ասեմ, հանցագործություն կլինի։ Այս վերքը դեռ թարմ է, մեր հայրենակիցներն իսկապես էթնիկ զտմամբ ու սպառնալիքներով վռդնվել են ուղղակի, իրենց տներն են թողել, գերեզմանները, ունեցվածքը։

Մեր ամբողջ հայ ժողովդրի պատմական ժառանգության մի մասն է այնտեղ, և չխոսել դրանց վերադարձի մասին, այդ պահանջատիրությունը չունենալ, ես կարծում եմ, որ իսկապես մեղսունակություն է և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական, և՛ բարոյական տեսակետից, և՛ հայ ժողովրդի հպարտության տեսակետից։

 

 

ԱԽ քարտուղարը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

$
0
0

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ:

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, որը ներառում է նաև համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։

Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

Հայաստանին են փոխանցվել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ

$
0
0

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ։

Բայրամովը նշել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Նշվել է, որ «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները։ Հանդիպմանն ընդգծվել է այս պնդումների անընդունելիությունը» (չակերտները՝ Tert.am)։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կորոշեն Աբխազիայի զարգացման հեռանկարները 6 տարվա ընթացքում․ Աբխազիայի նախագահ

$
0
0

Ռուսաստանի գալիք նախագահական ընտրությունները կորոշեն Աբխազիայի զարգացման և ռուսական պետության հետ փոխգործակցության հեռանկարները առաջիկա վեց տարում։

Այս մասին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ասել է «Ռուսաստան և Աբխազիա. անվտանգություն և զարգացում» կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել է Սոցիալ-տնտեսական հետազոտությունների կենտրոնը (CSER):

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընտրությունների օրը՝ մարտի 17-ին, հանրապետությունում կբացվի 30 ընտրատեղամաս։ Քվեարկությանը կմասնակցեն երկքաղաքացիություն ունեցող Աբխազիայի քաղաքացիները։

«Եթե վերցնենք Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետությունները, որտեղ ընտրություններ են անցկացվելու, ապա Աբխազիայում նման թվով ընտրատեղամասեր չկան, մենք այդ օրը կմոտենանք որպես մեծ տոն, որը կորոշի առաջիկա 6 տարիների՝ ինչպես մեր զարգացման, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ մեր փոխգործակցության հեռանկարները»,- ասել է նախագահը։


Գազայում մենք ունենք մեկ պարզ նպատակ՝ լիակատար հաղթանակ․ չենք հանձնվի մինչև չհասնենք լիակատար հաղթանակի․ մենք դրա ճանապարհին ենք․ Նեթանյահու

$
0
0

Իսրայելը գնում է Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ շարժման լիակատար վերացման ճանապարհին և կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել լիակատար հաղթանակի։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի հյուսիսում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հարավում (Գազայի հատվածում,- նշում է ՏԱՍՍ-ը) մենք ունենք մեկ պարզ նպատակ՝ լիակատար հաղթանակ: Մենք ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և մեր պատանդներին ազատելու ճանապարհին ենք:

Մենք չենք հանձնվի մինչև չհասնենք լիակատար հաղթանակի»,- ասել է վարչապետը: ասաց. գրասենյակ.

Ինչու է խոշոր մասնավոր ընկերությունների բաժնետոմսերի մի մասը հայտնվում կառավարության տնօրինության տակ. Բաբկեն Թունյանը չմտաբերեց առաջադեմ երկրի նման որևէ փորձ

$
0
0

ՔՊ-ական պարտգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի մտաբերում պատմության մեջ մի դեպք, երբ կայացած մասնավոր ընկերությունը որոշի ինքնակամ սեփական բաժնետոմսերը նվիրել պետությանը։

Նշենք, որ նախ՝ կասկածելի գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մի մասը հայտնեց կառավարության տնօրինության տակ, ապա՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ու ՄՏՍ-ի։

 «Փաստինֆոյի» հետ զրույցում Թունյանը նշեց, թե գիտի շատ օրինակներ, երբ պետությունը «փայ է կազմում» մասնավոր ընկերության կամ ամբողջութամբ դրա սեփականատեր է, հատկապես, երբ այդ ընկերությունները ստրատեգիական ոլորտներում են գործում։

