Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնակով Արդբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը:
Ըստ Օհանյանի, խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և միակողմանի ճնշումների արդյունք է:
«Արդյունք է նաև նրա, երբ ՀՀ իշխանությունների խոսույթում նշվում է՝ եկեք պայմանավորված կետերի շուրջ որևէ բան ստորագրենք և դրանից հետո մնացած պայմանավորվածությունների ուղղությամբ կամ մնացած կետերի շուրջ աշխատանք տանենք: Սա նման է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, երբ որևէ մի փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակոմանի զիջումներ իրականացվեցին»,- ասաց Օհանյանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանի նման հռետորաբանության և նրանց կողմից իրականացրած արցախցիների բռնի տեղահանումից հետո, որի մեկ տարին է լրանում, շատ դժվար է մտածել խաղաղության մասին:
«Խաղաղության պայմանագրի լիարժեք փաստը կիրակացնվի այն դեպքում, երբ որ պայմանավորվածություն լինի բոլոր կետերի ուղղությամբ և այնտեղ նշված լինի Արցախին վերաբերող հարց, մեր բոլոր գերիներին և նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին վերաբերող հարց: Այս ձևով՝ խաղաղության պայմանագիրը պարզապես խաբկանք է կամ շեղում իրողությունից: Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը չի խոսում նրա մասին, որ իրենք խաղաղություն են ցանկանում»,- ընդգծեց պատգամավորը: