Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

Հարավային Կովկասում ստեղծվել է մշտական խաղաղության հնարավորություն. Էրդողան

$
0
0

Հարավային Կովկասում ստեղծվել է մշտական խաղաղության հնարավորություն. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում դեսպանների 14-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Թուրքիան մեր ժամանակներում դարձել է մի երկիր, որի մասնակցությունն անհրաժեշտություն է դարձել շատ կարևոր հարցերում։

«Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ ստեղծել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- ասել է նա։



Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն և քաոս․ այս ճահճից դուրս գալու համար իշխանություն է պետք․ Արտակ Զաքարյան

$
0
0

Հայաստանը խճողվել է իր իսկ հորինած ստերի, թշնամու գործած որոգայթների, կեղծ հեղափոխական միֆերի, անհիմն մեղադրանքների, միմյանց նկատմամբ ծնած ատելության, չավարտված պատերազմի, չգտնված խաղաղության և մարդկանց հույսերը խորտակող ճահիճի մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Երբ աջ ու ձախ անվանարկվում, դատապարտվում, պախարակվում, և զրպարտվում է անցյալը` ներկան դառնում է անտանելի գորշ, իսկ ապագան` մռայլ ու անորոշ: 

Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի:

Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները:

Երբ մարդիկ հրաժարվում են բարոյականությունից, հավատարմությունից, միմյանց նկատմամբ հարգանքից ու կարեկցանքից` Աստված էլ հրաժարվում է նրանցից:

Երբ ազգը հեշտությամբ ուրանում է իր իրական հերոսներին, հայրենիքի համար տարբեր ոլորտներում անմնացորդ ծառայող իր զավակներին` օտարներն են դառնում նրա ճակատագիրը տնօրինողները:

Երբ հասարակության համար հայհոյանքը դառնում է սովորական երևույթ, այդ հասարակության դաստիարակած մարդն ի սկզբանե անպիտան է:

Երբ թացն ու չորը խառնվում են իրար` ճշմարտությունն ու արդարությունը ոտատակ է գնում:

Ոչ երանի այն հինավուրց ազգերին, որի անտարբերությունը ծնում է ամբոխվարություն: Ամբոխը մեղավոր չէ, որ իր անկարողությամբ ոչնչացնում է ազգի արժեքներն ու նրա ապագան:

Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն և քաոս: Հայաստանը խճողվել է իր իսկ հորինած ստերի, թշնամու գործած որոգայթների, կեղծ հեղափոխական միֆերի, անհիմն մեղադրանքների, միմյանց նկատմամբ ծնած ատելության, չավարտված պատերազմի, չգտնված խաղաղության և մարդկանց հույսերը խորտակող ճահիճի մեջ: Այս ճահիճից դուրս գալու համար, նախ և առաջ իշխանություն է պետք: Իշխանություն` որը գիտի իրեն ծնող ազգի, նրա ստեղծած պետության և մարդկային իրական արժեքների տեղն ու դերը:

Հ.Գ.

Ավետարան ըստ Մատթեոսի 7:6

«...Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտը խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով՝ ձեզ չպատառոտեն»»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լոնգին՝ Սինգապուրի Ազգային տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը ջանքեր գործադրելու բարեկամ Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա համագործակցությունն ընդլայնելու նպատակով»:

ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

$
0
0

Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում:

Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյաիկց:

Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։

ԱՄՆ-ն սրում է իրավիճակն Անդրկովկասում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

$
0
0

ԱՄՆ վարչակազմը պետք է դադարեցնի Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը խաթարելու փորձերը, ինչպես նաև հրաժարվի պատժամիջոցների մեղադրանքներից և սպառնալիքներից։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Եթե վարչակազմն իսկապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ապա պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղադրանքներից և սպառնալիքներից, չփորձի խաթարել մեր երկրի և Վրաստանի միջև հաստատված կապերը: Կարևոր է կենտրոնանալ գործնական աշխատանքի վրա Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում: Նախևառաջ պետք է աշխատել Թբիլիսիի և Սուխումի ու Ցխինվալի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավական պարտավորեցնող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Եվ ոչ թե սրել իրավիճակը, ինչը հիմա անում է ԱՄՆ-ն»,- ընդգծել է դիվանագետը։

Մեկնաբանելով 2008 թվականի օգոստոսին Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Պետդեպարտամենտի հայտարարությունը, նա նշել է, որ ԱՄՆ-ն «միտումնավոր կերպով գլխիվայր շրջում է իրավիճակը»։

«Նպատակը պարզ է՝ խեղաթյուրել այդ ողբերգության մասին ճշմարտությունը և մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Սակայն փաստերը հաստատում են, որ այդ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին։ Դա եղել է նրա հանցավոր հրահանգով, երբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծվել հարավօսական ժողովրդի դեմ»,- նշել է Անտոնովը։

«Վաղուց ժամանակն է, որ Վաշինգտոնը ընդունի, որ այս անմարդկային որոշումը նաև հենց ԱՄՆ-ի սխալ քաղաքականության արդյունքն էր: Ի վերջո, Արևմուտքն էր, որ իշխանության բերեց, իսկ հետո եռանդովաջակցեց Սահակաշվիլիի օդիոզ ռեժիմին և դեռ շարունակում է լոբբինգ իրականացնել այս գործչի շահերի համար, ինչպես վերջերս հաստատեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը», - ասել է դեսպանը:






Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Տիգրան Աբրահամյան

$
0
0

Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է:

Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում:

Եթե նպատակն Արմեն Աշոտյանին քաղաքական պրոցեսներից հեռացնելն է, ապա նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում խոսելու, այս իշխանության մասին իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից:

Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է պատգամավորը:

Երկրաշարժ՝ Թուրքիայի կենտրոնում

$
0
0

Չորեքշաբթի Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշից 74 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Հիշեցնենք, որ Քահրամանմարաշ նահանգը մեծապես տուժել է 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։

Ալկոհոլի ազդեցության տակ 22 կրակոց է արձակել և վնասել փողոցի լապտերները. նոր մանրամասներ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած միջադեպից

$
0
0

2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցեզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու և պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ վնասելով դրանք, այդ կերպ անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, տագնապի և վախի զգացում առաջացնելով բնակչության շրջանում, բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ և որպես զենք գործադրվող հրացանով վնասելով գույքը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետությհան դատախազությունից:

«Ս.Մ.-ն ձերբակալվել է:

Փաստի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով /Խուլիգանությունը/ : Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mitsubishi» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

$
0
0

Օգոստոսի 9-ին, ժամը 08։19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ շտապօգնության աշխատակիցները ուղևոր Ա․ Խ․-ին (ծնված 1989 թ․) տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

$
0
0

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմը բարձրլեռնային զորավարժարանում ուսումնավարժական պարապմունքի շրջանակում կատարել է ցամաքում իրավիճակի հետախուզման և մշտադիտարկման առաջադրանքները։

Վարժանքի ընթացքում մասնագետները հատուկ տեխնիկայի միջոցով հետախուզել են տարածքը՝ պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով, վերցրել են հողի նմուշներ և վերլուծել դրանք։

Տեղայնացվել են տարածքի պայմանականորեն աղտոտված հատվածները, Հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն իրականացրել են զինտեխնիկայի գազազերծում, վարակազերծում և վնասազերծում և առաջին բուժօգնություն ցուցաբերել պայմանական տուժածներին։

Հաջորդ ուսումնական պարապմունքին զինծառայողները կկատարեն Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ստորաբաժանումները պայմանական թշնամու տեսողական դիտումից քողարկելու առաջադրանքներ։



Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

$
0
0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«ՄԵԾԱՐԳՈ

ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ
ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

Ստեփանակերտ

Մեծարգո Պրն. Իշխանյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:

Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի:

Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով  խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»

Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են, չեն թողնում անցնել. ազատամարտիկ

$
0
0

Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք երեկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում, արդեն հասել են Կոռնիձոր, սակայն ինչպես նրանք են ասում ոստիկաները փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս անցնել:

«Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնել»,- ասաց ազատամարտիկներից մեկը, ով տեսնայութ է հրապարակել և ներկայացրել իրավիճակը:

«Բոլորս էլ ծառայել ենք, լավ գիտենք՝ ինչու ենք եկել այստեղ: Մեզ մարդիկ են պետք, ովքեր կգան, մեզ կօգնեն: Չգիտեմ՝ ինչքան ենք այստեղ մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ սնունդը մտցնենք Արցախ:

Կոչ ենք անում, որ Սյունիքում գտնվող բոլոր մարդիկ միանան մեզ: Ով հայ է, ով կռվել է, միացե՛ք»,- ասվում է տեսանյութում:

Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ներկայացնում է ցեղասպանության արխետիպը. ՄՔԴ-ի հիմնադիր դատախազի եզրակացությունը

$
0
0

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է իր եզրակացությունն ի պատասխան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի, որով վերջինը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել՝ արդյո՞ք Արցախի ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ:

Ստորև ներկայացնում ենք Օկամպոյի եզրակացությունը.

«Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությանը, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է լրատվամիջոցներում և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։

Իմ ներդրումն է բացատրել, թե ինչու այն պետք է համարվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի «c» կետի (Խմբի ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում):

Չկան դիակիզիչներ, չկան մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. առանց անմիջական կտրուկ փոփոխության, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։

Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ներկայացնում է ցեղասպանության արխետիպը՝ խմբի ոչնչացմանն ուղղված կյանքի պայմանների պարտադրման միջոցով:

Դա եզրափակում է ողբերգական շրջանակը, որովհետև «1915թ.-ին թուրք կառավարիչների վերաբերմունքը հայերի նկատմամբ ապահովում է հարացույցը Ցեղասպանության մասին դրույթի համար, որը վերաբերում է կենսապայմանների պարտադրմանը»։

Որպես ոլորտում որոշակի փորձ ունեցող անձնավորություն՝ ինձ համար պատիվ էր իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և ես պատրաստ եմ աջակցել ցանկացած կողմի, որը հանձնառու է կանխել հայկական խմբի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախում օրեցօր վատթարանում է մարդասիրական ճգնաժամը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախն աղետի գոտի է հայտարարել:

 

ԱՊՀ խաղերում մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է. Հայաստանը 5-րդն է

$
0
0

Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն է:  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բելառուսի 10 քաղաքներում ընթացող խաղերում մինչ այս պահն ամենաշատ մեդալ նվաճել է Ռուսաստանի թիմը, որն ընդհանուր առմամբ ունի 125 մեդալ` որոնցից 59-ը ոսկե, 43-ն արծաթե և 23-ը բրոնզե:

Երկրորդ տեղում 24 ոսկե մեդալով Բելառուսն է, իսկ եռյակը եզրափակում է Ուզբեկստանը` 8 ոսկե մեդալով:

Հայաստանի հավաքականն ունի 3 մեդալ և 5-րդ տեղում է: Հայաստանի պատվիրակության կազմում ոսկե մեդալ է նվաճել ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել ըմբիշ Սամվել Գրիգորյանը և արծաթե մեդալ է նվաճել Նարե Գաբրիելյանը:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:  ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Արցախում թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են ավելանալ․ ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

$
0
0

Մարդկանց առողջական վիճակի ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են ավելանալ։

Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

«Ուշաթափությունների դեպքեր են արձանագրվում ամեն օր։ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը թերսնման և սովի անդառնալի հետևանքներն ավելի ակնհայտ է դարձնում»,- գրել է Ստեփանյանը։


Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

$
0
0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս ունեցած ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի սահուն ընթացքի ապահովման, ճգնաժամային իրավիճակներում իրականացված աշխատանքներում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ այսօր ԼՂ բնակիչները, նրանց թվում՝ շուրջ 30,000 երեխա, հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձ զուրկ են անհրաժեշտ կենսապայմաններից, և որ այժմ հրատապ է միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը՝ հումանիտար աղետի կանխման նպատակով։  

Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցությանը՝ նախարարը նշել է․ «Ձեր ակտիվ ներգրավվածության շնորհիվ՝ փոխգործակցության բավականին պատկառելի շրջանակ ունենք։ Կան բավականաչափ ինստիտուցիոնալ հիմքեր՝ էլ ավելի խորացնելու և զարգացնելու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը»։

Դեսպանը ևս ընդգծել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը․«Մենք իրապես համագործակցության բարձր մակարդակ ենք ունեցել նախարարության հետ։ Մենք մշտապես փորձել ենք անել այնպես, որ անհրաժեշտ աջակցություն տրամադրենք Հայաստանին հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Վստահ եմ՝  կշարունակենք համատեղել մեր ուժերը և ապահովել, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լինեն իրար փոխլրացնող»։  

Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել նաև ԱՍՀ նախարարության կողմից քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ ընդգծելով որ ներդրված ջանքերն ու նշանակալի արդյունքներն նկատելի են նաև գենդերային քաղաքականության ամրապնդման, ընտանիքում բռնության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով։

Հանդիպման ավարտին դեսպանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ առաքելությունն ավարտելուց հետո էլ ունենալ շարունակական համագործակցություն։

«Օպենհեյմեր»-ը դարձել է Երկրորդ աշխարհամարտի մասին երբևէ նկարահանված ամենաեկամտաբեր կինոնկարը

$
0
0

Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր» ֆիլմը պաշտոնապես դարձել է երբևէ Երկրորդ աշխարհամարտի մասին նկարահանված ամենաեկամտաբեր կինոնկարը:

Ինչպես գրում է independent.co.uk կայքը, այն համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան  550 մլն դոլար:

Նախորդ ամիս կինովարձույթում հայտնված ֆիլմը երեք ժամ տևողությամբ է և պատմում է ատոմային ռումբի գյուտի և դրա հեղինակ ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերի մասին:

Մինչ այս Երկրորդ աշխարհամարտի մասին ամենաեկամտաբեր ֆիլմն էր համարվում «Դանքըրք»-ը, որ հավաքել է 527 մլն դոլար. հետաքրքրական է, որ դրա ռեժիսորը կրկին Նոլանն է:

 

 


Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը

$
0
0

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: 

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:

Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։

Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ և շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում

$
0
0

ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը՝ որի օգտատերը ներկայանում է որպես կին, և թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում  հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները: 

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

«Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն: 

Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն»։ 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն առաջիկա օրերին կլինի նորմայից բարձր․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

$
0
0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է, որ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր, ուստի խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Нет описания.

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-10-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։

Нет описания.

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>