«Ես՝ ինքս նման օրինակներ, երբ եղել է մասնավոր, հետո դարձել է պետական, կարող է փնտրեմ գտնեմ կամ չգտնեմ, բայց ամեն երկիր իր դինամիկան ունի, որ նայենք մեր պատմությունը, թե ոնց են ընկերությունները ի սկզբանե եղել պետական, հետո դարձել մասնավոր, հետո ոնց են դարձել մեկ այլ սեփականատիրոջը ու ոնց ենք հասել էս վիճակին՝ էդ առումով էլ կարող է մենք ունիկալ լինենք»,- նշել է Թունյանը՝ ավելացնելով, որ որևէ կրիմինալ, որ ընկերությունը՝ որպես բարի կամքի դրսևորում, որոշում է բաժնետոմսերի մի մասը զիջել պետությանը՝ չեմ տեսնում»։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ սա պետական ռեկետ է, նա ընդգծեց, որ սա որևէ դեպքում պետական ռեկետ չի, որովհետև ռեկետն այն է, երբ որևէ մեկը ստիպում է մարդուն դա անել։

Հարցին, թե արդյոք վստահ է, որ որևէ պարտադրանք կամ մասնավոր զրույց չի եղել՝ նա ասաց, որ խոսում է իր տեղեկությունների մասին։ «Իմ վստահությունը նաև հիմնված է իմ քաղաքական թիմի նկատմամբ վստահության վրա»։

Նկատենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը չէր կարողացել մատնանշել զարգացած երկրի որեւէ փորձ, որտեղ կայացած ու շահութաբեր ընկերությունը հանկար որոշի, որ իր բաժնետոմսերի մի մասը հենց այնպես պետք է «նվիրի» կառավարությանը։

Արդյո՞ք մեր պատմությունը, «ԱՆԻՖ» օրինակը չեն վկայում այն մասին, որ պետությունը արդյունավետ կառավարիչ կամ ներդրող չէ, իսկ որ ԱՆԻՖ-ը բարձր աշխատավարձեր տրամադրելով ֆինանսները արդյունավետ չի կառավարել, արձանագրել է անգամ Պետական վերահսկողական ծառայությունը, որի արդյունքներով նաեւ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բաբկեն Թունյանը որպես արձագանք նշեց, որ պետությունը շատ փոքր մաս ունի և պետության կողմից կառավարմանը մասնակցությունը շատ սահմանափակ է։ «Այսինքն, այնտեղ որոշումները կայացվում են պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից։ Դա նույնն է, որ օրինակ մի ընկերություն որոշի իր բաժնետոմսերի 30 տոկոսը բորսայի միջոցով վաճառել և 1000-ավոր մարդիկ դա գնեն։ Այսինքն, կա կորպորատիվ կառավարում և այդ բաժնետերերը միասին ընդունում են կորպորատիվ կառավարման համակագը, մշակում են պրոֆեսիոնալ կառավարիչների, որոնք այդ գործերով զբաղվում են»։

Հիշեցնենք, որ 2021 թ-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ի նոր սեփականատերը բաժնետոմսերի մի մասը նվիրել է կառավարությանը։

2024 թի հունվարին կառավարության նիստում հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանի կառավարությանը, թեեւ տարիներ շարունակ վերջինս չէր կարողացել ապահովել ընկերության անչափան աշխատանքը։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։

2024 թ-ի հունվարին նաև «ՄՏՍ Հայաստան»-ը հայտարարեց, որ բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը։ Ընդ որում՝ նման որոշում է կայացվել, երբ ՀՀ իշխանությունները թույլատրեցին բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքը, թեեւ ավելի վաղ մերժվել էր։

Տոնի Կրոսը 2,5 տարվա դադարից հետո վերադառնում է Գերմանիայի հավաքական

$
0
0

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո-2024-ից առաջ հայտարարել է հավաքական վերադառնալու մասին։ Հիշեցնենք, որ մրցաշարն այս տարի կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Կիսապաշտպանը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո հեռացավ ազգային թիմից։

«Մարտից նորից կխաղամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Քանի որ մարզիչն ինձ դա խնդրեց: Ես պատրաստ եմ դրան և վստահ եմ, որ Եվրոպայի առաջնությունում մեզ շատ ավելին է սպասվում, քան ակնկալում են երկրպագուները»,- գրել է Կրոսը սոցցանցերում։

Կրոսը ազգային հավաքականում խաղացել է 11 տարի (2010-ից 2021 թվականներին)։ Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 106 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստն աշխարհի չեմպիոն է դարձել 2014թ.

Այս մրցաշրջանում Կրոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 14 միլիոն եվրո։

ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպան

$
0
0

Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։

Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը:

ՌԴ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Նրա մոտ հարց է առաջանում` ինչ է նշանակում «չկարողացավ կանխել»։

«Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ Հայտնի է, որ ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են խաղացել էսկալացիա թույլ չտալու հարցում», - նշել է նա։

Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին մեղադրել միջադեպը չկանխելու մեջ: Եվ երբ Կոպիրկինն այդ ամենը դիտարկում է ռուս խաղաղապահների, սահմանապահների նկատմամբ հնչող զանգվածային քննադատության համատեքստում, երբ այդ ամենը դրվում է հայկական կողմի ՝ տարածաշրջանում կարգավորման հարցում Ռուսաստանի հետ աշխատելու անպատրաստ լինելու համատեքստում, ապա, իհարկե, նրա մոտ հարցեր են առաջանում։

ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ

$
0
0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:

Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը:

Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ:

Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:

Երևանում՝ եռահարկ տանը, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա վիրավոր․ Shamshyan.com

$
0
0

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:  

 

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի ՌԴ-ի հետ խաղաղ բանակցությունների գնալու անհրաժեշտությունը․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

$
0
0

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների գնալու անհրաժեշտությունը։

Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ մենք հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է՝ կանգնել Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի, և ռուսների հետ բանակցելու ցանկացած որոշում որոշում է, որը պետք է կայացնի Ուկրաինան։

Եվ հետաքրքիր կլինի, որ ռուսները նայեն այս խաղաղության համաձայնագրին և հասկանան, թե որ պահին կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է  ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։


Ազատ է արձակվել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը․ փաստաբան

$
0
0

Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Նրան մեղադրանք չի առաջադրվել։ Անազատության մեջ պահվել է շուրջ 60 ժամ։ Այն արարքը, որի մեջ կասկածվում էր` թմրամիջոցների պահումը և իրացումը, չի հաստատվել»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ձերբակալվել էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով:

Այսօր, մի քանի ժամ առաջ, Աշոտ Դանիելյանի բնակարանի և մեքենայի խուզարկություն է իրականացվել, և  թմրանյութ կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ բան չի հայտնաբերվել։

Ապագայի վերաբերյալ իմ որոշումը չի փոխվի․ Չավի

$
0
0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի պատրաստվում փոխել ակումբը լքելու իր որոշումը։

«Ապագայի վերաբերյալ իմ որոշումը չի փոխվի։ Համոզված եմ, որ այս ակումբը փոփոխությունների կարիք ունի։ Հունիսին դեռ մի քանի ամիս կա, բայց կարծում եմ, որ որոշումս անհրաժեշտ էր ակումբին։  Սա լավագույն որոշումն է ինձ համար և լավագույնը ակումբի համար»,- Չավիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Չավին հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: 25 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 54 միավորով զբաղեցնում են երրորդ տեղը՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով 8 միավորով։

Երևանը և Նյու Դելին նախատեսում են կարգավորել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան Հայաստան

$
0
0

Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես, աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև 2022 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ձեռք բերված պարտավորություններին՝ կարևորելով փաստաթղթով նախատեսված կետերի ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը։

Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը և առաջարկել դիտարկել Հայաստան ժամանող հնդիկների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համապատասխան հարթակի ստեղծման գաղափարը, որը թույլ կտա մի կողմից հավաքագրել Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով ներկայացնել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

Նշվում է, որ «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրենը ևս ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը․ Վեդ Մանի Թիվարին առաջարկել է ՀՀ դեսպանության աջակցությամբ ծրագիր իրականացնել Հնդկաստանի աշխատանք փնտրող քաղաքացիների համար՝ նախապես ծանոթացնելով ՀՀ իրավական դաշտին, աշխատանքի հնարավորություններին և այլն։ 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված հարցերին։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

$
0
0

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ստեփանավան քաղաքում տեղում է ձյուն:
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արևմուտքի մեծամտությունը թույլ չի տալիս խոսել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին․ Լավրով

$
0
0

Արևմուտքի մեծամտությունն ու ռուսատյացությունը թույլ չեն տալիս խոսել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին, նա չի ցանկանում լուրջ երկխոսություն, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հաստատել է իր խոսքերը բանակցությունների պատրաստակամության մասին «երկու տարի առաջ Ստամբուլում», և որպես օրինակ բերել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հայտարարությունը, ով ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ պայմաններ չի տեսնում բանակցություններ սկսելու համար։

«Այն, ինչ ասում են մեր գործընկերները, թող իրենք բացատրեն, թե ինչու կտրականապես չեն ցանկանում լուրջ երկխոսություն իրական խնդիրների շուրջ, որոնք իրենք են ստեղծել Ուկրաինայում»,- ընդգծել է Լավրովը։

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>