Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում. ՄԻՊ-ը՝ երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկման մասին

$
0
0

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Հավասարապես պաշտպանված պետք է լինեն նաև այն երեխաները, ովքեր մեծանում և իրենց դաստիարակությունը ստանում են մանկատներում կամ այլ հաստատություններում:

Դրանով հանդերձ, բոլորիս առաջնահերթ խնդիրներից է մեր երեխաների պաշտպանությունը ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգություններից: Ցավոք, մեր երկրում առկա են սեռական բնույթի, այդ թվում՝ ծանր հետևանքներ ունեցող ոտնձգություններ երեխաների նկատմամբ, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները: Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ:

Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են և մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են: Իրազեկման աշխատանքներն ինքնին կարևոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել և իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան։

Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է, որ քննարկումները հաճախ ուղեկցվում են վիրավորանքով և արժանապատվությունը նսեմացնող գրառումներով ու մեկնաբանություններով: Այս ամենն, իհարկե, խաթարում է հանրային քննարկման ընթացքն ու թույլ չի տալիս հասկանալ քննարկվող հարցի էությունը:

Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը վիրավորանքից, արժանապատվությունը նսեմացնող խոսքից ու բռնության սպառնալիքից:

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով առհասարակ իրազեկման աշխատանքները և ունենալով այդպիսի իրավական մանդատ, կուսումնասիրի ոլորտը՝ համապատասխան քայլեր նախանշելու ու ձեռնարկելու համար: 

Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստներ տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ, մանուկների շրջանում այլասերում է տարածում:

Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։ 

Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը:

ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված է հաղորդագրության տեքստում:


Վարորդական վկայականի թեստերի հարցաշարերում փոփոխություններ են կատարվել. իրազեկում

$
0
0

2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ

լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել հետևյալ փոփոխությունները (ճշգրտումները).

 

1. 1-ին խմբի 8-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

2. 4-րդ խմբի 14-րդ էջում ավելացնել 3-7 հարցերը:

3. 5-րդ խմբի 4-րդ էջի 4-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

4. 5-րդ խմբի 7-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

 

5. 5-րդ խմբի 9-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

6. 7-րդ խմբի 7-րդ էջի 6-րդ հարցի 4-րդ պատասխանում «բոլոր վարորդները» բառերը փոխարինել «Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները» բառերով:

7. 7-րդ խմբի 9-րդ էջի 6-րդ հարցի շարադրանքում «միջքաղաքային» բառը փոխարինել «կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող» բառերով:

8. 8-րդ խմբի 6-րդ էջի 3-րդ հարցի շարադրանքում «բեռնատար ավտոմոբիլի խցիկում» բառերը փոխարինել «Մոտոցիկլի հետևի նստատեղին» բառերով, 2-րդ պատասխանում նշված «թույլատրվում է միայն չափահաս ուղևորի ուղեկցությամբ» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով և ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար

$
0
0

Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:

Պատվո պահակախմբի հերթափոխությունը, որն ուղեկցվում է հանդիսավոր արարողությամբ, կմնա անփոփոխ և տեղի կունենա շաբաթ օրերին ժամը 18:00-ին, 19:00-ին և 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին և 14:00-ին:

Սևան ՔԿՀ-ի բուժակի մոտ արգելված դեղահաբեր են հայտնաբերվել

$
0
0

Մայիսի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հիմնարկի բուժակ, արդարադատության ենթասպա Կ․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են «B 8» գրառմամբ օվալաձև, սպիտակ 3 դեղահաբ՝ ընդhանուրը 1,1 գրամ քաշով։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Հայտնաբերվել են հրդեհված Sukhoi Superjet 100-ի «սև արկղերը». լրատվամիջոցներ

$
0
0

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ», հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

Ինչ է իրականում տեղի ունեցել Superjet-ի հետ՝ դեռևս հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները: Օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը: Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են;

«Աէրոֆլոտ»-ի կայքում հրապարակվել է փրկվածների նախնական ցուցակը:

 

 

 

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը միառժամանակ փակ կլինի

$
0
0

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին այսօր՝ մայիսի 6-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 

 

 

ԱՄՆ-ում զբոսաշրջիկն ընկել է հրաբխի խառնարանը

$
0
0

Հավայան հրաբուխների ազգային պարկում զբոսաշրջիկն ընկել է Կիլաուեա գործող հրաբխի խառնարանը, երբ փորձել է արգելապատնեշն անցնելով բարձունքից ավելի լավ տեսնել համայնապատկերն ու կորցրել է հավասարակշռությունը, գրում է The New York Times-ը: 

Զբոսաշրջիկը, որը 32-ամյա զինվորական է, անցել է դիտահարթակի մոտ գտնվող արգելապատնեշի վրայով, սայթաքել և ավելի քան 20 մ ընկել, գրում է թերթը:

Փրկարարները նրան որոնել են 9 ժամ ու հայտնաբերել խառնարանի նեղ հատվածում: Ճոպանների օգնությամբ նրան բարձրացրել են վեր, այնուհետև տեղափոխել հիվանդանոց:

Թերթի տվյալների համաձայն՝ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

Հաղորդվում է, որ վերջին անգամ Կիլաուեա հրաբխի ժայթքում տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին:

 

 

Ծեծկռտուք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 63-ամյա քաղաքացին հայտնել է, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում իրեն ծեծի են ենթարկել Արսեն Ջուլֆալակյանն ու հայրը. Shamshyan.com

$
0
0

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. և Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. և Ա. Ջոլֆալակյանները հայր ու որդի են, Ա. Ջուլֆալակյանն էլ ՀՀ Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 


«Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ

$
0
0

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն եղել: 

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու պահին։ 

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ի կյանքը։ 



 

Իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում. Ծառուկյանի պատասխանը` Արարատ Միրզոյանին

$
0
0

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հրապարակել է Ծառուկյանի պատասխանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նշենք, որ Միրզոյանը սոցցանցի իր էջում օրեր առաջ մտահոգություն էր հայտնել, թե հանրության լայն շրջանակի մոտ կասկածներ են առաջացրել Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ Սահմանադրությամբ և օրենքներով ԱԺ պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 

Ծառուկյանի պատասխանում մասնավորապես ասվում է.

«Հարգելի′ պարոն Միրզոյան,

Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. Նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով պատգամավորին ծանրաբեռնելուց: Իր հերթին պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի պահանջը միտված է նրան, որ պատգամավորի կարգավիճակը չօգտագործվի ի նպաստ պատգամավորի տնտեսական շահի: Բազմաթիվ երկրների օրինակովան համատեղելիության պահանջներ նախատեսել է նաև ՀՀ օրենսդրությունը: Նկատի ունենալով, որ բարձրացված խնդիրը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջի խախտմանը, այդ ուղղությամբ էլ ներկայացնում եմ հետևյալ փաստերը.

1.    Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով):

Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

2. Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել  հետևյալ հայտարարություններս.

·         Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

·         Որ հայտարարել եմ ներդրողների հետ հանդիպման մասին: Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին: Որպես կուսակցության ղեկավար՝ես իմ ամբողջ հեղինակությունը, երկրից դուրս տարիների ընթացքում վաստակած համբավը մշտապես ծառայեցրել եմ մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը:Այս գործընթացում մեր երկրի ներդրումային միջավայրին, գերակա ոլորտներին ծանոթանալու նպատակով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ հանդիպել են ինձ հետ, լսել և կարևորել են իմ կարծիքը: Ավելին, շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նմանվստահությունը ձեռք է բերվել տարիների  ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ:

Այսպիսով, ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունս նույնպես չի կարող նույնացվել անձամբձ եռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

·         Որ առաջին դեմքով արել եմ հավատարմագրային կառավարման հանձնված իմ կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ հայտարարություններ: Նշվածհայտարարություններն ընդամենը վկայում են կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իմ իրազեկվածության մասին, ինչն անգամ նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատողների հետ հանդիպումս կայացել է հազարից ավելի աշխատողների եռօրյա պահանջից հետո, երբ նրանց չէին բավարարել գործարանի տնօրինության և հավատարմագրային կառավարչի հիմնավորումներն ու բացատրությունները: Հանդիպումս կայացել է սեփականատիրոջ կարգավիճակով, հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը: Արդյոք այդ որոշումս ուղղվա՞ծ էր իմ կամ գործարանի գույքային դրության բարելավմանը: Իհարկե ո′չ, այդ որոշումը մարդասիրության հերթական դրսևորում էր բացառապես:

3.Գրության մեջ նշված՝ պատգամավորի շահերի բախման մասին մտահոգությունը, հավանաբար, կապված է կլինկերի ներմուծման տուրքի հարցի վերաբերյալ արածս հայտարարության հետ: Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանրապետությունում ցեմենտ արտադրող միակ գործարանըչէ, դիրքորոշումս ուղղված չի եղել «Արարատցեմենտի» գույքային դրության բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կլինկերի ներմուծման տուրքի հարցի քննարկմանը նախորդել էր «Արարատցեմենտի» հազարից ավելի աշխատողների հրապարակային դժգոհությունը՝կապված աշխատատեղերի կրճատման խնդրիհետ: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իմ այդ դիրքորոշումը ողջամտորեն չէր կարող մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ հարցն անդրադառնում է մի ամբողջ քաղաքի՝ հասարակության լայն շերտերի վրա:

4.Ամփոփելով պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ դիտարկումներս՝ հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին:

Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ես երբեք չեմ օգտվել կառավարման «քողարկված մեխանիզմներից», քանի որ գործունեությունս մշտապես եղել է հրապարակային, թափանցիկ և տեսանելի, պետությունից ու ժողովրդից թաքցնելու, «քողարկելու» խնդիր երբևէ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ:

5. Կիսում եմ ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին Ձերկարծիքը: Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում:

6.Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ: Սույն փաստերը վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա: Իմ ամբողջ գործունեության ընթացքում ստորադասելով իմ անձնական շահը՝ ես ինձ համար առաջնային եմ համարել ու համարում մեր երկրի և պետության, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Արցախի անվտանգության, աղետի գոտու բնակիչների, համայն հայության՝ շինարարից մինչև մտավորական, ուսանողից մինչև գյուղացու շահերի սպասարկումը:

Տարիներ շարունակ ես իմ անձնական կապերն ու հեղինակությունն օգտագործել եմ բացառապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և երկրի հզորացման համար: Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը:

Ազգային ժողովում իմ ղեկավարած քաղաքական ուժը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է բազմահազար ընտրողների ընդհանուր կամքն ու ցանկությունները, եղել է և շարունակելու է լինել ժողովրդի ձայնը խորհրդարանում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք հանդես գալ ի շահ մեր ընտրողների, մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:

 

Հարգարժան պարոն Միրզոյան, հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները:

Աստված պահապան մեզ բոլորիս:

Հարգանքով՝  Գագիկ Ծառուկյան»:

 

Ավելի քան 20 զոհ տալուց հետո Պաղեստինն ու Իսրայելը հրադադար են կնքել (տեսանյութ)

$
0
0

Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Եգիպտոսի միջնորդական ջանքերի շնորհիվ մայիսի 6-ին հրադադար են կնքել Իսրայելի հետ՝ վերջ տալով անցած հանգստյան օրերին Գազայի հատվածում և Իսրայելի հարավում բռնության՝ վերջին տարիների համար աննախադեպ աճին:

Ինչպես նշում է Reuters-ը, պաղեստինցի պաշտոնյան մանրամասնել է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել լուսադեմին:

Աղբյուրը նշում է, որ նույնպիսի հայտարարություն է արվել նաև Գազան կառավարող ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող հեռուսատաալիքով:

Մինչդեռ The Guardian-ը հավելում է, որ հանգստյան օրերին տեղի ունեցած թեժ բախումների հետևանքով զոհվել է 19 պաղեստիցի, այդ թվում՝ 2 հղի կին և երեխա, և չորս իսրայելցի: Ի դեպ, Իսրայելի համար սա 2014թ. ի վեր զոհերի ամենաբարձր ցուցանիշն է:

Իսրայելական կողմը գրոհել է օդից և ցամաքից, ինչը տեղի է ունեցել վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ «լայնամասշտաբ հարձակումների» վերաբերյալ կարգադրությունից հետո:

Պաղեստինցիները հարյուրավոր հրթիռներ են արձակել հրեական քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, այս կողմից իրականացվել է ավելի քան 250 հարված:

Իրավիճակին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր թվիթերյան էջում գրելով, որ «100%-ով աջակցում է Իսրայելի գործողություններին»:

«Դիմում եմ Գազայի ժողովրդին՝ Իսրայելի դեմ նման ահաբեկչական գործողությունները ձեզ զրկանքից բացի այլ բան չեն բերի: Վերջ տվեք բռնությանն ու աշխատեք խաղաղության ուղղությամբ: Դա կարո՛ղ է տեղի ունենալ»,-գրել է նա:

 

Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսը՝ ուղիղ

$
0
0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը:

Նա հանդես է գալիս մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով կատարված աշխատանք:

Զարուհի Բաթոյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել հունվարի 18-ին:

«Իմ քայլի» պատգամավորները ներկայացնում են աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախաձեռնությունը. ուղիղ

$
0
0

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մամուլի ասուլիսը մեկնարկեց:

Խորհրդարանականները ներկայացնելու են  համատեղ մշակված օրենքի նախագիծը՝ կապված աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու  հետ:

Արգենտինայում ատրակցիոնի փչանալու հետևանքով մարդիկ ստիպված են եղել 4 ժամ օդում՝ 20 մ բարձրության վրա մնալ (տեսանյութ)

