Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Հիմա պետք է թողնել Թիկնիզյանի թեման․ նա «Լոկոմոտիվի» կազմում պատրաստվում է Ռուսաստանի առաջնության վերսկսմանը և կենտրոնացած է միայն դրա վրա. Թիկնիզյանի գործակալ

$
0
0

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խնդրել է դադարեցնել մոսկովյան ակումբից ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու թեման ՌՊԼ-ի վերսկսման նախօրեին։

Հիշեցնենք, որ այս ձմռանը հայ խաղացողը կարող էր տեղափոխվել «Զենիթ», սակայն գործարքը, ի վերջո, չկայացավ։ Լրատվամիջոցները գրել էին, որ Թիկնիզյանը չի կարողացել պայմանավորվել պետերբուրգցիների հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։

-Հիմա պետք է  թողնել Թիկնիզյանի թեման։ Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում պատրաստվում է Ռուսաստանի առաջնության վերսկսմանը։ Նա կենտրոնացած է միայն դրա վրա. Հիմա սա է ամենակարևորը։

-Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» չկայացավ Նաիրի հրաժարվելու պատճառո՞վ։ 

-Այս խոսակցություններն այժմ անիմաստ են, — ասել է Կլյուևը Sport24-ի հետ զրույցում։


Պուտինը մեկնաբանել է իր հասցեին Բայդենի վիրավորանքները

$
0
0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի վիրավորական հայտարարությունն իր հասցեին անվանել է բամբասանք։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դուք ինձ հարցրիք, թե ով է մեզ համար նախընտրելի որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, բայց կարծում եմ, որ Բայդենն ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար։ Եվ դատելով նրա ասածից՝ ես միանգամայն իրավացի եմ, քանի որ սա համարժեք արձագանք է իմ կողմից ասվածին»,- ասել է Պուտինը՝ Բայդենի խոսքերն անվանելով ձանձրալի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

«Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ ստիպված ենք լինում անհանգստանալ միջուկային հակամարտության առնչությամբ, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է», - ասել է Բայդենը:

Ավելի վաղ Բայդենը Պուտինին բնութագրելիս նրան անվանել էր «դիկտատոր», «դահիճ» և «ռազմական հանցագործ», «մարդասպան»:

Շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ՀՀ-ի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ

$
0
0

Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը՝ հրապարակելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից լուսանկար։

«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ. շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր երկուստեք ցանկությունը:

Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է նա։

Լիտվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվեց դեսպան նաև Էստոնիայում

$
0
0

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանին, համատեղության կարգով, Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս) նշանակելու մասին։

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

$
0
0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկել են  իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Ուկրաինայի շուրջ:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները քննարկել են մի շարք արդի տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ շեշտը դնելով Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:

Քննարկվել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր»,-ասվում է դիվանագիտական գերատեսչությունում:

Բացի այդ, կողմերը քննարկել են էներգետիկ նախագծերը և առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։

Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը

$
0
0

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։

«Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ Ըստ օրենքի, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել: Փոխարենը նրանք շանտաժի են ենթարկում ինձ և պայմաններ դնում, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը, — ասել է Լյուդմիլա Նավալնայան։

Քաղաքական գործչի մոր խոսքով ՝ քննիչները ցանկանում են գաղտնի թաղել Նավալնիին եւ սպառնում են նրան, եթե նա չհամաձայնի դրան։

Փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ըստ գերատեսչության տվյալների՝ զբոսանքից հետո նա իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, բժիշկները կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել նրան: 

Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներկայացուցիչ

$
0
0

«Բևեռային գայլ» գաղութում փետրվարի 16-ին մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, բժշկական եզրակացության համաձայն, մահացել է բնական պատճառներով՝ հայտնել է Նավալնու ներկայացուցիչ Կիրա Յարմիշը: Քաղաքական գործչի մայրն էլ տեղեկացրել է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը, սակայն պահանջել են գաղտնի հուղարկավորություն կազմակերպել՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի պայմաններով:

Փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ըստ գերատեսչության տվյալների՝ զբոսանքից հետո նա իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, բժիշկները կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել նրան: 

Հիշեցնենք՝ Նավալնիի մահից հետո ռուսական ԶԼՄ-ները գրել են, որ քաղաքական գործչի մահվան պատճառը եղել է թրոմբը:

Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը ՀՀ իշխանության պատասխանն էր արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին՝ որը նախաձեռնել էր Արցախի նախագահը․ Աբրահամյան

$
0
0

Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը ՀՀ իշխանության պատասխանն էր արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին՝ որը նախաձեռնել էր Արցախի նախագահը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի նախագահի օգնականի մեծ շուքով` դիմակներով, ձեռնաշղթաներով, աղմուկով ձերբակալումից 2 օր անց շոուն ավարտվեց, իսկ ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց:

Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ այն արարքը` թմրանյութեր պահել ու դա ապօրինի իրացնելը, որում կասկածվում էր Աշոտ Դանիելյանը, չի հաստատվել և նրան ազատ են արձակել:

Այն կեղտոտ արշավը, որը զուգահեռ իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին, ով ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում թեմային բավականին կոշտ արձագանքել է:

Ակնհայտ էր, որ դա ՀՀ իշխանության պատասխանն էր փետրվարի 20-ի արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին, որը նախաձեռնել էր Արցախի նախագահը` Եռաբլուր այցով և Արցախի ներկայացուցչությունում միջոցառում կազմակերպելով», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ձերբակալվել էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով:

Այսօր նրան ազատ են արձակել։


ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ պայթուցիկ Է հայտնաբերվել․ Shamshyan.com

$
0
0

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել է ներս, բարեբախտաբար չի պայթել այն։

Դեպքի վայրում արդեն ներսում գտնվողներից մի քանիսն ասում էին, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ ասել են այդ դեպքում ինչի համար ժամացույցը չի գործել Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող ա «էլեմենտը» նստել է։

Շոլցը պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

$
0
0

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտպանել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրին։

ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգը համապատասխան պաշտոնը ստացել է 2014թ։ Սպասվում է, որ նրա լիազորությունների ժամկետը կլրանա այս տարվա հոկտեմբերին։

Երեք անանուն դիվանագետների խոսքով ՝ ներկա պահին Ռյուտեի թեկնածությանը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շուրջ 20 երկիր:

Այնուամենայնիվ, գործակալության մեկ այլ աղբյուր նախազգուշացրել է, որ ռազմական դաշինքը դեռևս վերջնական համաձայնության չի եկել այդ հարցի շուրջ և ցանկացած պահի կարող է նոր ֆավորիտ հայտնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան

$
0
0

Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր ներկայացվեցին հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները։ Շատ կարճ նշեմ հիմնական արդյունքը։

Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից:

Կրթական արդյունքը, որը տալիս էինք մեր երեխաներին, 2015-ի ուսումնասիրությունների համաձայն, համարժեք էր շուրջ 8 տարվա: Այս տարբերությունը ցույց է տալիս դպրոցում անցկացված ամեն օրը, որի ընթացքում մեր երեխաները ոչինչ չեն սովորում։

Հանրակրթության չափորոշչի բարեփոխման արդյունքում կրթական արդյունքը կամ կրթության որակը ավելացել է առնվազն վեց ամսով։ Սա ահռելի արդյունք է, երբ համեմատում ես այլ երկրներում չափորոշչի փոփոխության արդյունքների հետ և մեր գործընկերների վկայությամբ, կարող է աշխարհում ներկայացվել՝ իբրև հաջողված փորձ։

Այս արդյունքի մասին խոսում ենք մի պայմանում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել։ Մյուս երկրները հաշվում են իրենց կրթական կորուստը, մենք՝ կրթական առաջընթացը։

Այս արդյունքի մասին խոսում ենք մի պայմանում, երբ չափորոշչի փոփոխությունը և ներդրումը ուղեկցվել է ամենասուր հանրային կասկածամտությամբ ու քննադատությամբ։
Այս արդյունքը դժվար գործընթացի մեկնարկն է միայն, առջևում չափորոշչի հետագա շարունակական ներդրումն է բոլոր դպրոցներում։ Միավորենք ջանքերը, սիրելի ուսուցիչներ, տնօրեններ, սովորողներ, անենք ավելին»,- գրել է Անդրեասյանը։

Օբամեյանգը՝ Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկու

$
0
0

Եվրոպա լիգայի վերջին 16-րդ տուրում «Շախտյորի» հետ խաղում (3:1) գոլը 31-րդն է «Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի համար այս մրցաշարում, ինչի շնորհիվ նա դարձավ այս առաջնության պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։ Այս մասին հայտնում է Եվրոպա լիգայի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Օբամեյանգը Եվրոպա լիգայում ամենաշատ գոլերը խփել է Լոնդոնի «Արսենալում» (14 գոլ), գաբոնցի ֆուտբոլիստը ևս 8 գոլ խփել է Դորտմունդի «Բորուսիայում», Օբամեյանգը յոթ գոլ խփել է «Մարսելի» կազմում, ևս երկու գոլ՝ «Բարսելոնայի» կազմում։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

$
0
0

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 23-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Нет описания.

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 23-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Нет описания.

ԵԽ պատգամավորը Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող մեխանիզմ է համարում ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

$
0
0

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն, վիզայի ռեժիմի ազատականացմանը միտված նոր բանաձևի հավանականությանը։

-Տիկին ֆոն Քրամոն, դուք Մյունխենում էիք անվտանգության համաժողովի օրերին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

- Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը բավականին տագնապալի էր բոլորի համար։ Դժվար էր գտնել լավատեսական մտքերով մարդկանց։ Բայց սա է իրականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Բալկաններում, նույնիսկ Բալթյան երկրներում։ Իհարկե, նաև Ուկրաինայում, Գազայում և այլ վայրերում: Կարծում եմ, որ այն, ինչը մենք առնվազն կարող ենք որպես դրական զարգացում ընդունել, հետևյալն է՝ եվրոպացիները շատ ավելի միասնական են, քան անցյալում: Գրեթե բոլորը հասկացան, որ առանց կոշտ անվտանգության՝ չկա անվտանգություն, խաղաղություն և կայունություն: Եթե ունես ագրեսիվ հարևան, եթե ունես մեկը, ով կցանկանար հարձակվել քեզ վրա՝ դու պետք է պաշտպանվես: Կարծում եմ, որ դա էր համաժողովի ընդհանուր և բավականին գերիշխող թեման:

-Դուք մասնակցեցիք մի փակ քննարկման, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը և որքանո՞վ լսելի եղան  Հայաստանի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ։

- Նրա ելույթը և փաստարկները, կարծում եմ՝ բացարձակապես արդարացված են, լեգիտիմ և շատ կառուցվածքային: Այնպես որ, Հայաստանին քննադատելու բան չկա: Ես նույնպես նրան բացեիբաց ասացի՝ կարծում եմ, որ Հայաստանն արեց բոլոր ճիշտ քայլերը, որ խնդրել էինք մենք և մյուս գործընկերները։ Այսպիսով, եթե խոսենք արժանիքների վրա հիմնված գործընթացի մասին, ապա կարծում եմ, որ Հայաստանը ստանում է բոլոր միավորները և արժանիքները, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ բան են արել։

Բայց, տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա «Նախիջևանի հետ – խմբ.», ի՞նչ ենք անելու: Ես կասկածում եմ, թե Ալիևի համար իրական սպառնալիք կլինի։ Ադրբեջանի արածի նկատմամբ շոշափելի արձագանք չի լինի, այդպես եմ տեսնում։ Մտահոգությունը, որ Ալիևը կարող է միավորվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և նրանց հետ, ովքեր տարածաշրջանում են՝ շատ մեծ է։ Ադրբեջանի դեմ իրական ռազմավարություն մշակելու փոխարեն մենք ակտիվացնում ենք հարաբերությունները: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նաև Թուրքիային չի կարող ձեռնտու լինել այն, որ Ադրբեջանն այդքան գերիշխող է։

Շարունակությունը՝ այստեղ:

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

$
0
0

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 12 դիրքի: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է Լիբանանի ուղղությամբ պատասխան հարվածներ հասցնելու մասին։ 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Հեզբոլլահ»-ի հայտարարությանը, փետրվարի 22-ին «Հեզբոլլահ»-ի մարտիկներն ինը դիրք են գնդակոծել արևելյան, երեքը՝ արևմտյան ուղղությամբ։ Շարժումն ընդգծել է, որ իսրայելական ռազմական դիրքերի վրա հարվածների ժամանակ կիրառվել են հրթիռներ:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը փետրվարի 22-ի ուշ երեկոյան հաղորդել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանից իսրայելական տարածքի վրա հրթիռային և ականանետային հարձակումների:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են բազմաթիվ արձակումներ Իսրայելի հյուսիսում գտնվող Զարիթ և Մեթուլա շրջանների ուղղությամբ: ԻՊԲ-ի զինվորները հարվածել են այն հատվածներին, որտեղից կրակ էր բացվում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ «օրվա ընթացքում ԻՊԲ-ի հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավի առանձին շրջաններում` սպառնալիքները վերացնելու նպատակով»:


Պուտինը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմայով Փաշինյանի հետ դեռևս շփումներ չի ունեցել. Պեսկով

$
0
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեմայով: Եվ առայժմ նման շփումներ չեն նախատեսվում:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, Այս պահին որևէ շփում չկա և չի եղել ։ Բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք նկատի ունենք մեր հայ բարեկամներից պարզել, թե ինչ նկատի ունեն, և ինչպես են գործերը։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը Փաշինյանի հետ շփումներում չի պատրաստվում հստակեցնել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը, թե առայժմ ոչ մի շփում պլաններում չկա։

Հայաստանի գլխին կախված uպառնալիքները մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ. Լըկորնյուն՝ Փաշինյանին

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով պատմական է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր երկկողմ օրակարգի ձևավորման և այդ օրակարգն իրականացնելու հարցում աջակցության համար: Պիտի ընդգծեմ, որ իհարկե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված: Իհարկե, շնորհակալություն հայտնելով՝ պիտի նաև տրամաբանական համարեմ, որ Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, որովհետև ինչպես նախորդ երկու օրերին Փարիզում քննարկելու առիթ ունեցանք, մեր հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն:  Նաև ուզում եմ ընդգծել, որ նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում,  այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»:

Իր հերթին Սեբաստիան Լըկորնյուն նշել է. «Շնորհակալություն այս խոսքերի և ընդունելության համար: Դուք հուզեցիք ֆրանսիացիներին Ձեր ներկայությամբ պանթեոնում: Կարելի է ասել, որ սա շատ յուրօրինակ շաբաթ էր մեր երկու հանրապետությունների համար: Ինչպես այդ մասին ասացի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց հետ հենց նոր ես հանդիպում ունեցա, իրոք որ կար որոշակի պառակտում՝ մի կողմից ջերմ բարեկամական հարաբերությունները, որ մենք ունեինք, և պաշտպանական ոլորտը, որ դեռևս լիովին իրագործված չէր:

Կարծում եմ, որ այս առաջընթացում մեծ դեր են խաղում նաև Ձեր անձնական հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ: Կարծում եմ, որ այն հիմնված է վստահության վրա և թույլ տվեք ինձ ասել, որ նաև մեր երկկողմ վստահությունն է: Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը:

Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Կողմերը կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան- Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը․ հայտնի է՝ ինչ է այն ներառում

$
0
0

Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, որը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպիսով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։

Նշվում է, որ խորհուրդը որոշել է սահմանափումներ սահմանել ևս 106 ֆիզիկական անձի և 88 իրավաբանական անձի նկատմամբ։

ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի Դաշնության հասանելիությունը սահմանափակելուն։

«Այսօրվա որոշումն ընդլայնում է արգելված ապրանքների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը, ներառյալ այն բաղադրիչները, որոնք հարկավոր են անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար», - ասված է հայտարարության տեքստում։

Նշվում է նաև, որ պատժամիջոցներ են սահմանվել 27 կազմակերպության նկատմամբ, որոնք «ուղղակիորեն աջակցում են ՌԴ-ի ռազմարդյունաբերական ոլորտին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում»։ Այդ կազմակերպությունների վրա կտարածվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումներ՝ կապված երկակի նշանակության, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը նպաստող ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման հետ։ Ընդ որում՝ այս կազմակերպություններից որոշները գտնվում են երրորդ երկրներում։

Լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվել նաև այն ապրանքների արտահանման համար, որոնք, մասնավորապես, նպաստում են ռուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը։

ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և այն ուժի մեջ կմտնի միության պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո։

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

$
0
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ փետրվարի 23-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ առողջապահության փոխնախարարի պաշտոնում Նազարյանը նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։

Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերшզմի, անհիմն են. Ադրբեջանի ԱԳՆ

$
0
0

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն «անհիմն» մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:

Դրանք, ըստ Բաքվի, միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։

«Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և դրանք հնչեցնելու վայրը Ֆրանսիան ընտրելը Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է:

Այն վկայում է խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակվող բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը։

«Այն հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, վերջին շրջանում զանգվածային ռազմականացում իրականացնող և 5 ամիս տարածաշրջանի իրավիճակն ապակայունացնող Հայաստանի կողմից, բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>