Մուսուլմանները լուրջ խնդիր են ԱՄՆ-ի անվտանգության համար, ինչի համար նրանց մուտքն այդ երկրի տարածք պետք է սահմանափակվի: Նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հազարավոր մուսուլմաններ մտնում են մեր երկիր, իսկ մենք պատկերացում անգամ չունենք` ովքեր են նրանք: Դա մեծ խնդիր է մեր անվտանգության համար»,- ասել է Թրամփը` կողմ արտահայտվելով մուսուլմանների համար սահմանների ժամանակավոր փակմանը:
Նա նաև նշել է, որ ամերիկացիները «պետք է պահպանեն զգոնությունը», և հերթական անգամ կոչ է արել ուժեղացնել մզկիթների և մուսուլմանական համայնքների նկատմամբ հսկողությունը:
Թրամփը հայտարարել է, որ պետք է մի կողմ թողնել «քաղաքական կոռեկտության նորմերը», երբ խոսքը մուսուլմանների գործած հանցագործությունների մասին է:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Թրամփը կոչ է անում փակել սահմանները մուսուլմանների համար։