Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 221505 articles
Browse latest View live

ՄԻ պաշտպանը պարզաբանում է տարածել «Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի հետ կապված հայտարարության մասին

$
0
0

Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի՝ ««Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ հրապարակման՝ ՄԻՊ աշխատակազմը տեղեկացրել է, որ հասարակության կողմից թյուրըմբռնում առաջացրած «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է»
արտահայտությունը տեքստի չորրորդ պարբերությունից հանվել է։

Ըստ աշխատակազմի՝ նկատի առնվել այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը «կարևորում է տեղեկատվության փոխանցման այնպիսի մեթոդաբանությունը, որը չի ձևավորի զգայուն թեմաների առնչությամբ թյուրըմբռնում»:

«Պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ իրացումը հավասար հիմունքներով։ Այդ հանգամանքը բազմիցս արձանագրվել է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այնպես էլ նշված դեպքի կապակցությամբ Պաշտպանի կողմից տարածված հաղորդագրություններում: Մատչելիության սկզբունքն, ինքնին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար հավասար հնարավորությունների ապահովման ու խտրականության բացառման նպատակ է հետապնդում։

Որպես կոնվենցիոն ընդհանուր ու հիմնարար սկզբունք՝ մատչելիության սկզբունքից բխում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, հանրությանը մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատչելիությունը՝ երաշխավորելով դրանց արդյունավետ ու հավասար հիմունքներով հասանելիությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգանքը։ Մատչելիության մերժումը խտրականության դրսևորում է։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդծում է, որ պետությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: Այդ նպատակով պետությունը պետք է իրացնի համապատասխան կառուցակարգեր, որպիսի հարցերը բազմիցս ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ավելին, միջադեպն ազդակ է հանդիսացել Պաշտպանի կողմից իրավասու մարմիններին խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և այդ առնչությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու պահանջով դիմելու համար:

Ընդ որում, վերը նշված չափանիշների պահպանումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին:

Ինչ վերաբերում է նախորդ հաղորդագրության շրջանակներում օգտագործված «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» ձևակերպմանը, հարկ ենք համարում արձանագրել, որ այն օգտագործվել է ոչ թե ընդհանրապես մատչելիության խնդիրները խտրականության արգելքի սկզբունքից դուրս դիտարկելու, այլ կոնկրետ անձանց նկատմամբ ընկերության աշխատակիցների վերաբերմունքը մատնանշելու նպատակով՝ նկատի ունենալով սույն միջադեպի հանգամանքները և այդ առնչությամբ տարածվող տարատեսակ հրապարակումները:

Շնորհակալություն ենք հայտնում թյուրըմբռնման մասին բարձրաձայնած բոլոր գործընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Նիգերի ապստամբները մերժել են ECOWAS-ի, ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության պատվիրակությունների մուտքը երկիր

$
0
0

Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած զինվորականները հրաժարվել են թույլ տալ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS), ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության ներկայացուցիչների մուտքը երկիր: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն, գրել է ТАСС-ը։

Սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, նաև տեղեկացրել է, որ Հայրենիքի փրկության ազգային խորհուրդը, որը ստեղծվել է ապստամբների կողմից երկիրը կառավարելու համար, մերժել է ECOWAS պատվիրակության մուտքը Նիգեր։ Ինչո՞վ է պայմանավորված արգելքը, հայտնի չէ։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և Բելառուսի դեմ

$
0
0

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Սահմանափակումները վերաբերում են նաև Իրանին ու Բելառուսին։

Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիի հայտարարությանը։

Արտաքին գործերի նախարարը հայտարարել է 25 նոր պատժամիջոցների մասին, որոնք կիրառվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օտարերկրյա ռազմական տեխնիկայի հասանելիության դեմ։

Որոշ անհատներ ու ձեռնարկություններ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, Ռուսաստանից դուրս են։

Ուկրաինայի զինված ուժերը մեծ կորուստների պատճառով ճակատից դուրս են բերել Արևմուտքի վարժեցված բրիգադը․ NYT

$
0
0

Հակահարձակման ընթացքում մեծ կորուստների պատճառով Ուկրիաինայի ռազմական հրամանատարությունը ստիպված է եղել ռազմաճակատից դուրս բերել Արևմուտքում վարժեցված բրիգադներից մեկը։ Այս մասին գրել է The New York Times թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի համար ամենաբարդ իրավիճակը զարգանում է Զապորոժիեի ուղղությամբ։

«Որոշ բրիգադներ մեծ կորուստներ ունեցան հակահարձակման մեկնարկային փուլերում այս ամառ՝ ամբողջ ուժով առաջխաղացման համար պայքարելով ռուսական ահռելի պաշտպանության դեմ: Առնվազն մեկ նոր բրիգադն այնքան է սպառվել սեփական կորուստների պատճառով, որ այն դուրս է բերվել մարտադաշտից՝ վերականգնելու համար»,- լրագրողներին ասել են պատերազմի գոտում կռվող ուկրաինացի զինվորները:

Նշվում է, որ բրիգադը լուրջ կորուստներ է կրել 2023 թվականի հունիսի սկզբին՝ հայտնվելով ականապատ դաշտերում, ռուսական հրետանու և ավիացիայի կրակի տակ։

Ըստ NYT-ի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում 9 ուկրաինական բրիգադ՝ ընդհանուր 36,000 մարդ, վերապատրաստվել է Արևմուտքում և 4-6 շաբաթ ուսուցում անցել համակցված սպառազինության և «սինխրոն պատերազմի» վերաբերյալ:

Լրագրողները նշել են, որ ուկրաինական նոր բրիգադները՝ պատրաստված և հագեցած ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, նույնիսկ արտաքնապես տարբերվում են ուկրաինական մյուս ստորաբաժանումներից։ «Այս ծովայինները այժմ զինված են ամերիկյան M4 գրոհային հրացաններով ու երթևեկում են Hummer-ներով», - ասել է NYT աղբյուրը:

Ըստ NYT-ի՝ առաջնագծում ուկրաինացի զինվորները հրամանատարներին մեղադրում են «նորակոչիկներին մարտի ուղարկելու և հակահարձակման առաջնագծում չստուգված ստորաբաժանումներ օգտագործելու համար»:

Ջրափրկարարները քաղաքացիներին մոտորանավակով դուրս են բերել ափ

$
0
0

Օգոստոսի 8-ին, ժամը 16:44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու, ովքեր չեն կարողանում վերադառնալ ափ: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Ջրափրկարարները քաղաքացիներին մոտորանավակով դուրս են բերել ափ:

Հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև. Արցախի նախագահի ուղերձը (տեսանյութ)

$
0
0

Հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։ Այս մասին միջազգային հանրությանն ուղղված ուղերձում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրեբջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքներ նման բանակցություններում Արցախի մասնակցությոնը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցությունների Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում»,- ընդգծեց նա։

Հարությունյանը նշեց, որ բանակցությունների արդյունավետության և լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետևեն միջազգային իարվունքի նորմերին։ «Ընդորում, ինչպես բուն հակամարտությանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման համար հնարավոր հետևանքները պետք է համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ և անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- հավելեց նա։

Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։

Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

$
0
0

Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է առաքելությունը։ 

«Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցից հետո դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկությանը՝ գետնի վրա զարգացումներին ծանոթանալու համար»,- նշված է հրապարակման մեջ։

Հայկ Մարությանն ընտրություններին մասնակցում է որպես սև՞, թե՞ սպիտակ․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)

$
0
0

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն այս անգամ ընտրություններին  մասնակցում է որպես սև՞, թե՞ սպիտակ, նրան նախ այս հարցը պետք է ուղղել։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին Հայկ Մարությանի մասնակցությանը։

Քաղաքական գործիչը հիշեցնում է, որ ժամանակին Հայկ Մարությանը «հասարակությունը պառակտողներից մեկն էր»։

Երվանդ Թարվերդյանը նախկին քաղաքապետին «լավ է ճանաչում»։

Նրա խոսքով՝ հումորային դերասան Մարությանը պատահական է հայտնվել քաղաքական հարթակում։

«Մի շրջանում Նիկոլ Փաշինյանի ուսուպարկը կարող էր դառնալ քաղաքապետ։ Հայկ Մարությունն էլ դարձավ քաղաքապետ, նա չի դարձել, շախմատային լեզվով ասած, Փաշինյանն ինչ-որ մի զինվորիկ է դրել այնտեղ։ Թող նա ինձ ների, բայց իր կառավարման օրոք բոլորը նրանից դժգոհ են եղել։ Հայկ Մարությանը երևանցի, լավ, «սիմպատիչնի» տղա է, բայց նրա կառավարման ունակությունները գնահատում եմ բավարարից ցածր»,- նշեց Թարվերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Max-ը հրապարակել է «Քիմն ընդդեմ Քանյեի. Ամուսնալուծությունը» վավերագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

$
0
0

Max հոսքային ծառայությունը հրապարակել է «Քիմն ընդդեմ Քանյեի. Ամուսնալուծությունը» (Kim vs. Kanye: The Divorce) 2 մասից բաղկացած վավերագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

Ֆիլմում նկարագրվում է հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնալուծության ինսայդերական պատմությունը, որը բացահայտվել է ներգրավված փաստաբանների և զույգի ընկերների կողմից:

Երկու տեսանկյուններից էլ խոսվում է այն մասին, թե ինչու էր Քանյեն պայքարում ամուսնությունը փրկելու համար, բայց ինչու էր Քիմն ուզում վերջ տալ դրան:

Դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը փոփոխելու մասին միջնորդագրերը

$
0
0

ՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր են ներկայացրել մշակութային գործիչներ, մարզիկներ ու բժիշկներ, որոնք հորդորել են կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։

Դատախազության մամուլի ծառայությունը նշել է, որ միջնորդությունը ստացել է, քննարկելուց հետո արդյունքների մասին կհայտարարվի։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ուղղված անտառային հրդեհների կանխարգելմանը

$
0
0

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Նիստին մասնակցում էին Փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Բացման խոսքով հանդես եկավ աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ.Ցուցուլյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին, խմբի ղեկավարը բաց քննարկման, ինչպես նաև գործնական և իրատեսական առաջարկություններ և լուծումներ ներկայացնելու կոչ արեց:

ՓԾ տնօրենը նշեց, որ ըստ արտակարգ դեպքերի, պատահարների վերջին տարիների վիճակագրության զգալիորեն աճ է գրանցվել անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների մասնաբաժնում: Տնօրենն առաջարկեց կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընդգրկել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կամավորական փրկարարական կազմավորումների ուժերն ու միջոցները:

Կ.Ցուցուլյանը կանխարգելիչ միջոցառումների շարքում կարևորեց հրդեհների առաջացման սկզբնական փուլում արագ արձագանքման կազմակերպման նպատակով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում կամավորական հրշեջ հենակետերի հիմնումը:

Ներկայումս, անտառամերձ հատվածներում և բնակավայրերում, հանգստյան գոտիներում պարբերաբար իրականացվում են շրջայցեր, հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, այդ թվում նաև ԱԹՍ-ներով, իսկ որոշ հատվածներում, կախված եղանակային պայմաններից, սահմանվում են հերթապահություններ։

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կ․Ցուցուլյանն առաջարկեց աշխատանքներ տանել ըստ հետևյալ ուղղությունների, մասնավորապես, ճանապարհամերձ և ավելի խիտ խոտածածկ տարածքներում չոր խոտերի հնձում, չորացած ճյուղերի էտում և տարածքից հեռացում, անջրպետների ստեղծում, հանգստյան գոտիներում, զբոսաշրջության երթուղիներում տեղադրել հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ, հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, անտառային տարածքներում ջրառի համար նախատեսել ջրավազաններ ու ջրաղբյուրներ, հրդեհավտանգ ժամանակահատվածում անտառային տարածքներում իրականացնել շուրջօրյա հերթապահություն և այլն:

Նիստի ընթացքում մասնակիցներն իրենց հերթին հանդես եկան մի շարք առաջարկություններով:

Հանրային իրազեկման նպատակով առաջարկվեց կազմակերպել տեղեկատվական արշավներ, պատրաստել պարզ և ընկալման համար մատչելի տեսահոլովակներ և ապահովել դրանց տարածումը սոցիալական և պաշտոնական կայքերում, հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև իրականացնել լայնածավալ իրազեկման աշխատանքներ հակահրդեհային վարքականոնների վերաբերյալ։

Նիստի ավարտին աշխատանքային խումբը որոշեց անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ ձևավորել մարզային աշխատանքային ենթախմբեր, որոնք տեղերում կիրականացնեն ուսումնասիրություններ, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

$
0
0

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստներին։

Ընդհանուր առմամբ, ՌՖՄ-ն յուրաքանչյուր դիրքի համար առանձնացրել է երեք լավագույն խաղացողների։

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ևս ընդգրկվել է այս ցուցակում։

Նա ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն ձախ կենտրոնական կիսապաշտպան։

Ադրբեջանը սովն օգտագործում է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ քաղաքական գործիք. Էդմոն Մարուքյան

$
0
0

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովի՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցին, որում ադրբեջանցի պաշտոնյան խոսել է Արցախի մասին։

«Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքն ու սովի զենքն օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

«Մենք վերահաստատում ենք մեր պահանջը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի զենք դարձրած սովը որպես քաղաքական գործիք օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու նրանց ընդունել իրենց «պայմանները», որը հանցագործություն է մարդկության դեմ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է․ ցուցարարներից կան բերման ենթարկվածներ

$
0
0

Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։ Ազատամարտիկները շարունակում են բողոքի կացիան։ Կան բերման ենթարկվածներ։ Նրանք մի պահ փակել էին կառավարության հարակից փողոցը։

Ընթացքում կրքերը թեժացան, ու ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։

Ավելի վաղ մի խումբ ազատամարտիկներ կրկին բողոքի ակցիա էին արել ու հայտնել, որ եթե մինչև 18:00 չբացվի Արցախի ճանապարհը, Կոռնիձորում մնացած հումանիտար օգնությունը չմտնի Արցախ, ապա Լաչինի ճանապարհն իրենք կբացեն:

Հարությունյանն Արցախի իրավիճակի հարցով առանձին-առանձին դիմել է տարբեր կողմերի

$
0
0

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձ է հղել և առանձին-առանձին դիմել է տարբեր կողմերի։

 

Հայաստանի Հանրապետությանը 

● հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետը որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձեւի ընդունման նպատակով,

● կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական եւ այլ հարթակներով ակտիվորեն բարձրաձայնելու եւ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ,

● Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով

● միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում. որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ու ագրեսիվ գործողություններին,

 

Սփյուռքի մեր հայրենակիցներին

● հորդորում եմ համախմբել ջանքերը՝ իրենց բնակության երկրների իշխանությունների եւ հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ ու գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ,

● Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

● պահանջել կառավարություններից խստիվ դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ,

● պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպությունններից, զանգվածային լրատվամիջոցներից եւ այլ դերակատարներից ուղիղ իրավական որակումներ եւ քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին,

● պահանջել կառավարություններից քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով

 

Ռուսաստանի Դաշնությանը

● կարեւորելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում՝ վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիայի Հանրապետությանը

● վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված եւ միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու եւ Լաչինի միջանցքի անխափան գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,

● կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների եւ վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին,

● լիահույս եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետևողականություն կցուցաբերեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված բանակցային մեխանիզմը վերագործակելու ուղղությամբ,

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին

● հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձեւ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ վերականգնել վերջինիս գործառնությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման,

● միաժամանակ հիշեցնում եմ, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն յուրաքանչյուր պետության համընդհանուր (erga omnes) պարտավորությունն է, այլև միջազգային հանրության հավաքական պատասխանատվությունը,

 

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին

● հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն եւ գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը,

● կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին եւ այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական եւ իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,

● առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմի ձեւավորման գործընթացում,

 

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին

● հորդորում եմ գործարկել իր մանդատի ներքո վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ դրանով իսկ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և, նրա միջոցով, Անվտանգության խորհրդին,

● գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետություն փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետեւանքները,

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին

● պահանջում եմ իրենց մանդատի շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին եւ այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների խորացող ճգնաժամի վերաբերյալ,

 

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ որպես Արցախում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը

● հորդորում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին կոպիտ խախտումներով Ադրբեջանի գործողությունների մասին,

 

Եվրոպայի Խորհրդին

● հորդորում եմ գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը,

● վճռականորեն կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բացահայտ եւ կոպիտ խախտումների դեմ՝ այդ թվում դիտարկելով նման անդամ պետության հեռացումը կազմակերպությունից,

 

Եվրոպական Միությանը

● կոչ եմ անում օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով,

● Հորդորում եմ հավատարիմ մնալ Եվրոպական Միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից,

 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային այլ դերակատարներին

● հորդորում եմ ակտիվորեն ներգրավվել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների զանգվածային եւ համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին՝ տալով հստակ իրավական որակումներ եւ պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ,

 

Միջազգային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին

● ընդգծելով անկախ լրատվամիջոցների անփոխարինելի դերը զանգվածային հանցագործություննների մասին բարձրաձայնելու և դրանք կանխարգելելու գործում, հորդորում եմ, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, խախտել անընդունելի լռությունը եւ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել միջազգային հանրությանն Արցախում տեղի ունեցող զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանով իսկ փորձելով կոտրել անարդարության եւ անպատժելիության արատավոր շղթան:

 

Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում՝ խնդրում եմ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի վրա միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ՝ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները, արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու են նորանոր հանցագործություններ՝ միգուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ:

Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անհապաղ կերպով գործել և կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանությունը, քանի դեռ լրիվ ուշ չէ:


Ծավ գյուղում բուսածածկ տարածք է այրվել

$
0
0

Օգոստոսի 8-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծավ գյուղում այրվում է բուսածածկ տարածք: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է 18:03-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ազատամարտիկները սպասում են մեքենաների և հավելյալ մարդկանց՝ Լաչինի միջանցքի մոտակա հատված մեկնելու համար

$
0
0

Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում, սպասում են մեքենաների՝ Կոռնիձոր մեկնելու համար։

«Մենք միանգամից շարժվում ենք Կոռնիձոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Հիմա մի քիչ էլ կսպասենք։ Էլի մարդկանց ենք սպասում։ Բոլորը կգան, ավելի կշատանանք, նոր կշարժվենք»,- ասաց նա։

Նրանք ցերեկն էլ էին ակցիա իրականացրել։ Պողոսյանը հայտարարել էր, որ եթե մինչև 18։00-ն Լաչինի միջանցքը չբացվի Արցախ հումանիտար բեռների տեղափոխման համար, ապա իրենք մեկնելու են Կոռնիձորի սահմանային հատված և իրենց ուժերով բացեն ճանապարհը։

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը Լեռնային Ղարաբաղում արդար խաղաղության կոչ է անում

$
0
0

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC) աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի կոչին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և կոչ է անում ներգրավված կողմերին ձգտել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատմանը: Այս մասին գրել է «Արմենպրեսը»։

WCRC-ն նկատում է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում Լաչինի միջանցքով իրականացվող բեռնափոխադրումները էլ ավելի սահմանափակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը հունիսի 15-ին ամբողջությամբ փակեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախին) կապող ճանապարհը, ինչը հանգեցրեց աճող հումանիտար ճգնաժամի։

««Համաշխարհային քաղաքականությունը, տարածաշրջանային դինամիկան և կուսակցական դաշինքները հաճախ մթության մեջ են թողնում որոշ ճգնաժամեր և կենտրոնանում միայն դրանցից մի քանիսի վրա: Արցախում ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ ուշադրություն և հանգուցալուծում, որը դուրս կլինի արգելափակված կյանքի ճանապարհի բացման շրջանակից և կհանգեցնի արդարության ու հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է Մերձավոր Արևելքում հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի պաշտոնակատար Փոլ Հայդոսթյանը:

«Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը», - ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հուլիսի 25-ի հայտարարության մեջ: «Մրգերը, բանջարեղենը և հացը օրըստօրե պակասում և թանկանում են, մինչդեռ այլ սննդամթերքները, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, հասանելի չեն»:

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն ու Հայաստանը «երկար տարիներ ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում», որտեղ էթնիկ հայկական տարածքը գտնվում է Ադրբեջանի սահմաններում:

«Հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը այդքան էլ արդյունավետ չէին, և 2020թ. երկու կողմերի միջև նոր պատերազմ սկսվեց, որը տևեց վեց շաբաթ մինչև կնքվեց զինադադար Ռուսաստանի միջնորդությամբ, ինչի արդյունքում Հայաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի որոշ մասեր և հարակից յոթ շրջաններ», - զեկուցում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը: «Հայկական վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը հետ վերցրեց ճանապարհը շրջապատող տարածքները, և ըստ զինադադարի համաձայնագրի` ռուս խաղաղապահները կվերահսկեն և կապահովեն ճանապարհի անվտանգությունը»։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համար, նպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է անմեղ մարդկանց առողջությունն ու կյանքը որպես քաղաքական լծակ օգտագործելու մարտավարությունը և կոչ է անում իր անդամներին հանդես գալ շրջափակման վերացման և անկեղծ բանակցությունների օգտին՝ արդար և տևական խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

$
0
0

Հայաստանը գնահատում է ԵՄ քաղաքացիների թիրախային ձայնը, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

«Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը՝ տեղադրելով եվրոպական տարբեր կառույցների հայտարարություններից հատվածներ։

Ամիրյան փողոցի շենքի տանիքում «1 ԲԻՍ» բարդության հրդեհ է բռնկվել

$
0
0

Օգոստոսի 8-ին, ժամը 18:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքի տանիքում։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19:17-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Viewing all 221505 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>