ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարությունը որքան էլ ողջունելի էր նույնքան էլ սպասելի էր, որ Ադրբեջանում այն ծափահարություններով չէր ընդունվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում առաջին գծում ստեղծված իրավիճակը Անջեյ Կասպրշիկի հայտարարության համատեքստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նովրուզի ու Սուրբ Զատկի տոներին ընդառաջ հայտարարեց, որ «կոչ է անում կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և շփման գծում ու սահմանին խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կհանգեցնեն լարվածության աճի»: Այս պահին արդեն հայտնի է, որ հայկական կողմում 2 քաղաքացիական վիրավոր կա:
«Սակայն եթե նախորդ դեպքերում, Ադրբեջանը դրան լռությամբ կամ «սառը համաձայնությամբ» էր արձագանքում, ապա այս անգամ Ադրբեջանը նախագահի շուրթերով ուղիղ տեքստով հայտարարեց, որ չի պատրաստվում դրական արձագանքել Կասպրշիկի կոչին»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ միանշանակ սպասելի էր, որ իրավիճակը սահմանին կլարվի: «Բացի նրանից, որ Ադրբեջանը որպես կանոն նմանատիպ օրերին առավել ակտիվ է սահմանագծին, Ադրբեջանի նախագահի հրապարակային արձագանքը ԵԱՀԿ կոչին, ինչպես նաև՝ համանախագահների գործունեության վերաբերյալ անվստահություն արտահայտող հայտարարությունները պարզորոշ կերպով ցույց էի տալիս, որ Ադրբեջանը չէր պատրաստում խուսափել այնպիսի քայլերից, որոնք իրավիճակը կսրեին առաջնագծում»,-ասաց նա:
Հարցին, թե որն է նման դեպքերում, իրավիճակը լիցքաթափելու միջոցը, քաղաքագետն ասաց. «Միջազգային հանրության կոչերն ու հայտարարությունները ինչպես նկատում եք էական դեր չեն խաղում իրավիճակի լիցքաթափման հարցում: Հանուն արդարության պետք է նշել, որ այն ջանքերը, որոնք ուղղվում են Ադրբեջանին սադրանքներից զերծ պահելուն, բավարար արդյունքների չեն հանգեցնում: Հակառակորդի ակտիվությունը զսպելուն-ճնշելուն ուղղված բանակի համապատասխան ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացնում, որի հետևանքներն իհարկե ոչ ամբողջական, սակայն տեղ են գտնում նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցների էջերում»: