Հացահատիկի գործարքից դուրս գալուց հետո Ռուսաստանը գնալով ստիպված է լինում օգտագործել «ստվերային նավատորմը»՝ հին ու փոքր նավերը, որոնք շահագործվում են քիչ հայտնի նավերի օպերատորների կողմից, գյուղատնտեսական ապրանքներ արտահանելու համար։ Այս մասին գրել է Reuters-ը՝ վկայակոչելով ծովային տասը ապահովագրողների, թրեյդերների և բեռնափոխադրող ընկերություններ հետ զրույցների ընթացքում ձեռք բերված տվյալները:
Նավագնացության ոլորտում երեք աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ թուրքական ու չինական ընկերությունները սովորաբար շահագործում են ռուսական «ստվերային նավատորմը»:
Ըստ Shipfix հարթակի՝ հուլիսին Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ակտիվորեն վարձակալել նավեր փոքր կազմակերպություններից, որոնց հետ միջազգային խոշոր թրեյդերները չեն աշխատում։ Գյուղմթերքների արտահանման համար նավերի վարձակալման ռուսական հայտերի թիվը հուլիսին աճել է 40%-ով՝ հասնելով 257-ի։
Գործակալության երեք աղբյուրներ հայտնել են, որ Սև ծովի նավահանգիստներ մեկնող ռուսական նավերի ապահովագրությունը Ռուսաստանին ամեն օր արժենում է տասնյակ հազարավոր դոլարների պրեմիալներ։
Նշվում է, որ վերջին օրերին Սև ծովում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով ապահովագրական դրույքաչափն աճել է։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը Reuters-ին ասել է, որ օպերատորները օրական 10,000 դոլարով ավելի են պահանջում ռուսական ապրանքների տեղափոխման համար, քան Բուլղարիայից և Ռումինիայից ապրանքների նմանատիպ բեռնափոխադրումների համար։
Ռուսաստանի հացահատիկ արտահանողների միության ղեկավար Էդուարդ Զերնինը գործակալությանը հայտնել է, որ բեռնափոխադրումների և ապահովագրության ծախսերի աճը կարող է հանգեցնել գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային գների բարձրացման։ Երկու անանուն աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ Սև ծովում էսկալացիան, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Ռուսաստանից հացահատիկի արտահանման նվազմանը։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը Reuters-ին հայտնել է, որ 2023/24 սեզոնին կանխատեսում է ռուսական հացահատիկի արտահանման 8% անկում՝ նախորդ սեզոնի համեմատ։ Զերնինը կանխատեսում է արտահանման անկում 44-45 մլն տոննայով։
Reuters-ը, հղում անելով VesselsValue-ին, նշել է, որ շատ ռուսական չոր բեռնատար նավերի տարիքը (շահագործվող 31-ից) ավելի քան 30 տարեկան է, ինչը դժվարացնում է որոշ նավահանգիստների մուտքը, որտեղ պահանջները խստացվում են՝ կախված նավի տարիքից։