$
0
0

Արգենտինայի Սան Խուան նահանգում ատրակցիոնի փչանալու հետևանքով մարդիկ ստիպված են եղել 4 ժամ օդում՝ 20 մ բարձրության վրա մնալ, մինչ փրկարարների ժամանելը, հայտնում է TN հեռուստաալիքը:

Զվարճանքների այգում «Մուրճ» կոչվող ատրակցիոնը փչացել է լույս կիրակի՝ գործարկվելուց վայրկյաններ անց, երբ գտնվել է իր ամենաբարձր կետում:

Օդում է մնացել 36 մարդ: Նրանցից ոմանք գլխիվայր շրջված են եղել:

Այժմ համապատասխան մարմինները ստուգում են անցկացնում՝ պարզելու հանգամանքները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մայիսի 3-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 125 դեպք

$
0
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 26, խարդախության 18, ծեծի 6, յուրացման կամ վատնման 4, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտրական իրավունքի խախտման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթի կեղծիքի, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ինքնասպանության հասցնելու 1-ական դեպք: 
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 2-ական ու կողոպուտի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ճանաչվել է լավագույն մատակարար

$
0
0

Capital Finance International (CFI.co) ամսագիրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը ճանաչել է Կովկասի տարածաշրջանում 2019թ. էլեկտրաէներգիայի լավագույն մատակարար։

«Ընտրություն կատարելիս մենք հաշվի ենք առնել Ընկերության՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ստանդարտներին համապատասխանությունը, մեծ ուշադրությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանն ու էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին։  Ուսումնասիրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեությունը վերջին տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ Ընկերությունը ջանք չի խնայում իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ»,- նշում է ամսագրի գործառնական տնօրեն Ջեքի Չափմանը: 

«Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը։ Եվ սա մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։ Մենք այսօր անում ենք հնարավորը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ։ Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին ու CFI.co ամսագրին մեր աշխատանքին նման բարձր գնահատական տալու համար»,-  նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

CFI.co ամսագրի մասին

CFI.co-ը տպագիր ամսագիր ու օնլայն հարթակ է բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների մասին։ Ամսագրում նշվում է, որ զարգացած ու զարգացող շուկաների միջև ավանդական տարանջատումը հետզհետե նվազում է, քանի որ այժմ երկրների միջև կապերն ավելի ու ավելի են զարգանում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին տենդենցների վերլուծությունը։ CFI.co գրասենյակը տեղակայված է Լոնդոնում։ 

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

$
0
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու պահին։

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ի կյանքը։

ԱՄՆ-ն «ի նախազգուշացում» Իրանի ավիակիր կուղարկի մերձարևելյան տարածաշրջան

$
0
0

Սպիտակ տունը որոշել է ավիակիր և այլ ռազմական ռեսուրսներ տեղակայել մերձարևելյան տարածաշրջանում: Դա «նախազգուշական ազդակ» կլինի Իրանին՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հնարավոր հարձակումները կանխելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղեկությունն անձի գաղտնիության հիմունքով փոխանցած ամերիկացի պաշտոնյային:

Նա մանրամասնել է, որ Պենտագոնը հավանություն է տվել որոշմանը՝ չբացառելով, որ ամերիկյան ցամաքային և ծովային ուժերը կարող են իսկապես թիրախավորված լինել:

Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ մանրամասնելով, որ Միացյալ Նահանգները Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (ներառում է Մերձավոր Արևելքը) կտեղակայի «Աբրահամ Լինքոլն» հարվածային խմբի ավիակիրն ու ռմբակոծիչներ:

Բոլթոնն ընդգծել է, որ դա արվում է «մի շարք անհանգստացնող ազդակներին ի պատասխան»: Առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «մեսիջ» հղել առ այն, որ իր և իր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում «անխնա ուժի պատասխանի կարժանանա»:

«Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել իրանական ռեժիմի հետ, բայց մենք լիարժեք նախապատրաստված ենք պատասխանելու ցանկացած հարձակման, որը կիրականացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամ կանոնավոր ուժերի կողմից»,-ասել է Բոլթոնը:

Հավանաբար ավիակիրը սկզբում կուղևորվի Կարմիր ծովի արևելք, իսկ հետո՝ Արաբական ծով կամ Պարսից ծոց:

Varks.am-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին. գործը դատարանում է

$
0
0

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Varks.am ՈւՎԿ ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. հունվար ամսվա տարբեր օրերին Varks.am ՈՒՎԿ ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքում գտնվող տարբեր մասնաճյուղերից կատարվել էին առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ: Դեպքերի առթիվ ԵՔՔՎ տարբեր քննչական բաժիններում հարուցվել էին քրեական գործեր: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքերի մի շարք հանգամանքներ, հանցագործությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:

Հաշվի առնելով, որ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում համատեղ կատարելու վերաբերյալ:

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990 թվականին, 2019 թվականի հունվարի 05-ին՝ ժամը 17:40-ի, և հունվարի 14-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Varks.am ՈՒՎԿ ՓԲ ընկերության գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, գործարք կատարելու պատրվակով մտել է ընկերության՝ Երևան քաղաքում գտնվող երկու մասնաճյուղեր, աշխատակիցներին մոլորության մեջ գցելու և իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար հարմար պահ փնտրելու նպատակով նրանց մտացածին տվյալներ է հայտնել՝ խնդրելով վճարում կատարելու համար համակարգչի միջոցով փնտրել իր տվյալները: Այնուհետև նկատելով մասնաճյուղում այլ անձանց բացակայությունը՝ անսպասելի ցատկելով անցել է սպասարկման բաժնի սեղանի հակառակ կողմը, դրամարկղից բացահայտ, հափշտակել է մի դեպքում ընդհանուր խոշոր չափի 1.835.000, մյուս դեպքում՝ 2.074.990 ՀՀ դրամ գումար և նույն կերպ անցնելով սեղանի վրայով՝ դիմել է փախուստի:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 28-ամյա երիտասարդը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ  հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, մուտք է գործել Varks.am վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղ, մոտեցել սպասարկման սեղանին՝ իբր վարկ ստանալու համար դիմելով աշխատակցին: Նույն պահին երիտասարդը ցատկելով անցել է սպասարկման սեղանի հակառակ կողմը, աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել՝ հայտնելով, որ իր մոտ զենք կա ու սպառնացել վնասել վերջիններիս: Այնուհետև վարկային կազմակերպության երկու դրամարկղերից հափշտակել է ընդհանուր խոշոր չափի 1.187.520 ՀՀ դրամի կանխիկ գումար և դիմել փախուստի:

Բացի այդ, 28-ամյա երիտասարդը նախաքննության ընթացքում, երբ քննչական գործողության մասնակցելու նպատակով տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, նախապես պլանավորելով փախուստը, աշխատասենյակի պատուհանն անսպասելիորեն բացելով, ցատկել է դուրս՝ փորձելով դիմել փախուստի, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. ՀՀ ոստիկանության ԵՔՎ ուղեկցող գումարտակի աշխատակիցները բռնել են նրան՝ կանխելով փախուստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-355-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Որոշում է կայացվել՝ 28-ամյա երիտասարդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Ոստիկանությունը Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել. Ոստիկանության պարզաբանումը

$
0
0

Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Առանձին քաղաքացիների մտահոգվելու տեղիք է տվել այն, որ նշված ավտոմեքենայի շարժիչի հզորությամբ պայմանավորված՝ վառելիքի ծախսը չհիմնավորված շատ է և հանգեցնելու է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսի:

Հայտնում ենք, որ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների հնարավոր գնումը իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների երաշխավորմամբ: Տեխնիկական առաջադրանքը նախագծվելու է չորս հիմնական բաղադրիչներով.

1. տրանսպորտային միջոցը շահագործող անձնակազմի անվտանգություն, 

2. վառելիքի ծախս, 

3. ավտոպարկի ընթացիկ սպասարկման և պահեստամասերի ձեռքբերման ծախսեր 

4. ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայություն:

Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել: Հիշյալ ավտոմեքենան հայկական շուկայում տարածում չունի, ուստի որոշվել էր գործնական վարման եղանակով պարզել դրա հնարավորությունները, ինչն, ի դեպ, որևէ ծախսերի չի հանգեցրել: 

Շարունակելով թափանցիկ գործելաոճը՝ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հանրությանը սպասվելիք կարևոր բարեփոխման ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ, այլ լինելու են խորքային՝ ենթադրելու են գործելակերպի, ոստիկանական մասնագիտական պատրաստվածության, ժամանակակից սպառազինության, տեխնիկական հագեցվածության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բոլորովին նոր աստիճան, որոնք, արդյունքում, համակարգաստեղծ փոփոխություններ են բերելու ամբողջ ոստիկանության համար՝ 5-10 տարվա հեռանկարում: 

Շնորհակալություն ենք հայտնում մեր համաքաղաքացիներին՝ դրսևորած ուշադրության, սրտացավության և առանձին պրոֆեսիոնալ մեկնաբանությունների համար: 

Վստահեցնում ենք, որ ոստիկանությունը որոշումներ ընդունելիս բացառապես ղեկավարվելու է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացման նկատառումներով:

Viewing all 221505 articles
Browse latest View live


Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>