Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ու «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամներին՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ։
Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Օկամպոյին միջազգային տարբեր ատյաններում հայ ժողովրդի և արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դատապարտաման և գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։
Խոսելով երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգություններն է բարձրաձայնել՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապես իր կարելի նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ, Վեհափառ Հայրապետը կարևորել է, ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ Օկամպոյի ծավալած գործունեությունն ի խնդիր արդարության հաստաման և մարդու իրավունքների պաշտպանության։
Իր հերթին Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը ներկայացրել է իր մտածումներն ու նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ Օկամպոն կարևորել է աշխարհասփյուռ հայության համախմբումն այդ սկզբունքները կյանքի կոչելու գործում: ՄՔԴ նախկին դատախազը անդրադարձել է նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման ուղությամբ։
Կաթողիկոսը և ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն քննարկել են Հայաստանի անվտանգության, արցախցիների, Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված խնդիրները
Իրանի նախագահը կմեկնի ՌԴ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ-ում դեսպան Քազեմ Ջալալին։
«Հարգարժան պարոն Փեզեշքիանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն այն մասին, որ Մոսկվան սպասում է դիվանագիտական ուղիներով Իրանի ղեկավարի՝ գագաթնաժողովին մասնակցության հաստատմանը։
Բալեկյանը 2023 թ. փետրվարից ի վեր առաջին անգամ դարձել է գոլի հեղինակ
Հայաստանի ազգային հավաքականի և «Խիմնասիայի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն Արգենտինայի Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Տիգրեի» դեմ խաղի դարձել է գոլի հեղինակ: Այս մասին գրում է armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ Բալեկյանը բացել է հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին: Բալեկյանը վերջին անգամ գոլ էր խփել 19 ամիս առաջ՝ 2023 թվականի փետրվարի 20-ին:
Հայ ֆուտբոլիստն այս տարվա օգտոսոսին է միացել «Խիմնասիա Լա Պլատային», ուր տեղափոխվել է վարձակալությամբ՝ «Բոկա Խունիորսից»:
Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով. Կալաձե
Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, և այժմ թույլ չեն տա երկիրն օգտագործել այլ պետությունների շահերի համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պաշտպանեցինք մեր երկիրը, պաշտպանեցինք մեր շահերը։ Երկիրը չմիացավ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, որոնք միայն կվնասեին վրացի արտադրողներին, գյուղացիներին, ինչպես նաև երկրորդ ճակատ չբացեց։ Մենք թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով: Մենք կպաշտպանենք մեր երկիրն ու մեր ժողովրդին»,- լրագրողներին ասել է Կալաձեն Գորի քաղաքում նախընտրական հանրահավաքից հետո:
Նեթանյահուն սպառնացել է հութիներին, որոնք բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Եմենի հութի ապստամբներին, որոնք այսօր առավոտյան Եմենից բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Հութիները մինչ այժմ պետք է իմանային, որ մենք ծանր գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար: Նրանք, ովքեր հիշեցման կարիք ունեն, կարող են այցելել Հոդեյդա նավահանգիստ», - ասել է նա կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում:
Իսրայելը հութիների կողմից վերահսկվող գլխավոր նավահանգստի՝ Հոդեյդայի վրա հարձակում էր իրականացրել հուլիսի 20-ին այն բանից հետո, երբ խմբավորման կողմից արձակված անօդաչու թռչող սարքը հարվածել էր Թել Ավիվին:
«Մեզ վրա հարձակվողները չեն փախչի մեզանից: ՀԱՄԱՍ-ն արդեն հասկանում է դա»,- հավելել է Նեթանյահուն:
Կիրակի լուսադեմին Եմենից «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Սա երրորդ դեպքն է, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներն ակնհայտ հաջողությամբ կարողանում են շրջանցել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Հրթիռի արձակման պատճառով Իսրայելի կենտրոնական հատվածի 112 բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել:
Հրթիռը հարվածել է Բեն Շեմեն անտառի բաց տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Քֆար Դանիել բնակավայրի մոտ՝ Բեն Գուրիոն օդանավակայանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք:
Հութիների ներկայացուցիչ Նասր ալ Դին Ամերը հայտարարել է, որ հարձակումը ցույց է տվել, որ Իսրայելի ամբողջ տարածքը ենթարկվել է օդային հարձակմանը:
«Իսրայելական պաշտպանական համակարգերը ձախողել են, և Եմենի հրթիռը տեղ է հասել Ալլահի շնորհիվ։ Հակառակորդի տարածքի խորքերը հիմա ամբողջովին բաց են մեզ համար։ Նախկինում կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, իսկ այժմ՝ հրթիռներ, և բոլորը տեղ են հասնում առանց որսվելու»,- ասել է նա:
Առաջին կոմերցիոն տիեզերական առաքելության՝ Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր (տեսանյութ)
Առաջին կոմերցիոն տիեզերական առաքելության՝ Polaris Dawn-ի անձնակազմը բարեհաջող վերադարձել է Երկիր. SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը վայրէջք է կատարել Ֆլորիդայի ափերի մոտ, հայտնում է space.com-ը:
5-օրյա առաքելության շրջանակում ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացներն առաջին անգամ զբոսնել են բաց տիեզերքում: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը և SpaceX-ի ինժեներ Սառա Ջիլիսը հերթով լյուկի միջով դուրս են եկել բաց տիեզերք, մի քանի րոպե մնացել ու վերադարձել: Մյուս ուղևորները՝ Աննա Մենոնը և Սքոթ Փոթեթը, մնացել են տիեզերանավում: Գործողությունն ամբողջությամբ հեռարձակվել էր ուղիղ եթերում։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:
Պապարացիները բաժանված Բեն Աֆլեքին և Ջեյ Լոյին միասին են նկատել (լուսանկարներ)
Պապարացիներն ամուսնալուծության համար դատարան դիմած դերասն Բեն Աֆլեքին և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին Beverly Hills Hotel հյուրանոցդում միասին են նկատել, գրում է Daily Mail-ը:
Դատելով լուսանկարներից՝ նախկին ամուսինները լարված զրույց են ունեցել:
53-ամյա Աֆլեքն ու 55-ամյա Լոպեսը երեխաների հետ են եղել:
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Աֆլեքից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել օգոստոսին: Ըստ աղբյուրի՝ Լոպեսն ամուսնալուծության փաստաթղթերում բաժանման ամսաթիվը նշել 2024 թվականի ապրիլի 26-ը։
25 մլն դոլար. Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը (լուսանկարներ)
Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը: Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmz.com-ը:
Առանձնատունն ունի 7 ննջասենյակ, 12 սանհանգույց, 16 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Տան հարմարություններն այնքան տպավորիչ են, որ այն նկարագրվում է որպես «բացառիկ» անշարժ գույք:
«Անշարժ գույքի ոլորտում իմ 25 տարվա աշխատանքի ընթացքում ես երբեք նման բան չեմ տեսել: Տան շինարարության արժեքը 20 միլիոնից ավելի է: Այն ժամանակից ի վեր, երբ Դենը գնել է այն, նա միլիոններ է ներդրել՝ շինարարական նյութեր ներմուծելով ամբողջ աշխարհից», - ասել է Berkshire Hathaway Home Services Nevada Properties-ի ներկայացուցիչ Ֆրենկ Նապոլին:
Բիլզերյանը որոշել է վաճառել տունը, քանի որ անշարժ գույք է գնում Բալիում և Դուբայում: Ըստ ռիելթորի՝ Բիլզերյանը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ում մշտական բնակությունից:
«Փյունիկ»-ի բրազիլացի ֆուտբոլիստը հայր է դարձել (լուսանկարներ)
Լույս աշխարհ է եկել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Վիլելայի ու Կատրյաննայի առաջնեկը` Օտավիոն:
«Եվս մեկ համալրում «Փյունիկի» ընտանիքում: Լույս աշխարհ է եկել Լուկաս Վիլելայի ու Կատրյաննայի առաջնեկը` Օտավիոն: Շնորհավորում ենք: Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն և առողջություն»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
Ըստ գերմանական Bild-ի՝ Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի որոշ հատվածներում «սառեցնել» գործողությունները. Ուկրաինայի նախագահի գրասենյակն արձագանքել է
Գերմանական Bild հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ-ի հետ ռազմաճակատի որոշ հատվածներում «սառեցնել» ռազմական գործողությունները։ Սակայն Ուկրաինայի ղեկավարի խորհրդական Դմիտրի Լիտվինը հերքել է տեղեկությունը՝ համապատասխան գրառում հրապարակելով Facebook-ում։
Գերմանական թերթի հոդվածում քննարկվել է այսպես կոչված «Զելենսկու Հաղթանակի ծրագիրը», որը նա առաջիկա շաբաթներին ներկայացնելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։
Bild-ը գրել է, որ առաջարկը ներառում է և՛ պահանջ՝ թույլ տալու արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, և՛ Ուկրաինայի պատրաստակամությունը՝ համաձայնել ռազմաճակատի որոշ հատվածներում զինադադարին, և հետևաբար՝ իրավիճակի ժամանակավոր սառեցմանը։
Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինն ասել է, որ դա ճիշտ չէ, և գերմանական հրատարակությունը չէր կարող վերը նշված փաստաթուղթը տեսած լինել։
«Bild-ը կեղծիք է տարածել: Bild-ը չի տեսել Հաղթանակի ծրագիրը: Bild-ը չի զրուցել այն սակավաթիվ մարդկանցից և ոչ մեկի հետ, ովքեր ներկայումս ներգրավված են նախագահի կողմից Հաղթանակի ծրագրի նախապատրաստմանը», - ասել է նա:
Լիտվինի խոսքով՝ «ոչ ոք ռուսներին չի նվիրի «Մինսկ-3» կամ որևէ այլ ձևաչափ»։ Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը, և ուկրաինական իշխանությունները բոլոր մակարդակներում խոսում են այդ մասին։
«Եվ մեզ համար կարևոր է, որ ԱՄՆ-ն աջակցի Ուկրաինայի Հաղթանակի ծրագրին, այլ ոչ թե կապիտուլյացիային կամ սառեցմանը: Հաղթանակի ծրագիրը կներկայացվի նախ ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՆ-ն ի վիճակի է ապահովել դրա բովանդակության իրականացումը», - ասել է Զելենսկիի խորհրդականը:
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով»,-ասվում է հայտարարության մեջ։
Երևանում` կառուցվող շենքում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել. մահացել է Եգիպտոսի քաղաքացի
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Shamshyan.com–ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզգուշորեն սայթաքել, բարձրությունից ընկել է ու տեղում մահացել։
Շանշյանի տեղեկություններով՝ նշված տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։
Արտաշատում՝ ավտոմեքենայի սրահում, հրդեհ է բռնկվել. 2 անձ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում և կան տուժած։
Shamshyan.com-ի տեղեկություններով, արզվել է, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Պոլիս Արսենյանն ու 38-ամյա Արմեն Կարապետյանը «վերին և ստորին վերջույթների այրվածքներ 2-րդ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
ՀՀ վարչապետը Թբիլիսի կմեկնի վաղը` սեպտեմբերի 16-ին։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկումներ կլինեն ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո նախատեսվում են հայտարարություններ լրատվամիջոցների համար։
Ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա
Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը սահմանափակումների հերթական ալիքն է սկսել ռուսական լրատվամիջոցների ու լրագրողների դեմ։
ԱՄՆ-ի ընտրությունները շատ բան կփոխեն Ուկրաինայի պատերազմի հարցում. Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է լուծել Ուկրաինայի պատերազմը, եթե վերընտրվի նախագահ:
«Ես շատ լավ գիտեմ նախագահ Պուտինին, ես շատ լավ գիտեմ նախագահ Զելենսկուն, և կարծում եմ, պատերազմի հարցը պետք է լուծել, և մենք պետք է դա անենք և անենք դա ուժով և իմաստությամբ»,- ասել է նա։
Թրամփը կրկին ասել է, որ եթե ինքը լիներ նախագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի։
«53 օրից ունենք ընտրություններ. դրանք շատ բան կփոխեն, այդ թվում՝ այս պատերազմի հետ կապված»,- ասել է Թրամփը։
Շատ ուժեղ բանակ է մեզ հիմա անհրաժեշտ․ ես ուզում եմ զսպել նրանց, ովքեր մեզ ամեն օր անիմաստ սպառնում են․ Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ստորագրել է փաստաթուղթ զորակոչային ծառայության վերադարձի մասին։
«Դանաս» թերթի փոխանցմամբ՝ խոսքը տղամարդկանց համար 75 օր ժամկետով պարտադիր ծառայության մասին է։
Կանայք նույնպես կկարողանան դա ընդունել, բայց միայն կամավոր հիմունքներով։ Վուչիչի հրամանագիրն ուժի մեջ կմտնի, եթե կառավարությունը և խորհրդարանը հաստատեն այն։
«Ուզում եմ հավատալ, որ Սերբիայի կառավարությունը կընդունի այդ որոշումը։
Ես ուզում եմ հավատալ, որ դուք բոլորդ հասկանում եք, թե որքան ուժեղ բանակ է մեզ պետք, որքան զենք պետք է գնենք և արտադրենք։
Մենք ցանկանում ենք զսպել նրանց, ովքեր մեզ ամեն օր անիմաստ սպառնում են»,-հայտարարել է Վուչիչը՝ Սերբիայի ռազմական ակադեմիայում ելույթ ունենալով սպաների առջեւ։
Թե կոնկրետ ով է սպառնում երկրին, նա չի հստակեցրել։
Սերբիայում պարտադիր զինվորական ծառայությունը չեղյալ է հայտարարվել 2011 թվականին՝ անցնելով լիովին պրոֆեսիոնալ բանակի։
Հունվարին Սերբիայի գլխավոր շտաբը դիմել էր Վուչիչին պարտադիր զինվորական ծառայությունը վերադարձնելու առաջարկով՝ դա հիմնավորելով անձնակազմի «երիտասարդացման» և համալրման բարելավման, ինչպես նաև ակտիվ և պահեստային զինված ուժերի պատրաստման անհրաժեշտությամբ։
Ես Մադրիդ եմ եկել այդպիսի երեկոների համար. Մբապեն՝ ՉԼ-ում սպասվելիք նորամուտի մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Արքայական ակումբի մարզաշապիկով Չեմպիոնների լիգայում իր առաջիկա նորամուտի մասին, որը կկայանա սեպտեմբերի 17-ին «Շտուտգարտի» հետ մրցաշարի ընդհանուր փուլի 1-ին տուրում։
«Սա շատ կարևոր կլինի ինձ համար։ Ինչպես ասացի առաջին օրը, ես Մադրիդ եմ եկել նման երեկոներ ապրելու համար։ Շատ կենտրոնացած ենք այն ամենի վրա, ինչ մենք պետք է անենք, քանի որ Չեմպիոնների լիգայում շատ բան է փոխվել: Հիմա սա նոր մրցաշար է, որը պետք է սկսել հաղթանակով»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։
326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար
ՀՀ ազգային ժողովը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար ծախսել է շուրջ 326 մլն դրամ (840 հազար դոլար):
Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Այդ գումարով պայմանագիր է կնքվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի և «Դվին» հյուրանոցային համալիրի միջև:
Նշենք, որ սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը։
Համաժողովը, որն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանն ու վերականգնմանը:
Գազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-ի
Գազայի հատվածում Իսրայելի զինուժի հարվածների հետևանքով պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը հասել է 41 հազար 206-ի, իսկ վիրավորներինը՝ 95 հազար 337-ի։
Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ իսրայելական զինված ուժերի հարվածներից վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 24 մարդ, վիրավորվել 57-ը։